Գործարար Աշոտ Փարսյանը ճանապարհորդությունների մեծ սիրահար է ու արդեն բազմաթիվ երկրներում է հասցրել լինել: Նրան, սովորաբար, գրավում են այն երկրները, որտեղ զբոսաշրջիկներն այնքան էլ շատ չեն լինում, եւ հնարավոր է սեփական բացահայտումներն ու փորձառությունը ձեռք բերել: Այս անգամ 9 օրով այցելել է Հյուսիսային Կորեա, որի մանրամասները պատմել է BRAVO.am-ին:
Տարբերվող երկրները եւ վինտաժային ինքնաթիռը
Հայերից առաջիններից կամ, հավանաբար, միակ մարդն եմ, ով եղել է Սաուդյան Արաբիայի Մեքքա և Մեդինա փակ քաղաքներում ու մասնակցել մահմեդականների ծեսին՝ Ումրային: Այցելել եմ Կարիբյան ծովում գտնվող Սենթ Վինսենթ եւ Գրենադիններ փոքր կղզիներ, որտեղ հասնելն այնքան էլ հեշտ չէ ու հնարավոր է միայն նավով: Լազուր ծովով կուսական ափ էր, որտեղ զբոսաշրջիկներ չկային ու հնարավոր էր կրիաների հետ լողալ մարդկանց կողմից չապականված բնության գրկում: Այնտեղ աննկարագրելի զգացողություններ ունեցա:
Ու երբ եկավ նոր երկիր մեկնելու ժամանակը, ընտրությունս կանգ առավ Հյուսիսային Կորեայի վրա, որտեղ տարիներ շարունակ ցանկացել եմ այցելել ու սեփական փորձով համոզվել՝ եղած միֆերը որքանով են համապատասխանում իրականությանը:
Մեկնելու հետ կապված որոշակի դժվարություններ կան. թույլատրվում է միայն Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողներին, ինքս էլ ռուսական անձնագրով եմ մեկնել: Դիմեցի Հյուսիսային Կորեայի դեսպանատուն, որն ինձ տրամադրեց իրենց երկիր այցելություններ կազմակերպող գործակալության տվյալները: Ինքնուրույն տոմս գնել ու մեկնել չես կարող:
Թռել եմ Վլադիվոստոկ, որտեղից էլ խմբով ուղեւորվել ենք Հյուսիսային Կորեա։ Տպավորությունները սկսվեցին հենց վինտաժային ինքնաթիռից, որում մարդիկ չվերթի ընթացքում նույնիսկ ծխում էին։ Մինչեւ վերջ վստահ չէի, որ նորմալ վայրէջք կկատարենք։ Խմբի մյուս անդամներն այնտեղ մնացին երկուսուկես օր, իսկ ինձ համար դա շատ քիչ էր, ու որպեսզի հասցնեմ երկրին ավելի շատ ծանոթանալ, մնացի 9 օր:
«Նույնիսկ մատով չեն դիպչում»
Հյուսիսային Կորեայի մասին շատ տեղեկություններ ստանում ենք արեւմտյան քարոզչության միջոցով, որոնցում, սովորաբար, փնովում ու վատաբանում են երկիրը, եւ արդյունքում չես հասկանում, թե այն իրենից ինչ է ներկայացնում: Սակայն Հյուսիսային Կորեա այցելելուց հետո էլ շատ միֆեր ինձ համար չբացահայտվեցին, քանի որ քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները չես ստանում. Տեղացիների հետ անմիջականորեն խոսել թույլ չեն տալիս, եւ շփումը հիմնականում լինում է զբոսավարի միջոցով: Ցանկացած տեղեկության փոխանցում խստորեն վերահսկվում է, դրա համար էլ շատ հանելուկներ մնացին չգուշակված:
Посмотреть эту публикацию в Instagram
Զբոսաշրջիկներին 24 ժամ ուղեկցում են ու արգելում հյուրանոցից ինքնուրույն դուրս գալ: Նախկինում համարում էի, որ նման տեղեկությունները չափազանցված են, բայց համոզվեցի, որ բացարձակ ճշմարտություն են: Այդ արգելքը եւ մշտական հսկողությունը պարզաբանում են անվտանգության կանոններով, բայց այնտեղ քեզ ընդհանրապես վտանգ չի սպառնում: Մարդիկ այնքան կարգապահ ու օրենքից վախեցած են, որ արտասահմանցիներին նույնիսկ մատով չեն դիպչում:
«Իրավիճակի՝ բեմադրված լինելու զգացողությունն ինձ չէր լքում»
Իրականում տեղացիները մարդամոտ են ու պատրաստակամ օգնելու, ինձ հանդիպած մարդիկ սրտաբաց էին, պարզապես սահմանափակումների պատճառով չէին կարող ազատ շփվել: Այլապես նրանց համար խնդիրներ կառաջանային ու կարող էին նույնիսկ աշխատանքային գաղութում հայտնվել։ Հյուսիսային Կորեայում բանտեր չկան, փոխարենը մարդկանց սեւագործ ու ծանր աշխատանքներով են պատժում:
Խնդրել էի ինձ խանութ տանել, որտեղ ամեն ինչ ասես բեմադրված լիներ՝ շուրջս ոչ իրական գնորդներ էին, որոնց բերել էին այդ ժամին այնտեղ լինելու համար: Վստահությամբ չեմ կարող պնդել, որ ամեն ինչ նախապես պլանավորված էր, բայց այդ զգացողությունն ինձ չէր լքում:
Կարողացա սովորական մի քանի խանութում էլ լինել ու տեսնել, թե իրենց քաղաքացիներն ինչպես են գնումներ անում: Շուկայում հիմնականում չինական ապրանքներ են, կան նաեւ ճապոնականներն ու ռուսականները: Բայց ասում են, որ Փհենյանից դուրս պատկերն այդ առումով բավական տխուր է, ու ամեն ինչ չէ, որ կա: Ես քաղաքից դուրս միայն մեկ վայրում եմ եղել, այն էլ առանձնացված հյուրանոց էր, ու նորից մարդկանց հետ չեմ շփվել:
Ամեն ինչ անում էին, որ հանրության հետ չհաղորդակցվեմ եւ տեսնեմ առավելագույն գեղեցիկ վայրերը՝ լավ փողոցները եւ ռեստորանները: Մի անգամ փողոցով քայլելիս խնդրեցի մեկ ուրիշով շարունակել մեր ընթացքը, բայց թույլ չտվեցին, քանի որ կարող էի չնախատեսված որեւէ բանի ականատես լինել: Նույնիսկ փոքրիկ վեճ առաջացավ, բայց զբոսավարներին խղճացի ու չցանկացա նրանց ճակատագրի հետ խաղալ:
«Ուրիշ կյանքի ծանոթ չեն»
Հյուսիսային Կորեայում զուգահեռներ էի տանում տարբեր իրականությունների միջեւ ու հասկացա, որ մարդիկ ուրիշ կյանքի ծանոթ չեն ու չգիտեն այն ինչի հետ համեմատել: Համարում են, որ ապահով կյանքով են ապրում, երկրի ղեկավարը աստվածների աստվածն է եւ իրենց ամեն առումով ապահովում է, հավատում են, որ առանց ներկայիս իշխանության ամերիկացիները ռումբ կգցեն ու բոլորին կսպանեն:
Փողոցում երբեք սպանություն չեն տեսել, շատ երկրների համար արհավիրք դարձած խնդիրներից լրիվ զերծ են, երբ, օրինակ, տրանսգենդերների մասին պատմեցի, ծիծաղեցին ու համարեցին, որ նման բան լինել չի կարող եւ պարզապես զառանցում եմ: Այլ շատ բաների մասին եւս պատկերացում ու գաղափար չունեն, չգիտեն արեւմտյան երաժշտության կամ այլ ժանրերի մասին, եւ առհասարակ, թե աշխարհում ինչ է կատարվում: Ինտերնետն արգելված է, բայց ներքին ցանց կա, որտեղ միայն պետության կողմից հաստատված կայքեր են գործում ու իրենց քարոզչությունն իրականացնում: Գուգլում որեւէ բան փնտրել կամ միջազգային զանգեր անել չեն կարող, արտաքին աշխարհից լրիվ իզոլացված են:
Այնպես ստացվեց, որ մոտ 2-3 օր առանց համացանցի էի մնացել, լուրեր չէի կարդում, ֆեսյբուքյան աղբից ու համաշխարհային լուրերից տեղյակ չէի, այնքան երջանիկ էի ինձ զգում: Մտածեցի, թե ինչո՞ւ ենք այդ մարդկանց ծաղրում ու խղճում, մեկն էլ լինի՝ մեզ խղճա. օրերով աղբի հետ ենք շփվում, սթրեսի ու դեպրեսիայի մեջ ապրում: Նկատեցի, թե համերգի ժամանակ բոլորն ուշադրությամբ ինչպես էին լսում ու ծափահարում, մեզ մոտ նման կերպ չէին վայելի: Ճարպակալած ու փողոցում փող մուրացող մարդկանց չտեսա, թեեւ սնունդը վատն է, բայց ավելի առողջ են:
Անգլերեն իմացող երեխաների էի հանդիպել ու զարմացել, թե ինչպես են սովորել, եթե երբեք որեւէ մեկի հետ չեն շփվել: Մարդիկ մրջյունների պես եռանդուն ու շատ աշխատասեր են, միայն մեկ օր են հանգստանում, այն էլ ծախսում են շաբաթօրյակների ու մաքրության վրա, իսկ ընդմիջումներին վոլեյբոլ կամ բասկետբոլ են խաղում: Շատ տաղանդաշատ, շնորհալի մարդկանց եւ արվեստի լավ գործեր տեսա այնտեղ:
Այդ օրերի ընթացքում նույնիսկ ես քարոզչության զոհ դարձա ու մի պահ ինձ բռնացրի այն մտքի վրա, որ սկսել եմ դրական կողմեր գտնել: Բա էլ ի՞նչ կարող ենք ասել այն մարդկանց մասին, որոնք ծնվել ու մեծացել են նման միջավայրում:
Ամբողջ կյանքում ազատությունն ինձ համար ամենամեծ հարստությունն է եղել, դրա համար էլ վերջին օրերին էլ չէի դիմանում. մշտական հետապնդումներն ու պահանջներն ազդում էին վրաս:
«Կատակներիցս զբոսավարներն իրար խառնվեցին»
Վախեր կամ մտահոգություններ ուղեւորության ընթացքում չեմ ունեցել: Եթե հարգանքով ես վերաբերվում երկրին ու ղեկավարներին, քեզ հետ ոչինչ տեղի չի ունենա: Իրենք էլ քեզ են բավական հարգալից վերաբերվում եւ ցանկանում տպավորություններով հեռանաս:
Մեզ իրենց առաջնորդների՝ Կիմ Իր Սենի եւ Կիմ Ջոնգ Իլի սրբավայր համարվող արձանների մոտ ուղեկցելուց առաջ տեղեկացրին, որ պարտադիր պետք է խոնարհվել, եթե պատրաստ չենք, չարժե գնալ: Բայց քանի որ մեզ համար սկզբունքային չէր, որոշեցինք ամեն դեպքում այցելել: Պետք էր կոկիկ հագնված լինել, մոտենալ առանց ծամածռությունների, բարձր խոսելու կամ ծիծաղելու:
Հյուսիսային Կորեայում ավելի մեծ պաշտամունք կա Կիմ Չեն Ընի պապի ու հոր նկատմամբ, քան՝ իր: Ամբողջ քաղաքում նրանց պատկերներն ու արձաններն են, սեփականը թույլ չի տալիս տեղադրել, քանի որ իրեն համեստ մարդ է համարում ու դրա կարիքը չունի: Նրա հասցեին բացասական ոչ մի բան չեմ լսել, մի երկու կատակ արեցի, զբոսավարներն իրար խառնվեցին, բայց ըմբռնումով մոտեցան: Դեպքեր պատմեցին, որ նրան հեռվից տեսնելիս մեծ երջանկություն են ապրել եւ նույնիսկ արտասվել:
Որոշ տեղեր քովիդից հետո փակել էին, դրանց թվում էր նաեւ Հարավային Կորեայի հետ սահմանը: Այցելել պատմական Կեսոն քաղաք եւս չթույլատրեցին՝ պատճառաբանելով, որ ճանապարհները վերանորոգում են: Դամբարաններ մտնել եւս չկարողացա: Իրականում Հյուսիսային Կորեայից սպասելիքներս ավելին էին ու շատ բան չեմ կարողացել տեսնել:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Աշոտ Փարսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: