Հասմիկ Կարապետյանն ու Շանթ Քիրմիզյանն առաջին անգամ համատեղ հարցազրույց են ունեցել՝ հյուրընկալվելով Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման «ՍԷՐ» շարքին։ Ամուսինները խոսել են իրենց ծանոթության, արագ որոշումների, ունեցած դժվարությունների, ընտանիքն ամուր պահելու գաղտնիքների եւ մասնագիտական ճանապարհին կիսատ թողած քայլերի մասին։
«Անհնարինը դարձավ հնարավոր»
Հասմիկ․ Սկզբնական շփումը վիրտուալ էր, հետո անցանք իրականին։ Եթե նկարագրելու լինեմ մեր պատմությունը, մի քիչ միստիկ բնութագիր կտամ, որովհետեւ անհնարինը դարձավ հնարավոր։ Տարբեր միջավայրերում ու մշակույթներում մեծացած մարդիկ հանկարծ հանդիպեցին իրար։
Շանթ․ Ես 17 տարեկան էի, հորս ասացի՝ «Եթե այս աղջկան հանդիպեմ կյանքումս, կամուսնանամ նրա հետ»։ «Հոգիս» տեսահոլովակն էի տեսել ու ասել՝ «Հա՜, այս աղջիկը լավն է» (ժպտում է,- հեղ․)։ 2012 թ․-ին սկսեցինք խոսել, 2013-ին ես արդեն Հայաստանում էի։
Հասմիկ․ Եկավ, ծանոթացանք, երկու շաբաթ շփվեցինք, երկու ամիս հետո եկավ Հայաստան՝ վաճառած տունը, մեքենան, թողած աշխատանքն արտասահմանյան շատ լավ ընկերությունում։ Ճիշտն ասած՝ ինձ համար դա մի քիչ միստիկ էր, ես հետո նույնիսկ վախենում էի, ասում էի՝ «Մի արի»։ Եվ քույրս, որ տեսավ իմ այդ կտրուկ, անսպասելի արձագանքը, Ֆեյսբուքում թաքուն գտավ Շանթին ու գրեց՝ «Շանթ ջան, ուշադրություն մի դարձրու իմ քրոջ խոսքերին, վեր կաց, ինչպես պլանավորել ես՝ արա»։ Մի խոսքով՝ Շանթի՝ իմ կյանք գալն ինձ այնքանով օգնեց, որ ես իմ վատ կողմերը ճանաչեցի (ժպտում է,- հեղ․)։
«Տղա ջան, դու պատրա՞ստ ես Հասմիկ Կարապետյանի ամուսինը լինել»
Հասմիկ․ Երբ Շանթն եկավ իմ պապայից ձեռքս խնդրելու, հայրս շատ հավանեց նրան, որովհետեւ զգաց՝ ունի մի շատ լավ առավելություն՝ կատարյալ ազնիվ է ինքն իր ու մյուսների հետ։ Դա ամեն հարցում երեւում է։ Նա չի սիրում խաղալ, միշտ այնպիսին է, ինչպիսին կա, եւ հաղթում է հենց դրանով։ Պապաս, դա զգալով եւ ինձ էլ շատ լավ ճանաչելով, ասաց՝ «Տղա ջան, դու պատրա՞ստ ես Հասմիկ Կարապետյանի ամուսինը լինել»։ Շանթն էլ վստահորեն ասաց՝ «Այո»։
Շանթ․ Այդ ժամանակ այդքան լավ չէի պատկերացնում բարդությունները, բայց չէի էլ վախենում։ Երբ մարդը նեղված է, բարկացած, հնարավոր է՝ լինեն մտքեր, որ այլեւս ցանկություն չկա հարաբերությունները շարունակելու, բայց տարիքի եւ հասունության հետ գալիս է նաեւ գիտակցումը, որ չթողնես այդպիսի մտքեր ծնվեն գլխումդ․ դա շատ վտանգավոր է։ Մենք ամուսիններ ենք եւ պիտի պայքարենք մինչեւ վերջ։ Երբ բարկացած ես, պիտի խոսես մարդու հետ, որ լուծում գտնես։
Հասմիկ․ Երեւի, 3-5 տարի է, ինչ մենք հանդարտվել ենք։ Թեեւ բախումներ միշտ էլ լինում են եւ կլինեն, բայց ես սկսել եմ այլ աչքերով նայել այդ ամենին եւ փորձում եմ իրեն էլ դա ցույց տալ։
«Իմ տեսակի կնոջ համար դա նաեւ դժբախտություն է»
Հասմիկ․ Այնքա՜ն մտքեր ունեմ իմ երգարվեստի հետ կապված, այնքան մեծ ներուժ, որ դեռ ցույց չեմ տվել, այնքան բաներ դեռ կարող եմ անել, ու չի ստացվում։ Սա բերում է ներքին պայքարների։ Ես այսօր ունեմ ժամանակի խնդիր։ Իմ առօրյայի 80 տոկոսը զբաղեցնում է ծնողավարությունը, բայց այդպես չպիտի լինի։ Դա, իհարկե, երջանկություն է, բայց իմ տեսակի կնոջ համար նաեւ դժբախտություն է (ժպտում է,- հեղ․)։ Նկատի ունեմ ժամանակ չունենալը։ Ես թերանում եմ մի շատ կարեւոր բանում՝ չեմ կարողանում լիարժեք երջանիկ զգալ ինձ՝ իսկապես ունենալով շատ լավ ու թանկ բաներ իմ կյանքում։ Այդ առումով ես շատ վատն եմ։
Հոգու սով էր սկսվել, երբ ես դուրս չէի գալիս աշխատանքի, չէի զբաղվում իմ սիրելի մասնագիտությամբ։ Հիմա արդեն մոտ 5 տարի է՝ բավական ակտիվ եմ, նվագախումբ ունեմ։ Դա իսկապես շատ կարեւոր է ինձ համար։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: