×


Դինա Ավետիսյան. «Երեխաներս Երեւանում իմացան, որ ճանաչված եմ, միայն գիտեին՝ իրենց պապան հայտնի նկարիչ է»

BRAVO.am-ը հաղորդավար Դինա Ավետիսյանի հետ հանդիպեց իր տանը, եւ առաջին բանը, որ նկատեցինք, մի անկյունում դրված տոնածառն էր, սակայն ավանդականից տարբերվող։ Զրույցի ընթացքում պարզեցինք, որ այն պատրաստված է զեֆիրից։ Դինան երկու երեխայի մայր է. տղան 11 տարեկան է, աղջիկը՝ 13։ Միշտ երազել է 4 երեխա ունենալ։ Շատ է շրջագայում, բայց աշխարհի ամենալավ տեղն իր երեւանյան բնակարանն է։

- Տան մթնոլորտն անփոխարինելի է:

- Ցանկացած լավ տեղից շտապում ես տուն, որ կոշիկներդ հանես, պառկես բազմոցին ու վայելես այդ պահի հանգստությունը։ Տունը յուրաքանչյուրիս կյանքում շատ կարեւոր նշանակություն ունի։

- Ժամանակին ամենաճանաչված հաղորդավարներից էիք, ցանկալի հարսնացուների շարքում էիք, եւ անգամ Ձեր գովազդած կոնյակն էին սիրում։

- Այն, որ կոնյակի վաճառքն ավելացել էր գովազդի շնորհիվ, բոլորն էին փաստում։ Հետաքրքիրն այն է, որ ավելի շատ շամպունի գովազդի էր նման, բայց աշխատեց: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ինձ Մանե էին ասում։ Ես էլ հումորով նշում էի. «Եթե կոնյակի անունը Տիգրան լիներ, ինձ Տիգրա՞ն էիք անվանելու»։ Ու մինչեւ հիմա ինձ տեսնելիս շատերն ասում են. «Վա՜յ, դուք Մանեն եք»։


- Հետո դարձաք «Ալֆրեդի սենյակի» Դինան, հետո՝ «Թեժ անկյան»։ Մի գեղեցիկ օր էլ այդ ամենը թողեցիք ու գնացիք հեռավոր ԱՄՆ: Գիտեմ, որ հեռուստատեսությունում աշխատելը Ձեր երազանքն է եղել։

- Իսկապես իմ կյանքի երազանքներից մեկն է եղել։ Դպրոցահասակ երեխա էի ու նամակ էի գրել Համլետ Ղուշչյանին, որ մանկական հեռուստանախագիծ ստեղծենք։ Պարոն Ղուշչյանն ինձ հրավիրել էր իր մոտ, ու ես այնտեղ ծանոթացա Սիլվա Կապուտիկյանի հետ։ Մենք շատ երկար զրուցեցինք, բայց այդ օրն ինձ շատ սիրուն ձեւով տուն ուղարկեցին այն մտքով, որ «բալիկ ջան, կմեծանաս, հետո ստացվի, կաշխատես»: Դե, 6-րդ դասարանի երեխան գնացել եւ ասում էր՝ ուզում է աշխատել հեռուստատեսությունում։ Իհարկե, տարիներ հետո վերադարձա, բայց ամեն տարիք իր ցանկություններն ու առաջնային խնդիրներն է բերում։ Պահ է գալիս, հասկանում ես՝ չես ուզում աշխատել, ներքին ցանկություն ունես ընտանիք ստեղծել եւ երեխաներ ունենալ։

- Երազանքը հեռուստատեսությունում աշխատելն էր, բայց ընտրեցիք հոգեբանի մասնագիտությունը:

- Զարմանալի չթվա, բայց դեռ 6-րդ դասարանում որոշել էի՝ հոգեբան եմ դառնալու։ Ընտրեցի մասնագիտություն, որն ինձ կյանքում պետք էր գալու, ոչ թե որ պետք է աշխատեմ այդ ոլորտում: Իսկ հոգեբանությունն ամեն հարցում պետք է՝ երեխաների դաստիարակությունից մինչեւ գործնական հարաբերություններ: Զրույց վարելիս հոգեբանական գիտելիքները կարեւոր են: Շատ եմ կարեւորում լսելու ունակությունը: Դու պետք է կարողանաս մինչեւ վերջ հասկանալ հյուրին, ու նա դա պետք է անպայման զգա:

- 18 տարեկան աղջիկը հայտնվեց «Ալֆրեդի սենյակում» ու 40 օր ապրեց փակ տարածքում, շփվեց տարբեր բնավորությամբ մարդկանց հետ։ Ռիսկայի՞ն չէր մասնակցությունը, թե՞ մտածում էիք, որ Ձեզ օգնության կհասնի հոգեբանի մասնագիտությունը։

- Ամենափոքր մասնակիցն էի ու «Ալֆրեդի սենյակում» հայտնվելն ինձ համար երազանք էր։ Առաջին օրը դիմումը չկարողացա հանձնել, քանի որ շատ մեծ հերթ էր։ Եկա տուն ու մայրիկիս ասացի. «Անհնար է, որ ես անցնեմ, ուր մնաց՝ հաղթեմ»։ Մայրս այնքան նախատեց, որ խոստացա հաջորդ օրն էլ փորձել: Այո, Պողոսը հաղթեց եւ ստացավ գումարը, բայց ինձ առաջարկեցին աշխատել հեռուստատեսությունում, ու ես հետագայում վաստակեցի այդ 1 մլն դրամը։ Ինձ գումարը չէր հետաքրքրում, ուղղակի մեծ փորձություն էր ու անփոխարինելի պահեր էին։ Իհարկե, եթե հիմա նման առաջարկ լիներ, հաստատ չէի համաձայնի, դե, քանի որ ամեն տարիք իրենն է թելադրում։


- Մայրության բերկրանքը զգացիք արդեն օվկիանոսից այն կողմ:

- Շատ դժվար բան է միգրացիան: Հոգեկան մեծ սթրես է ցանկացած մարդու համար։ Երբ բալիկս ծնվել էր, մտերիմ մարդ չկար կողքիս. ոչ մի բարեկամ ու ծանոթ այնտեղ չունեի։ Հիմա է, որ իմ բոլոր ընկերները, հարազատներն այնտեղ են, ու, ցավոք, այստեղի ընկերներս են քչացել։

- Փաստորեն սիրո համար աշխարհ կտրել ու անցել՝ հենց Ձեզ համար էր ասված։

- Այո, այնպես սիրահարված էի ամուսնուս, որ եթե Մոզամբիկում էլ ապրեր, կգնայի: Կարեւորը՝ իր կողքին լինեի։ Սերը լրացնում էր ամեն դատարկություն։ Այդ պահին ինձ ոչինչ պետք չէր՝ ո՛չ աշխատանք, ո՛չ ավելի լավ նախագծեր, ուզում էի իր կողքին լինել:

Դինա Ավետիսյանը՝ որդու հետ


- Իսկ հիմա, երբ երեխաները մեծացել են, ազատ ժամանակ, թերեւս, ավելի շատ ունեք, չե՞ք ուզում վերադառնալ եթեր։

- Կարոտել եմ աշխատանքը, առաջարկներ էլ լինում են, բայց դեռ չեմ ցանկանում։ Ցավոք, այնպիսի նախագիծ չկա, որ ինձ շատ հետաքրքրի։ Իսկ այն ժամանակը, որ տրամադրում եմ երեխաներիս, անփոխարինելի է։ Ես ուղղակի վայելում եմ իրենց։ Գուցե երկու տարի հետո եթերային աշխատանքի համար սկսեմ դռներ թակել, բայց հիմա պետք եմ իմ երեխաներին։ Մենք շատ սիրուն երեկոներ ենք անցկացնում միասին, մոմեր ենք վառում ու սկսում ենք զրուցել։ Իսկ որեւիցե աշխատանք դա չի կարող լրացնել։

- Բախումներ չե՞ք ունենում։

- Եթե ընկերություն չանես երեխաներիդ հետ, կկորցնես իրենց։ Այնքան հաճույքով եմ իրենց հետ շփվում։ Գաղտնիքներ կան, որ միայն աղջկաս եմ ասում, ինքն էլ՝ ինձ։ Երեխաներին բառերով չես դաստիարակում, ուղղակի օրինակ ես իրենց համար։ Դրա հետ մեկտեղ շատ խիստ մամա եմ, կփաստեն բոլորը՝ հայրը, դասղեկը։ Տղաս ասում է. «Ամեն ինչ կանեմ, միայն մայրիկիս չզանգեք»։ Իրենց շատ եմ վստահում։ Եթե մի բան այն չեն անում, մինչեւ նկատողություն անելն ուզում եմ հասկանալ՝ ինչու են դա արել։ Երբ դեռ փոքր տարիքից երեխայիդ ասում ես՝ ինքն է պատասխանատու իր ամեն քայլի համար, այդպես գնահատում ես լավ քայլերը, եւ ամեն վայրկյան ձգտելու են լավ վարք դրսեւորել:

Դինա Ավետիսյանը՝ դստեր հետ


- Իսկ որքանո՞վ են Ձեր երեխաները ներգրավված հայաստանյան միջավայրում:

- Մեր տանը հեռուստացույց չկա, միայն ֆիլմեր ենք դիտում։ Բայց իմ երեխաները ինձնից շատ են իրազեկված մեր երկրի իրավիճակի, սահմանների մասին։ Տղաս անգամ հեռախոս չունի, բայց այնքան տեղեկացված է: Եթե իմ երեխաներն ապրեին Սփյուռքում, փոքր-ինչ այլ կերպ կվերաբերվեին հայրենիքին։ Լավի ու վատի խնդիրը չէ։ Սփյուռքում ապրելով՝ մեղքի զգացում ես ուսերիդ վրա կրում, որ լքել ես հայրենիքը։ Ես ապրել եմ ու գիտեմ՝ դա ինչ է։ Ամեն կերպ փորձում ես արդարացնել քո՝ այնտեղ լինելը՝ օգնությամբ, աշխատանքով: Մենք շատ ենք շրջագայում, բայց երեխաներիս համար Երեւանից լավ տեղ չկա։

- Երեխաները Ձեզ եթերում չեն տեսել, իսկ գիտե՞ն, որ իրենց մայրը ժամանակին բոլորի տները «հյուր էր գնում»։

- Երբ վերադարձանք Հայաստանում ապրելու, տղաս մի օր եկավ տուն ու ասաց. «Մամա, ինչո՞ւ են քեզ բոլորն ասում՝ «Մանե» կոնյակի Դինա։ Հասկացա, որ իմ երեխեքը չեն տեսել այդ գովազդը։ Նայեցին, զարմացան՝ դո՞ւ ես։ Այստեղ իմացան, որ ճանաչված եմ եղել։ Միայն գիտեին, որ իրենց պապան հայտնի նկարիչ է, այստեղ էլ իմացան, որ մաման էլ է հայտնի եղել։

Դինա Ավետիսյանը՝ որդու հետ


- Շատերն ամեն ինչ անում են, որ իրենց երեխաներն ուսում ստանան արտերկրում, Դուք արեցիք հակառակը։

- Երբ առաջնեկս ծնվեց, նայեցի երկինք ու խնդրեցի տիեզերքին, որը իմ բալիկները սովորեն Հայաստանում։ Չեմ կարող ասել՝ ինչն էր պատճառը։ Ուզում էի, որ իմ երեխաներն այստեղ գնան դպրոց, բակ իջնեն, խաղան բակային խաղեր, որ իմ տղան ունենա շատ ընկերներ, թրծվի կռիվներում եւ այլն։ Բակային խաղերից փոխանցվող էներգիան միանգամայն այլ է. մի ամբողջ փիլիսոփայություն է։


- Երբ արտերկրում եք լինում, երեխաների խնամքով ո՞վ է զբաղվում։

- Հայրիկը:

- Բայց լրատվամիջոցները գրեցին, որ ամուսնալուծվել եք:

- Այնքան բաներ են գրում։ Երբեք չեմ խոսել ո՛չ ամուսնության մասին, ո՛չ ամուսնալուծության։ Հիմա էլ չեմ պատրաստվում այդ թեման մեկնաբանել։ Իսկ ԱՄՆ չեմ կարող չգնալ. ընկերներիցս շատերն այսօր այնտեղ են։ Երբ նոր էի տեղափոխվել, ամեն տարի ծննդյանս օրը գալիս էի Հայաստան, որպեսզի այստեղ նշեմ։ Շատ եմ սիրում, քանի որ նույն օրը նաեւ մայրիկիս ծննդյան օրն է։ Եվ արդեն երեք տարի է՝ ծննդյանս օրը մեկնում եմ ԱՄՆ՝ այնտեղի ընկերներիս հետ նշելու: Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում այնքան բան տեղի ունեցավ, այնքան մարդ տեղափոխվեց։


- Դինա, գարուն է, բայց Ձեր տանը տոնածառ է դրված, չնայած՝ սովորական տոնածառ չէ: Զեֆիրի հետ աշխատանքը Ձեր նոր նախասիրությո՞ւնն է:

- Պատերազմից հետո բոլորիս կյանքը տակնուվրա եղավ։ Ստեղծվեցին իրավիճակներ, որոնց լուծումն իմ ուժերից վեր էր։ Սթրեսներով ու դեպերսիվ իրավիճակներով ենք անցնում: Միտքս շեղելու համար, որքան էլ զարմանալի է, սկսեցի զեֆիր պատրաստել: Երբեւէ չէի կարող պատկերացնել, որ այն կարող ենք տանը պատրաստել։ Ամեն վարդի վրա աշխատելիս այնպիսի բավականություն եմ ստանում, թվում է՝ արվեստի գործ եմ պատրաստում։ Իհարկե, դեռ չեմ վաճառում, բիզնեսի չեմ վերածել, բայց շատ են հարցնում:


- Մյուզիքլներ եք բեմադրում: Բարդ ժանր է, որում սինթեզված են արվեստի բոլոր ճյուղները։

- Այո, հիմա կենտրոնացած եմ այդ բեմադրությունների վրա: Պատերազմից հետո էր, հունիսին 1-ին մնացել էր 40 օր։ Զանգահարեց գործընկերներիցս մեկն ու ասաց. «Դինա, մեր զոհված տղաների երեխաների օրը պետք է տոն դարձնենք, բայց չգիտեմ՝ ինչպես»։ Այնպիսի թիմ հավաքվեց, որ ստեղծեցինք երաժշտական, պարային մեծ ներկայացում։ Ամեն ինչ սկսեցինք զրոյից՝ հագուստներից մինչեւ երաժշտություն։ Ուզում էինք այդ երեխաներին ուղղակի հեքիաթային ներկայացում պարգեւել, որ մի քանի ժամ իրենց շատ լավ զգան։ Ու ստացվեց: Հետո «Երազանքի պահապաները» որոշեցի տանել հյուրախաղերի։ Իսկ Սփյուռքում, հավատացեք, կարոտ են պրոֆեսիոնալ ներկայացումների։ Երբ արտերկրում ապրող երեխան անգլերեն լեզվով շքեղ մյուզիքլներ է դիտում, հայկական վատ բեմադրություններից հետո ձգտում չի ունենում հայերեն լեզվով մյուզիքլներ դիտել։ Միշտ մտածում եմ՝ մեր լեզուն ճիշտ չի մատուցվել։ Հիմա էլ պատրաստվում ենք նոր մյուզիքլ բեմադրել։ Ոգեշնչող, հուզառատ պատմություն է ﬔր երազանքների հրաշագործ ուժի մասին, որը կատարվում է քաղաքի փողոցները մաքրող մի ավազակ տղայի եւ նրա ﬕակ ընկեր տիկնիկագործի կյանքում: Գլխավոր դերում Լեւոն Հարությունյանն է։

- Դժվա՞ր չէ երկփեղկված՝ երկու երկրի միջեւ ապրելը։

- Երբ չես կարող փոխել իրավիճակը, պետք է վերաբերմունքդ փոխես։

- Ասում են՝ գոռոզ եք ու մարդկանց մոտ չեք թողնում Ձեզ։

- Ի՜նչ հետաքրքիր է, առաջին անգամ եմ լսում: Ընդհակառակը՝ ԱՄՆ-ում խեղդվում էի հենց ընկերներիս պակասից։ Իհարկե, կան բաներ, որ միայն իմն են, իմ անձնական տարածքը, բայց գոռոզ չեմ։ Իսկ հպարտությունը վատ բան չէ, բայց արդարացված հպարտությունը։ Հաճախ մտազբաղ եմ ու կարող եմ մարդու աչքերի մեջ նայել ու չճանաչել, եւ տպավորություն ստեղծվի, թե գոռոզ եմ, բայց այդպես չէ:


- Տարիքի հետ փոխվում են երազանքները, նորերն են ավելանում: Ունե՞ք չիրականացած երազանքներ։

- Առանց երազանք հնարավոր չէ ապրել։ Բայց այսօր բոլորիս երազանքը մեկն է՝ խաղաղություն։

- Հերթը բլից հարցերինն է: Ինչի՞ց եք վախենում:

- Բոլոր տեսակի խնդիրներից, որոնց լուծումներն իմ ուսերից վերն են, հարազատ մարդկանց առողջությունը կորցնելուց:

- Ձեր ուժեղ կողմը:

- Համառ եմ:

- Թույլը:

- Լացկան եմ:

- Դեպք, իրադարձություն, որ կուզեիք ջնջել Ձեր կյանքից:

- Դրա մասին չեմ բարձրաձայնի: Իսկ ընդհանրապես՝ 2020-ը չլիներ։

- Հարց, որ նյարդայնացնում է Ձեզ:

- Ցանկացած հարց, որ տալիս են ու չեն լսում պատասխանը։


- Զղջալու կամ ափսոսալու առիթները:

- Այն հարցն է, որի շուրջ հաճախ մտածել եմ՝ ոչ մի բանի համար չեմ զղջացել ու ափսոսել։

- Այն տարիքում չեք, որ հավատաք կախարդական փայտիկի գոյությանը, բայց եթե ունենայիք...

- Ես հավատում եմ, ու դա տարիքի հետ կապ չունի։ Ձմեռ պապիկին էլ եմ հավատում։ Շատ կուզեի տիեզերք թռչել ու մեր մոլորակը տեսնել վերեւից։

- Ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատում:

- Տիեզերական ուժին եմ հավատում ու վայելում եմ ներդաշնակությունը, որն ունեմ այդ ուժի հետ։

Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Դինա Ավետիսյանի անձնական արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW