×


Լուսանկարը՝ «СТВ»

Սերգեյ Բոդրովի ճանաչելի ոճը, դերերը, խիղճը, ընտանիքն ու ցավալի մահը

90-ականներին հետխորհրդային երկրներում սուպերհերոսի համբավ վայելող Սերգեյ Բոդրովի ողբերգական մահից 23 տարի է անցել, սակայն նրա նկատմամբ հետաքրքրությունը տարիների ընթացքում բնավ էլ չի պակասել, իսկ դերասանի մասնակցությամբ «Եղբայր» ֆիլմը շարունակում է կուլտային լինել: Ինստագրամում բեմադրված տեսանյութ է տարածվել, որում Բոդրովին արտաքնապես նման եւ նույն ոճով հագնված երիտասարդ երաժիշտը հարցին՝ ճանաչո՞ւմ է սիրված դերասանին, պատասխանում է՝ իբր՝ ոչ: Այն շատերի մեջ հուշեր արթնացրեց, ուստի եւ որոշել ենք հետաքրքիր մի քանի փաստ ներկայացնել Բոդրովի կյանքից:

Կրթությունը

Փոքր տարիքում Բոդրովը չի էլ մտածել դերասանի կարերայի մասին: Դպրոցն ավարտելուց հետո կինոռեժիսոր հայրը՝ ավագ Սերգեյ Բոդրովը, նրան համոզել է չընդունվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (ՎԳԻԿ), քանի որ նրա խոսքով՝ կինոն կիրք է, ոչ թե պարզապես մասնագիտություն:

Կրտսեր Բոդրովն այդպես էլ դերասանի կամ ռեժիսորի կրթություն չի ստացել, փոխարենը դարձավ Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող, որտեղ աշխատում էր մայրը, եւ պաշտպանեց թեկնածուականը: 1994-ին համալսարանն ավարտեց կարմիր դիպլոմով ու արվեստաբան դարձավ, թեեւ մասնագիտությամբ այդպես էլ չաշխատեց:

Քանի որ իտալական մշակույթ էր ուսումնասիրում, 1991-ին պրակտիկա անցավ Իտալիայում: Դրան հաջորդած 3 տարվա ընթացում ամռանը փրկարար էր աշխատում իտալական հանգստավայրերում:

Հայր եւ որդի Բոդրովները


Չնայած ֆիլմերում ունեցած հաջողությանը՝ չէր հավատում, որ շարունակելու է աշխատել կինոոլորտում, դրա համար էլ 1998-ին պաշտպանեց «Մշակույթի պատմություն» թեկնածուական ատենախոսությունը:

Դերասանի կարիերան

Բոդրովը պատահական դարձավ «Կովկասի գերին» ֆիլմի գլխավոր դերակատարը: Նա ռեժիսոր հոր օգնականն էր, երբ վերջինս երկար ժամանակ գլխավոր դերի համար մարդ էր փնտրում: Երբ բոլոր թեկնածուները սպառվեցին, որդին առաջարկեց. «Ինձ փորձիր»: Եվ միայն հորը երկար համոզելուց հետո ստացավ Իվան Ժիլինի դերը, որը նրան «Նիկա» մրցանակ ու այլ պարգեւներ բերեց:  

Հաջող նորամուտից հետո որոշեց թողնել կինեմատոգրաֆը, սակայն ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովին հաջողվեց համոզել նրան նկարահանվել իր «Եղբայր» ֆիլմում:

Բալաբանովը շատ ծանր տարավ 2002 թվականի սեպտեմբերին Բոդրովի մահն ու դրանից հետո լյարդի լուրջ հիվանդություն ձեռք բերեց: Նա իրեն էր մեղադրում դերասանի մահվան համար, քանի որ հենց ինքն էր Սերգեյին խորհուրդ տվել նկարահանումներն անել Կարմադոնի կիրճում, որտեղ տեղի ունեցած ձնհալը 100 մարդու կյանք խլեց: Մինչ այդ նա նույն տարածքում նկարահանել էր «Պատերազմ»-ն ու տեղանքին շատ լավ էր ծանոթ: Իր նկարահանման թիմը հատկացրել էր Բոդրովին, իսկ ինքը պետք է ավելի ուշ միանար:

Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի» Կարմադոնի կիրճը


«Ինչո՞ւ է այդքան լավ մարդ Սերյոժան մահացել, իսկ ես, վատը լինելով, ապրում եմ: Ես պետք է նրանց հետ լինեի, նա ինձ հետները չտարավ», - հետո անկեղծորեն ասել է ռեժիսորը, որի համար ընկերոջ կորուստը հավասարազոր էր սեփական մահվանը: Նա էլ երկար չապրեց ու մահացավ 54 տարեկանում:

«Եղբայրը»

Բալաբանովը սիրում էր աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ: Երբ նա ծանոթացավ 25-ամյա Բոդրովի հետ, կնոջը՝ Նադեժդային, որը նրա ֆիլմերի կոստյումների դիզայներն էր, ասել էր. «Դեռ չգիտեմ, թե այս տղայի մասնակցությամբ ինչ ֆիլմ կնկարեմ, բայց հաստատ գտել եմ մեկին, ով մեզ կփրկի»:


Բալաբանովի ստեղծած Դանիլա Բագրովի կերպարը շատերի կողմից սիրվեց: Ֆիլմը մեկ ամսում նկարահանել են ռեկորդային շուրջ 100 հազար դոլար գումարով: 1997 թվականին «Աֆիշա» ամսագիրն այն ընդգրկեց ռուսական լավագույն 100 ֆիլմերի ցանկում:

Այդ աշխատանքի շնորհիվ նրանք մտերմացան ու իսկապես եղբայրներ դարձան, հենց Բալաբանովի շնորհիվ Բոդրովը տարվեց ռեժիսուրայով: Իրական կյանքում նա փափուկ էր, ամոթխած, բարի ու մյուսներից շատ տարբերվող:

Ռեժիսորը

Բոդրովի ռեժիսորական նորամուտի ֆիլմը 2001 թվականին նկարահանված «Քույրերն» էր, որը Մոսկվայի միջազգային կինոփառատոնում հատուկ մրցանակի արժանացավ՝ «Կոդակ»-ի կողմից 10 հազար մետր կինոժապավենի: Հենց դա էլ Բոդրովը պատրաստվում էր օգտագործել իր երկրորդ ֆիլմի՝ «Կապավորի» համար, երբ տեղի ունեցավ դժբախտ պատահարը:


«Կամ այդ ֆիլմով մենք կհաղթենք աշխարհին, կամ էլ լիովին կձախողվենք» ,- ասել էր Բոդրովը:

Սցենարի վրա մոտ կես տարի է աշխատել, նրան օգնել է նաեւ պրոդյուսեր Սերգեյ Սելյանովը: Ֆիլմը պատմելու էր թմրանյութերի առաքիչ Կատյայի մասին, ով միստիկ ունակություններ ունի:  

«Կապավորը» ֆիլմի նկարահանումները սկսվեցին 2002 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Վլադիկավկազի խիստ ռեժիմի բանտում։ Հյուրանոցում գիշերելուց հետո սեպտեմբերի 20-ին նկարահանող խումբը շարժվեց դեպի Կարմադոնի կիրճ, որտեղ մի քանի տեսարան նկարելուց հետո ժամը 20:08-ի սահմաններում 8 մլն խորանարդ ծավալով հսկայական սառցաբեկորը գահավիժեց դեպի ձորը: 19 զոհի մարմինները գտել են, 106-ը համարվում են անհետ կորած, նրանից 42-ը Բոդրովի խմբից են:

Տրանսպորտի հետ կապված խնդիրների պատճառով նկարահանումների սկիզբը ստիպված էին եղել 4 ժամով հետաձգել, ժամանակին ավարտելու դեպքում թիմը կարող էր ողջ մնալ:

Կինը

Սերգեյ Բոդրովը կնոջ հետ ծանոթացել է Էռնեստ Հեմինգուեյի շնորհիվ, իհարկե, ոչ անմիջականորեն է գրողը նրանց օգնել: Սվետլանա Բոնդարչուկը հարցազրույցի ժամանակ է պատմել իրենց ծանոթության պատմությունը: Թեեւ աշխատել են նույն հեռուստաընկերությունում, սակայն այնտեղ չեն ծանոթացել, այլ՝ 1997-ին՝ Կուբայում, որտեղ զրույցով են ընկել Հեմինգուեյի տնակի մասին ու հասկացել, որ նման են այն երկվորյակներին, որոնց շատ տարիներ առաջ բաժանել են:


Մինչ այդ Բոդրովը պատահականորեն դարձել էր «Հայացք»-ի հաղորդավարն ու այն վարել 1996-1999 թվականներին: Հոր հետ հաղորդման հյուրն է եղել, երբ նրան տեսնելուց հետո խմբագիր Սերգեյ Կուշներեւը որոշել է աշխատանք առաջարկել: Բոդրովը եղել է նաեւ «Վերջին հերոս» ռեալիթի շոուի առաջին սեզոնի հաղորդավարը:

Սվետլանան պատմել է, որ Սերգեյի հետ ծանոթությունից օրեր առաջ նրան առաջարկել էին դիտել «Եղբայր» ֆիլմը, բայց հրաժարվել էր, քանի որ ռուսական ֆիլմեր չէր սիրում:

Կուբայից վերադառնալուց հետո նրանք էլ չբաժանվեցին: 1998-ին ամուսնացան, նույն տարում էլ ծնվեց նրանց դուստրը՝ Օլգան: Նա ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը եւ դերասանուհի դարձել: 2020-ին նկարահանվել է հոր սցենարով «Կալաշնիկով» ֆիլմի դրվագներում: Իսկ «Ծովը մեկ անգամ է անհանգստանում» ֆիլմի համար «Կինոտավրի» է արժանացել: Ամուսնացել է դերասան Սերգեյ Բիստրովի հետ ու 2023-ին դուստր ունեցել:


Վերջին ֆիլմի նկարահանումներին մեկնելուց մեկ ամիս առաջ ծնվել է Բոդրովի որդին՝ Ալեքսանդրը: Ծնողները պատմել են՝ երբ Օլգային հարցրել են՝ ինչպես անվանել եղբորը, առաջարկել է Եղբայր 2 անունը տալ: Ալեքսանդր Բոդրովը սկսնակ ռեփեր է, 17 տարեկանում սեփական խումբն է ստեղծել ու մի քանի երգ թողարկել:

Լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի» Սերգեյ Բոդրովի դուստրը՝ Օլգան


Ոճը

Շատ անսպասելի կերպով Բոդրովը ոճային կուռք է դարձել: Դերասանը հարցազրույցներից մեկում հիշել է, որ «Նիկա»-ի արարողությունից հետո հայտնի պարբերականներից մեկը գրել է, թե նա հատուկ է զգեստավորվել միջոցառման համար: Մինչդեռ իրականում լրիվ պատահական էր ընտրել հագուստը: Բոդրովը պատմել է, որ իր կոստյումը տվել է ԱՄՆ-ից ժամանած հորը, իսկ ինքը հագել դերասան Օլեգ Մենշիկովի հետ զառախաղի ժամանակ հաղթած պիջակը:

Բալաբանովի կինն ու «Եղբայր» ֆիլմի կոստումների դիզայներ Նադեժդա Վասիլեւան տարիներ անց պատմել է, թե ինչպես է որոշել գլխավոր հերոսի համար նման սվիտեր ընտրել: Այն ոչ միայն սովորական հագուստ պիտի լիներ, այլ նաեւ պաշտպանության խորհրդանիշ համարվեր: Դանիլա Բագրովն էլ ցանկացած սուպերհերոսի նման մշտապես կրում է իր համազգեստը, ինչը խորհրդանշում է նրա պատրաստակամությունն ու արժեքներին հավատարիմ մնալը:


«Ես մինչեւ հիմա հիշում եմ փողոցում տեղադրված ծալովի մահճակալների վրա կույտերով թափված բաճկոնները, սվիտերները, ջինսերն ու մյուս հագուստները: Ցրտին ու անձրեւի տակ կանգնում էի այդ ամենի դիմաց ու փորձում 6-րդ զգայարանով ընտրել այնպիսի մի բան, որը Լյոշան կհավանի»,- պատմել է նա:

Սկզբում Բալաբանովին սվիտերը դուր չի եկել ու այն չափազանց մռայլ է որակել, սակայն կինը կարողացել է համոզել ու ավելացրել նաեւ մաշված կապույտ նեյլոնե բաճկոն:

Դանիլայի ոճի մյուս տարրը մուգ վերարկուն էր, որը պատկանում էր հենց Բալաբանովին՝ ավելի ընդգծելով ստեղծողի եւ նրա ստեղծագործության միջեւ կապը։


Մինչեւ հիմա էլ այդ սվիտերը թրենդային է ու հագուստի վաճառքով զբաղվող առցանց խանութներն առաջարկում են նմանատիպ ապրանք:

Որակները

Արդեն մեծ տարիքում Բոդրովը գրել է այն կարեւոր իրադարձությունների մասին, որոնք մանկության տարիներին ազդել են նրա վրա։ Պատմել է, որ իրեն շատ խելացի է զգացել Լեւ Տոլստոյի «Մանկություն, պատանեկություն, երիտասարդությունը» կարդալուց հետո: Բոդրովին հատկապես զարմացրել է այն, թե որքան են գրողի մտքերը համընկնում սեփական աշխարհայացքի հետ։


Սերգեյ Բոդրովն այդ էսսեում գրել է նաեւ առաջին տգեղ արարքի մասին՝ մի տղայից մեքենա է գողացել, բայց խղճի խայթի պատճառով չի կարողացել խաղալ դրանով։ Մայրիկն առաջարկել է զանգահարել տղայի ծնողներին եւ նրանց պատմել այդ մասին։ Ինչպես հիշել է Բոդրովը, այդ խոստովանությունն իր կյանքի ամենադժվար արարքներից մեկն էր։

Մեծ տարիքում Սերգեյը մեկ անգամ չէ, որ հարցազրույցներում նշել է՝ մանկությունը համարում է ցանկացած մարդու կյանքում ամենազարմանալի եւ կարեւոր շրջանը։ Դերասանը կարծում էր, որ մեծահասակները պետք է երեխաներից սովորեն լիաթոք ապրել ու չմտածել հետեւանքների մասին։ Նա իրեն մեծ է համարել այն բանից հետո, երբ վախեցել է սահել այն բլուրից, որից մանուկ տարիքում մեկ անգամ չէ, որ առանց մտահոգվելու իջել է:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW