Պարուսույց, «Արայի դանս շոու»-ի եւ «Դեմք շոու»-ի հիմնադիր Կարո Կիրակոսյանը ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի հայրն է ու նրա մի քանի ֆիլմերի պրոդյուսերը։ Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է առաջացել շատ սիրելի ու ժողովրդական դարձած «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի ստեղծման գաղափարն ու ինչպիսին էր նկարահանումների ընթացքը:
Զավեշտալի միջադեպը
Գոռը Փասադենայի արվեստի կենտրոնն ավարտելու առիթով պետք է դիպլոմային աշխատանք ներկայացներ: Դրանից մեկ տարի առաջ Երեւան էի այցելել եւ իմ մտերիմ ընկերներից երգչուհի Նառա Վարդանյանը պատմել էր իրենց ընտանիքի հետ տեղի ունեցած մի զավեշտալի միջադեպ։ Մորաքրոջ ամուսնուն դիահերձարանից բերել էին տուն, մոտ կես օր լաց եղել, իսկ երբ Նառան գնացել էր ցավակցելու, հասկացել էր՝ հանգուցյալն իրենց փեսան չէ։ Այդ մասին հայտնել էր մորաքրոջը, սկզբում բոլորը զարմացել էին ու հետո գլխի ընկել, որ իրենց տանն ուրիշ մարդ է։ Դիահերձարան զանգահարելուց հետո պարզել էին՝ հանգուցյալներին սխալ հասցեներով են ուղարկել։ Պատմությունը լսելուց հետո այնքան ծիծաղեցի, որ մի երկու օր ուշքի չէի գալիս:
Կարո եւ Գոռ Կիրակոսյանները
Հետո այդ մասին Գոռին էլ պատմեցի ու առաջարկեցի ֆիլմ նկարել։ Նառային խնդրեցինք եւս մեկ անգամ ամեն ինչ մանրամասն պատմել, ու Գոռն այդ ամենն աուդիոժապավենի վրա ձայնագրեց, եւ մեր հարեւան Նեկտար Մարտիրոսյանին, որը բանասիրականն է ավարտել եւ բանաստեղծություններ էր գրում, հետն էլ՝ Երեւանից նոր եկել, առաջարկեցի Գոռի հետ համատեղ գրել սցենարը։ Վերջնական տեսքից հետո սցենարը որոշակի փոփոխությունների ենթարկեցինք եւ ուղարկեցինք, որ Հրանտ Թոխատյանը, Արթուր Ութմազյանը եւ Խանդիկն (Արմեն Խանդիկյան) էլ կարդան։ Բոլորը զանգահարում էին ու խոստովանում, թե որքան շատ են ծիծաղել։
Պատրաստի սցենարն ունեինք, բայց այն դեռ պետք էր նկարահանել, մի փոքր մտավախություն ունեի, թե Գոռն այդ ամենն ինչպես է կյանքի կոչելու։
Նախնական տարբերակները
Որոշեցի, որ մինչեւ բուն նկարահանումներին անցնելը, պետք է էսքիզներ ունենանք, եւ Գոռը խոստացավ պատմությունը կադրերով նկարել։ Կանչեց ճարտարապետականում սովորող ու շատ լավ նկարող իր ընկերոջը՝ Հակոբ Մուսայելյանին, եւ մի քանի ամսում աշխատանքն ավարտին հասցրին: Թեեւ հավանեցի, բայց այն ինձ լիովին չբավարարեց։
Գոռը սովորելուն զուգահեռ նաեւ երաժշտական հոլովակներ էր նկարում, ինչպես դրանք, այնպես էլ «Դեմք» շոուի համերգները մոնտաժում, եւ այդ գործում բավական հմտացել էր։ Դրա համար էլ նրա առաջ պայման դրեցի. «Եթե ցանկանում ես՝ այս տարի ֆիլմը նկարենք, պետք է սթորի բորդով 5-10 րոպեանոց ֆիլմ հավաքես, ու տեսնեմ, թե կադրերով ինչ կստացվի»։
Դա էլ արեց ու իր ձայնով արված երկխոսություններով մոտ 7 րոպեանոց ֆիլմ ներկայացրեց, որը հավանեցի եւ որոշեցի ֆիլմի նկարահանումները սկսել:
Սնահավատ հայերը
Երեւանում ընկերներիս տեղյակ պահեցի, որ պատրաստ լինեն՝ ժամանելու ենք ֆիլմը նկարահանելու։ Բոլորը պատասխանեցին. «Մտածելու ոչինչ չունես, արի, ամեն ինչով կաջակցենք»։ Ու վերջապես հասանք Երեւան։
Նկարահանման տաղավարում անհրաժեշտ բնակարանն ամբողջությամբ հավաքեցինք, իսկ ահա առանձնատան համար չէի մտահոգվում, քանի որ մտերիմ ընկերներիցս մեկը խոստացել էր իր ամառանոցը մեզ տրամադրել։ Բայց Երեւանում զգացի, որ նա խուսափում է ինձնից, հետո գլխի ընկա, որ Հայաստանում մարդիկ թաղման արարողությունների ու դագաղի հարցում սնահավատ են, վախենում են ու վատ նշան համարում։
Հասկացա՝ ընկերս չի ուզում, որ ֆիլմն իր ամառանոցում նկարենք, եւ որոշեցի ուրիշ տեղ գտնել։ Ինչքան ծանոթ ունեի, այդ մասին տեղեկացրի ու նշեցի, որ գլխավոր դերում Հրանտն է լինելու, հանգուցյալներին շփոթելու են եւ դրա շուրջ իրարանցում է սկսվելու։ Բոլորին այդ պատմությունը զավեշտալի էր թվում եւ համաձայնում էին, բայց երբ իմանում էին մյուս մանրամասներն ու տան դիմաց դագաղի կափարիչ դնելու անհրաժեշտությունը, խոսակցությունն ավարտվում էր։ Ավելի քան 30 տուն ենք նայել, բոլորից էլ մերժում ստացել «դագաղ» բառը լսելուց հետո։
Միհրան Կիրակոսյանի օգնությունը
Երբ 2005 թվականին սկսեցինք ֆիլմի նկարահանումները, փոքր որդիս՝ Միհրանը, արդեն քասթինգ էր անցել ու պատրաստվում էր Մադոննայի հետ համաշխարհային շրջագայության մեկնել։ Երեւանում էլ այդ մասին տեղյակ էին ու բազմաթիվ հրապարակումներ էին արել՝ նաեւ հիշատակելով, որ նրա ավագ եղբայր Գոռ Կիրակոսյանը Երեւանում ֆիլմ է նկարելու։ Մեզ հեռուստատեսային հարցազրույցի էին հրավիրել, այդ մասին էլ խոսել էինք։
Եվ ահա այնպես ստացվեց, որ Պոնչի՝ Վահագն Սիմոնյանի միջոցով մի առանձնատուն գտանք, որտեղ էլ ի վերջո նկարահանումներն արեցինք, բայց դրա հետ կապված էլ հետաքրքիր պատմություն կա։ Պարզվեց՝ այդ տան տատիկը մեկ տարի առաջ ծանր հիվանդ էր եղել ու ապաքինվել, սեփականատերերը դեմ չէին նկարահանումներին, բայց ցանկացան, որ տատիկն իր համաձայնությունը տա, քանի որ ի վերջո, մեկ շաբաթ շարունակ իրենց բակում էինք թաղման արարողությունը նկարելու։
Մի օր կոնյակով գնացինք տատիկի հետ ծանոթանալու, ամեն ինչ լավ անցավ, բայց օրեր շարունակ պատասխանի էինք սպասում, որը չկար ու չկար։ Օրերը հաջորդում էին իրար, ու նկարահանումներն արդեն սկսել էինք, ամեն ինչ պատրաստ էր, բացի առանձնատնից: Արդեն մտածում էինք՝ հերն էլ անիծած, դա էլ տաղավարով կստանանք, բայց մեր բախտն այնքանով բերեց, որ տատիկը թերթ կարդացող էր ու տեսել էր տղաների մասին լուրերը: Քանի որ մեզ էլ հանդիպել էր, հիշել էր դեմքերն ու ասել. «Թող այդ երեխան գա ու ֆիլմը նկարի»։
Գլխավոր հերոսի ընտրությունը
Գլխավոր հերոսի հետ կապված խնդիր էլ ունեինք։ Նկարահանվելու նախնական համաձայնություն էր տվել իմ ընկերներից լուսահոգի Ռաֆայել Քոթանջյանը, բայց հրաժարվեց:
Հետո նկարահանվելու պատրաստակամություն հայտնեց Ռուբեն Հարությունյանը, բայց նրա դեպքում էլ մտածեցինք, որ շատ գեր է, եւ տղաների համար դժվար կլինի դագաղով տանել-բերել։ Գիշերով գլուխ էինք ջարդում, թե ով կարող է հանգուցյալին մարմնավորել, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չէր համապատասխանում: Մեկ էլ հանկարծակի Հրանտն ասաց. «Ի՞նչ եք գլուխս արդուկում, ես էլ կխաղամ»։
Ու հիմա տեղին է, որ հետաքրքիր անցում կատարեմ ու մի պատմություն անեմ։ Երբ Գոռը փոքր էր, Հրանտը հաճախ էր գալիս ԱՄՆ եւ օրերով մեր տանն էր մնում։ Նա սիրում էր Գոռի հոգու հետ խաղալ եւ ասել. «Կինոռեժիսոր ես, հա՞, դառնալու, կոլեգա»: Մի անգամ էլ Գոռն այսպես արձագանքեց. «Հրանտ, որ ես ռեժիսոր դառնամ, իմ առաջին կինոյում կնկարվե՞ս»: Բնականաբար, Հրանտը խոստացավ, բոլորս ծիծաղեցինք ու այդ մասին հիշեցինք։ Եվ ահա անցան տարիներ, ու փաստորեն խոստումն ի կատար ածվեց։
Հրանտը այդ շրջանում բավական զբաղված էր՝ նկարահանվում էր «Մեր բակ 3»-ում եւ ներկայացումներ ուներ։ Բայց ավելացրեց. «Խոսք եմ, չէ՞, տվել, որ կնկարվեմ, կարո՞ղ եմ այդ հանգուցյալին մարմնավորել»։
Իրեն թվում էր՝ շատ հեշտ գործ է լինելու, պառկելու է, ու վերջ, բայց հաշվի չէր առել, որ ամբողջ ֆիլմի ընթացքում ներկա է ու ամենադժվար գործն իրենն է՝ փորձել չշնչել, որ փորը չշարժվի։
Ըստ սկզբնական պլանի՝ Հրանտը պետք է քեռու դերում լիներ, բայց քանի որ այն այդքան էլ իր սրտով չեր, համաձայնեց մարմնավորել հանգուցյալին, եւ քեռու դերը հասավ Վահագն Սիմոնյանին։
Երիտասարդ կազմը
Գլխավոր դերերում հանդես եկած բոլոր երեխաների՝ Արաքսիկի (Մելիքյան), Անիի (Պետրոսյան), Խորիկի (Լեւոնյան), Նարեկի (Ղափլանյան), Վահագնի (Գալաստյան), մեր «Դեմք»-ի Դավիթի (Թովմասյան), գեղարվեստական ֆիլմում նկարվելու առաջին փորձն էր: Նրանցից ամենամեծը, եթե չեմ սխալվում, 27 տարեկան էր, Գոռը, նկարիչն ու երաժշտության հեղինակ Արամ Ավագյանը 24 տարեկան էին: Դերասաններն էլ Թատերական ինստիտուտը նոր էին ավարտել եւ տեղավորվել թատրոններում, իսկ ահա Արմենն (Մարգարյան) ավելի մեծ էր ու հասցրել էր մի քանի ֆիլմում նկարահանվել։
Գոռը նկարահանումների գրաֆիկ էր կազմել՝ երկուշաբթիից ուրբաթ, շաբաթական 5 օր։ Հստակ նշել էր, թե ավարտը երբ է նախատեսում, ու ոչ մեկը չէր հավատում, որ Երեւանում հնարավոր է հստակ ժամանակացույցով աշխատել։ Բայց այդպես էլ արեցինք՝ ի զարմանաս բոլորի, սկսեցինք ու ավարտեցինք մեր պլանավորած օրը։
«Մեծ պատմություն փոքր քաղաքումը» Հայաստանում թվային տեսախցիկով նկարված առաջին ֆիլմն է. մինչ այդ բոլորը կինոժապավենի վրա են եղել: Տեսախցիկն առաջինը գնել էր «Արմենիա TV»-ն, ու ոչ ոք չգիտեր՝ այն ինչպես օգտագործել։ Սովորել ենք ու ընթացքում էլ նկարահանել։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները տրամադրել է Կարո Կիրակոսյանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: