«Թող Մոլիերն ու Շեքսպիրը սպասեն, ես անդրադառնալու եմ մեծ եւ ողնաշարով հային, ու ֆիլմեր նկարահանեմ հենց նրա գրվածքներով»,- ասում է ռեժիսոր Զոհրաբ Բեկ-Գասպարենցը։ Իսկ մեծ հայը Վիլյամ Սարոյանն է։ Երեւանյան էկրաններ է բարձրացել Բեկ-Գասպարենցի «Բարի մարդիկ» Ֆիլմը՝ նկարահանված Սարոյանի համանուն պիեսի հիման վրա։
Ֆիլմը նկարահանվել է Միացյալ Նահանգներում, գործողությունները ծավալվում են ամերիկյան փոքրիկ գյուղում, որտեղ ընկերները շարունակում են ապրել անցյալի պարզ բարությամբ՝ չհարմարվելով պատերազմներին, մարդկային ստորությանն ու ժամանակի դաժան փոփոխություններին։ Նրանք շարունակում են հավատալ մարդկային ջերմությանը, անկեղծ ժպիտներին ու սիրո ուժին։
Սարոյան նկարահանելը բավական դժվար է. պետք է կարողանալ փոխանցել դիտողին նրա պարզությունն ու պարզության խորությունը։ Ֆիլմի հերոսներին հաջողվեց հանդիսատեսին տեղափոխել սարոյանական աշխարհ, որտեղ կա մանկան պարզություն ու լիքը սեր։
«Լոս Անջելեսում հեռուստացույցի առաջ բազմոցին նստած՝ ինքս ինձ հետ կռիվ էի անում։ Ասում էի՝ հերիք է նկարել ֆիլմեր սպանելու, դավաճանելու, հարեւանի կնոջը սիրելու մասին։ Հետո հասկացա՝ իզուր եմ ինքս ինձ հետ կռիվ անում, ասացի՝ «Վե՛ր կաց, դուրս արի եւ նկարիր բոլորովին ուրիշ բան»: Այդ ժամանակ հիշեցի վարպետիս՝ Սոս Սարգսյանի խոսքերը՝ պետք է բարություն անել, բարու մասին խոսել ու բեմադրել»,- պատմեց Զոհրաբ Բեկ-Գասպարենցը։
Տարիներ առաջ Սոս Սարգսյանը Սարոյանի պիեսի հիման վրա բեմադրել էր «Մի գավաթ բարություն» ներկայացումը, իսկ այսօր այն վերածվել էր ֆիլմի՝ միանգամայն այլ ձեռագրով, բայց ասելիքը նույնն էր՝ բարին տալ աշխարհին:
«Փորձեցի սցենար դարձնել, հետո հասկացա, որ դառնալու է առակ, որի մեջ կա թե՛ կոմեդիա, թե՛ դրամա եւ թե՛ Սարոյանի մեծ ասելիքը։ Բոլորս մի ընտանիք դարձանք ու ստեղծեցինք այս ֆիլմը։ Շատ կուզեմ՝ այս չար, դավաճան ու պատերազմների աշխարհում այս էկրանից դեպի հանդիսատես գա սեր, լույս եւ բարություն»,- նշեց ռեժիսորը:
Իսկ աշխարհը չարացել է, բարությունը պակասել, դավաճանություն էլ գլուխ բարձրացրել։ Բեկ-Գասպարենցը ֆիլմը կհամարի հաջողված, երբ այն դիտելիս հանդիսատեսն իր հետ տանի բարություն, քանի որ բարությունը, նրա խոսքով, ամենաթանկ ոսկեդրամն է։
Սարոյանի գործերի հիման վրա ֆիլմեր շատ քիչ են նկարահանվել. ոչ բոլորն են կարողանում դա անել, ասում է ռեժիսոր Արամ Սուքիասյանը, որը ֆիլմը դիտելիս վերհուշ է ապրել։ Նա դիտել է Սոս Սարգսյանի բեմադրությունը, որում խաղում էին Կարեն Ջանիբեկյանը, Գալյա Նովենցը, Շահում Ղազարյանը, Մայիս Կարագյոզյանը եւ այլք։
«Պահպանված էր սարոյանական ոգին եւ բոլորովին մոտ չէր ներկայացման տարբերակին։ Հեղինակ-ռեժիսորը բերել է իր մոտեցումը, իր կինոմտածողությունը, որը բավական բարդ է այսօրինակ թատերական միջավայր ունեցող ստեղծագործական նյութի համար»,- ասաց Արամ Սուքիասյանը։
Ֆիլմում կան անգլերեն երկխոսություններ։ Չեն թարգմանվել, պատճառը մեկն է․ «Դա Սարոյանն է ու բոլորիս տեղափոխում է Սարոյանի հրաշք աշխարհ»։
«Բարի մարդիկ» Ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Խաչատրյանը, Նարե Հայկազյանը, Յուրի Իգիթխանյանը, Զարեհ Գասպարյանը, Յանա Գրիգորյանը եւ ուրիշներ:
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: