×


«Միասին ապուշանալու, խփնվելու, ստեղծագործելու, սրճելու պահերն ամենասիրունն են». բացահայտում ենք Անդրանիկ Միքայելյանին

Սոս Սարգսյանի անվան համազգային եւ «Բաբելոն» թատրոնների դերասան Անդրանիկ Միքայելյանը BRAVO.am-ի բացահայտումների շարքի նոր զրուցակիցն է եւ իր մասին շատ հետաքրքիր մանրամասներ է պատմել:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:  

- Մանկուց սիրում եմ նկարել, համով խորոված եմ սարքում ու կարտոֆիլ տապակում: Միշտ նախանձում եմ երաժիշտներին, որովհետեւ կուզեի երաժշտությամբ զբաղվել, բայց, ցավոք, նման հմտություններ չունեմ:

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Այնքան դժվար է առանձնացնել, բայց կփորձեմ։ Ինձ վրա մեծ ազդեցություն է թողել Ջիմ Մորիսոնի «The End» երգը, Քենդրիկ Լամարի «Damn» ալբոմը ու Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» նկարից եմ շատ ազդվել։

- Ինչի՞ կամ ո՞ւմ մասին կարող եք ժամերով ու առանց հոգնելու խոսել:

- Անվերջ կարող եմ խոսել թատրոնից, ֆուտբոլից ու Մեսսիից։

- 3 պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնը հարազատ Ձեզ:

- Թատրոնն ինձ հարազատ է, քանի որ խաղալ շատ եմ սիրում ու դա ինձ օգնում է ուշ մեծանալ: Նաեւ թատրոնն օգնում է կտրվել իրականությունից, անարդարությունից կամ կամ փախչել ու թաքնվել դրանցից։ Բացի այդ էլ, ինձ շատ է դուր գալիս ինչ-որ բան ստեղծելու եւ հեղինակ լինելու հաճույքը զգալ:


- Ինչո՞ւմ է դերասանի առաքելությունը, իսկ Ձե՞րը:

- Դերասանի առաքելության մասին Համլետի տողերն եմ սիրում. «Հայելի պահենք բնության առաջ՝ ցույց տալու համար առաքինությանն իր սեփական դեմքը, ոչնչությանն՝ իր պատկերը խիստ, ժամանակի դեմքին ու մարմնին՝ իր տեսքն անհանգիստ»: Ինձ համար էլ այն անարդարության դեմ կռվի դաշտ է:

- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում դերասանի հետ:

- (Ծիծաղում է,-հեղ.), շատ զվարճալի իրավիճակներ են լինում: Կարող ես հանրային վայրերում քայլել ու իբրեւ մտքում տեքստ ասել, բայց պարզվի՝ բարձր ես խոսում: Կարող ես նաեւ ծիծաղի կամ երգի ինչ-որ երանգ կամ ձեւ գտնել, առհասարակ, տարօրինակ բաներ շատ են լինում: Հնարավոր է՝ հայացքդ ինչ-որ մարդու վրա քարանա ու սկսես մտածել իր միմիկայի եւ ժեստերի մասին, կամ փորձես թափանցել իր մտքերի մեջ, հետո արթնանաս ու հասկանաս, որ երկար ժամանակ այդ դիրքում էիր մնացել:

- Եթե Ձեր մասին ֆիլմ նկարենք, դերասաններից ո՞վ կկարողանա լավագույնս մարմնավորել։

- Բարդ հարց է, բայց հոլիվուդյան դերասաններից կուզեի Քոլին Ֆարելը, Մեթյու Մակքոնահին կամ էլ Էդրիեն Բրոուդին մարմնավորեն, ուղղակի իրենք տարիքով շատ մեծ են (ծիծաղում է,-հեղ.):


- Թատրոնի չերեւացող, բայց Ձեզ համար չափազանց սիրելի կողմը:

- Ներկայացման ծնվելու ընթացքն է, թե ինչպես ես քեզ նման մարդկանց հետ այն ստեղծում, միասին ապուշանում եք, խփնվում, գժվում, խմում, հաց ուտում, ծնում, ստեղծագործում, ապրում, սրճում։ Այդ պահերը շատ սիրուն են ինձ համար։ Նույն խելքի մարդկանցով ինչ-որ մի բան հորինելու ընթացքում ինձ համար նոր աշխարհներ եմ բացահայտում, իսկ արդեն պրեմիերայից հետո՝ մի տեսակ տխրում, որովհետեւ այդ ամենն ավարտվում է:

- Ինչպե՞ս եք խաղալու շնորհիվ ինքներդ Ձեր մասին նոր բաներ իմանում եւ ի՞նչ եք արդեն հասցրել պարզել:

- Մի ներկայացումից պարզվեց, որ ես կարող եմ շատ բարձր տեղից ցատկել, մեկ ուրիշից՝ ունակ եմ մեծ քանակությամբ ջուր խմել. հարբեցողի եմ մարմնավորում ու ողջ ընթացքում պետք է խմեմ ու խմեմ: Դրսում խաղալն ինձ համար մարտահրավեր էր, բայց դրան էլ էի պատրաստ: Այդ դեպքում կրկնակի բարդ էր ինձ համար. թատրոնի ներսում խաղի կանոնները մի քիչ օգնում են, իսկ դրսում լրիվ այլ իրականություն է, ես էլ ամաչկոտ եմ, իսկ կողքիդ բազմաթիվ մարդիկ են հավաքվում, ու էլ ավելի է բարդանում: Բայց հասկացա, որ եթե խաղի կանոններն այդպիսին են, պատրաստ եմ դրանք ընդունել:

Ամեն ներկայացման ժամանակ մի նոր պատմության ու նոր հերոսի կյանքի մեջ եմ ընկնում ու նրա աչքերով անցնում այդ ամենը: Զգացել եմ, որ երեխա մարմնավորելիս իմ մեջ փոքրիկ կա թաքնված, եթե մարդասպան եմ, փորձում եմ նրան էլ հասկանալ: Պարզել եմ, որ առհասարակ բոլորին էլ կարելի է հասկանալ։



- Ո՞րն է մշակույթի շնորհիվ մարդկանց միջեւ տեղի ունեցող երկխոսության ամենակարեւոր ձեռքբերումը:

- Ամենակարեւոր բանն այն է, որ ներկայացումից հետո զգում եմ այդ երկխոսությունը կայացել է, քանի որ շատ անգամներ այն չի կայանում: Երբ ավարտին դուրս եմ գալիս, ու մարդիկ ինձ շնորհավորում են, բառերը բնավ էլ կարեւոր չեն, ոմանց աչքերին նայելիս տեսնում եմ, որ մենք իրար հասկացել ենք, ու այդ երկխոսությունը տեղի է ունեցել: Զգում ես, որ քո բարձրացրած հարցը միասին քննարկեցինք ու այդ ընթացքում միասին ապրեցինք, նման մարդկանց հանդիպելն ամենահաճելի պահերից է:

- Ձեր 3 ամենասիրելի թատրոններն ու ռեժիսորները:

- Համազգայինը, «Բաբելոնը» եւ մեր երկրում գործող «Խրոնոտոպ» թատրոնը, որի ներկայացումները շատ եմ հավանում։ Ռեժիսորներից մի քանիսին կնշեմ՝ Թոմաս Օստերմայեր, Ռոբերտ Ուիլսոն, Քշիշտոֆ Վառլիկովսկի, Ռոմեո Կաստելուչի, մերոնցից՝ Նարինե Գրիգորյան, Զառա Անտոնյան եւ Իլյա Մոշչիցկի:

- Դերասանի աշխատանքի կարեւոր սկզբունքները, որոնք Ձեզ համար երբեք չեն հնանա:

- Կենտրոնացումն է, մտքի, մարմնի, խոսքի ճկունությունը, միշտ լիցքավորվելը եւ ինտելեկտուալ լինելը։

- Իսկ ժամանակակից թրենդերի բերած փոփոխություններն ինչպե՞ս են փոխել թատրոնը:

- Կարծում եմ՝ դրանք միայն կարող են օգնել, որովհետեւ թատրոնն այնպիսի հարթակ է, որ ամեն ինչ կուլ է տալիս եւ օգտագործում իր շահերին համապատասխան: Թրենդների բերած փոփոխություններն էլ թատրոնն օգտագործում է իրեն հարմար ձեւով, ինչը միայն լավ է։



- Հարց, որ երբեք չեն տվել, բայց շատ կուզեիք այդ մասին խոսել։

- Արդեն բավական ժամանակ է՝ իմ խաղացած ներկայացումները հայ հեղինակների գրած ստեղծագործություններն են: «Բաբելոն»-ում հայրենիքի մասին ներկայացում ենք անում, ես էլ ուզում եմ Երվանդ Քոչարի մասին բեմադրություն անել: Անընդհատ իմ մեջ հայերի ու հայրենիքի մասին հարցն է բարձրանում, վաղուց ինձ հետաքրքրում է, թե ի՞նչն է, որ կփրկի մեզ ու մեր երկիրը։ Ինքս կպատասխանեի՝ մեր միասնությունն ու հավատը, կարող ենք փրկվել, եթե ինքներս ցանկանանք:

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Հենց նոր ընկերոջս հարցրի ու նա ասաց, որ բարի մարդ եմ (ծիծաղում է,-հեղ.): Ոմանք կարող են ասել ցրված, անհասկանալի խոսացող, կյանքից կտրված ու հաստատ շատ ծիծաղող մարդ:  

- Ի՞նչ եք ինքներդ Ձեզ ասում հուսահատության պահերին:

- Այս հարցի մասին մի քիչ երկար մտածեցի: Եթե շատ անկեղծ լինեմ՝ այնպիսի տպավորություն է, որ շատ-շատ եմ հուսահատվել ու մի տեսակ կարծրացել, քարի պես եմ դարձել: Ասես էլ չեմ հուսահատվում, բայց առանց նման պահերի էլ չի լինում: Եթե թատրոնից եմ հուսահատվում, փորձում եմ որոշ ժամանակով փախչել նրանից ու կենցաղային հարաբերությունների մեջ ընկնել, իսկ եթե անձնականից եմ հուսահատվում, թատրոնի մեջ եմ խրվում ու այդկերպ սփոփվում:



- 5 իր, առանց որոնց Ձեր կյանքը չեք պատկերացնում:

- Առանց ամեն ինչի էլ պատկերացնում եմ կյանքը, բայց կան իրեր, որոնց հետ շատ եմ կապված, դրանք են հեռախոսս, թեւնոցներս, ծխախոտը, երգ լսելու համար ականջակալը եւ սառնաշաքարային կոնֆետները: Դրանք օգտագործելու սովորությունը պապիկիցս է մնացել. միշտ դպրոց գնալիս տալիս էր, ու հիմա ինքս եմ տնից դուրս գալիս հետս վերցնում:

- Ձեր ոճի մի քանի կանոն:

- Նախընտրում եմ ազատ, հանգիստ, սովորական, ավելի թեթեւ ու առանց հատուկ արտահայտված ձեւերի հագուստ:

- Հագուստ, որ երբեք չի լինի Ձեր զգեստապահարանում:

- Երեւի չեն լինի նեղ ու փայլուն շորեր, գունավոր պիջակներ, շատ աչք ծակող շորեր, ինչպես նաեւ լաքապատ կոշիկներ:

- Երեւանում ամենասիրելի անկյունները:

- Մեր 3-րդ մասի թաղն եմ շատ սիրում, որովհետեւ մանկությանս լավ պահերն այդտեղ են անցել: Սիրում եմ նաեւ Հանրապետության հրապարակը եւ «Սիսեռնոց» կոչվող գարեջրատունը. երբ փոքր էինք, մեր մեծերն էին այն այդպես կոչում, ու անվանումը  մնացել է:  



- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:

- Կանաչ թաց խոտի բույրն է ինձ տանում մանկություն, բորշչի ու տաք, թարմ վերմակի հոտը:

- Մեր մեծերից ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել եւ ի՞նչ հարց կտայիք:

- Կուզեի Կոմիտասին հանդիպել ու նրա հետ երաժշտությունից խոսել: Անդադար հարցեր կտայի, կծանոթացնեի մեր ժամանակից երաժշտության ու իմ սիրած երաժիշտների հետ։ Կհարցնեի՝ ինչո՞ւմ է կյանքի, արվեստի, հավատքի, սիրո, պայքարի, ներդաշնակության ուժը, կամ ո՞րն է, իր կարծիքով, բացարձակ ճշմարտություն: Կուզեի նաեւ իրենից իմանալ, թե հնարավո՞ր է տարբեր տեղերում լիարժեք լինել, թե՞ միայն մեկում կարող ես։  

- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:

- Շատ դժվար ընտրեցի ինձ համար ամենատպավորիչ օրը եւ լուսանկարը: Սա իմ ռեժիսորական առաջին աշխատանքի՝ «Ցեխի» ներկայացման փորձն է, որն արել եմ ուսանողների հետ: Այս լուսանկարում ե՛ւ կարոտ կա, ե՛ւ ցավ, քանի որ գիտակցում էինք՝ այն բազում խնդիրների պատճառով միայն մեկ անգամ ենք խաղալու: Աշխատել էինք մեկ ամբողջ տարի ու ներդրել ամեն-ամեն ինչ: Այս կադրում սպասում կա, թրթիռ, տագնապ, լարում, երջանկություն, առհասարակ բոլոր զգացմունքներն էլ ինձ համար արտահայտված են: Բացի այդ էլ՝ այստեղ կանգնած է նաեւ ապագա ընկերուհիս, այդ ժամանակ դեռ չգիտեի, որ սկսելու ենք հանդիպել:



- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Ընկերուհիս է՝ Մարալ Կասբարյանը, ընկերոջս փոքր երեխան՝ Էվան, ու, երեւի, Արտո Թունջբոյաջյանը: Այդ երեքն ինձ այս մեկ տարում շատ են տպավորել։

- 2 ֆիլմ՝ տխրելու եւ ուրախանալու համար:

- Ուրախանալու համար իմ շատ սիրելի «Մենք են մեր սարերը» եւ «Սարդ մարդը» կնշեմ, իսկ տխրելու՝ էլի իմ սիրելիներից «Պատերսոնը»:

- Կարեւոր բացահայտում, որ արել եք կյանքի մասին:

- Կյանքի մասին բացահայտում արեցի, երբ Փարաջանովի մասին ներկայացում էինք ստեղծում եւ ուսումնասիրում նրան: Իր տուն-թանգարանում կոլաժներին ու մեկնաբանություններին էի ծանոթանում, երբ ինձ թվաց, որ այդ ամենը նրա համար մի տեսակ անլուրջ է եղել, ու կյանքին որպես խաղ է վերաբերվել: Այդ մոտեցումն ինձ դուր եկավ ու իսկական բացահայտում դարձավ:

- Մասնագիտական խորհուրդ, որ Ձեզ տվել են, բայց ոչ միայն դերասաններին օգտակար կլինի իմանալ:

- Իմ կուրսի ղեկավար Յուրի Կոստանյանի այս խորհուրդն եմ հիշում. «Միշտ փորձենք սովորել կենդանիներից ու երեխաներից»: Իրենց պահանջները շատ արդար են, ազնիվ, անկեղծ, ու դա մեզ շատ կօգնի որպես դերասան կայանալու ճանապարհին: Երեխաներն ու կենդանիները մեզ համար պատրաստի օրինակ են։ Նաեւ շատ տարբերվող էին Նարինե Գրիգորյանի այս խոսքերը. «Պետք է ընտրենք՝ մենք աղբ թափո՞ղ ենք, թե՞ աղբ հավաքող։ Արվեստով կամ թատրոնով զբաղվելիս ա՞ղբ ենք լցնում, թե՞ եղած աղբը փորձում հավաքել երկրից ու մոլորակից»: Դրանք շատ են տպավորվել, միշտ պետք է մեզ հաշիվ տանք՝ թափո՞ղ ենք, թե՞ հավաքող։


- Մեկ բան, որ կուզեիք փոխել աշխարհում, եւ ի՞նչը հատկապես Ձեր սրտով չէ:

- Պատերազմները կփոխեի ու ընդհանրապես կվերացնեի այդ խաղի կանոնները, որ ազգը ազգի դեմ դուրս չգա ու չսպանի: Դա ինձ համար ամենամեծ խնդիրն է:

- Հայելու մեջ նայելով՝ ինչերի՞ համար կասեք, որ Ձեզ սիրում եք:

- Վերջին շրջանում ոչինչի համար շնորհակալություն չէի ասի, անգամ խոսափում եմ հայելու մեջ նայելուց, քանի որ ինձ տեսնելիս սկսում եմ քննադատել։ Հիմա որեւէ պատճառ չեմ գտնում, ինչի համար ինձ կասեի, որ սիրում եմ:  

- Փոքրիկ ուրախություններ, որոնք Ձեր օրն անմոռանալի են դարձնում:

- Օրվա մեջ սուրճ խմելը, երաժշտություն լսելը, ընկերների հետ ժամանակ անցկացնելը, սիրած մարդուն գրկելը։

- Ի՞նչ է ապրելու արվեստը Ձեզ համար:

- Շատ բարդ հարց է, կարծում եմ՝ հոգիդ, խիղճդ, միտքդ մաքրես ու քեզ տրված ամեն պահից եւ ակնթարթից հաճույք ստանաս, կարողանաս կարեւորել ժամանակդ:  Այդպես իսկապես ներդաշնակ ու խաղաղ կլինես։ Շատ կարեւոր է նաեւ, որ կարողանանք սիրել բոլորին, դա եւս կմտնի ապրելու արվեստի մեջ: Ասում եմ, բայց ինքս էլ այդպես չեմ կարողանում: Երբ սովորեմ, հենց դա էլ կլինի կյանքի արվեստը:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Bravo.am-ի, «Բաբելոն» թատրոնի եւ Անդրանիկ Միքայելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW