Հաղթանակի օրվան ընդառաջ «Կինոմոսկվա»-ում տեղի է ունեցել ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ եւ քոչարի» ռազմահայրենասիրական դրամայի պրեմիերան, որի հատուկ հյուրերն էին վետերանները։ Ֆիլմը նկարահանվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ:
1945 թվականի մայիսի 9-ին 89-րդ Թամանյանական դիվիզիայի հայ զինվորները Բեռլինի Ռայխստագի առջեւ պարեցին Հաղթանակի քոչարին. հենց այս իրադարձությունն էլ ֆիլմի գաղափարական հիմնաթելն է, որի միջոցով ստեղծագործական թիմը ցույց է տալիս Հայրենական մեծ պատերազմում հայերի մասնակցությունը, ազգերի բարեկամության գաղափարը, պատերազմի դժվարությունները, անձնական դժբախտությունները, սերը, կորուստը եւ, ի վերջո, հաղթանակը։ Գլխավոր պրոդյուսերներ են Սարիկ Անդրեասյանը, Ղեւոնդ Անդրեասյանը եւ Ռուբեն Ջաղինյանը։
Ղեւոնդ Անդրեասյանի խոսքով՝ ֆիլմը հարգանքի տուրք է մեր պապերին, իսկ սցենարը երկար եւ մանրամասն են քննարկել. «Չէինք հասկանում՝ ինչից սկսել, քանի որ չէինք ուզում լինել պարզ եւ կանխատեսելի, քանի որ պատերազմի մասին խորհրդային տարիներից սկսած՝ շատ ֆիլմեր կան, ստեղծողներն էլ կապված էին իրադարձությունների հետ, անմիջական մասնակից էին շատերը։ Մենք չէինք ուզում մրցել այդ ֆիլմերի հետ։ Երբ Սարիկի հետ 2016-ին եկանք Երեւան եւ հանդիպեցինք Ռուբեն Ջաղինյանին, երկար քննարկումներից հետո եկանք այն մտքին, որ հենց Հայրենականի մասին է հարկավոր ֆիլմ։ Չէ՞ որ մեր պապերից 600 հազար հոգի մասնակցել են, եւ որքան էլ սարսափելի հնչի՝ 300 հազարը չեն վերադարձել»։
Պրոդյուսերը պատմել է, որ իր երկու պապն էլ մասնակցել են պատերազմին: «Մեկն անհետ կորել է, մյուսը վերադարձել է մի քանի տեղից վիրավորված։ Այսինքն՝ սա օտար թեմա չէ, եւ իրականում ամենակարեւոր եւ հուզիչ թեմաներից է՝ ընդհանուր հաղթանակի մասին։ Եվ մենք հիշեցինք Ռայխստագի մոտ հայտնի պարի մասին, որտեղ ինչ-որ մեկը դուդուկ է նվագում, մյուսը՝ զուռնա։ Հասկանալի է, որ այդ գործիքները չէին կարող լինել Բեռլինի երաժշտական խանութներում, նշանակում է՝ հայերը Հայաստանից են դրանք այնտեղ տարել»,- ասել է Անդրեասյանը՝ հավելելով, որ պատմությունը զարգացրել եւ որոշել են՝ պետք է լինի ֆիլմ այդ երաժիշտների մասին։
«Պատերազմ եւ քոչարի» դրաման իրական դեպքերի վրա հիմնված պատմություն է հայկական հեռավոր գյուղից ռազմաճակատ մեկնած 3 ընկերոջ մասին։ Նրանք արիաբար կռվում են՝ պաշտպանելով հայրենի տունը, հայրենիքը։ Եվ պատերազմի դաժան թոհուբոհում նրանց օգնում է երաժշտությունը։ Դերերում են Դավիթ Մխիթարելը, Դավիթ Կոտով-Հովհաննիսյանը, Սերգեյ Մելքոնյանը, Պավել Պրիլուչնին, Աննա Եղոյանը, Մարջան Ավետիսյանը, Միքայել Ջանիբեկյանը, Զեփյուռ Բրուտյանը եւ այլք։
Ֆիլմը հայերեն կրկնօրինակել է «Շարմ Հոլդինգը»՝ «S’harmony» ստուդիայում՝ Հրանտ Թոխատյանի, Անահիտ Քոչարյանի, Արման Նավասարդյանի,Ներսես Ավետիսյանի, Զարուհի Հովհաննիսյանի եւ այլոց մասնակցությամբ։ Գլխավոր կերպարներից Արտաշեսի ձայնի կրկնօրինակումն արել է Տարոն Իսպիրյանը (Պոնչ)։ Վերջինս խոստովանեց, որ գործընթացը հետաքրքիր էր, իսկ դերակատարի հետ խառնվածքով շատ նման են։
«Նա բարի աուրա ունի, դե, ինձ էլ են ասում, որ բարի եմ։ Կրկնօրինակման ժամանակ, կարելի է ասել, դու պետք է անես այն ամենն, ինչն արել է դերասանը։ Ինձ թվում է՝ ստացվել է, դե, կարող էր ավելի լավ լինել։ Հրաշալի ֆիլմ է։ Շնորհավորում եմ եւ շնորհակալ եմ, քանի որ վերջապես այն քիչ թվով ֆիլմերից է, որտեղ հայերն են ներկայացվում Հայրենական պատերազմի ընթացքում։ Հայերը մեծ ներդրում ունեն այդ պատերազմում, պապիկս եւս մասնակցել է՝ տանկիստ էր։ Առաջին հերթին ինձ այս ֆիլմի թեման գրավեց, քանի որ ունեցել ենք մարշալներ, բազմաթիվ հերոսներ, որոնք մեծ ներդրում են ունեցել։ Սիրում եմ, երբ ներկայացնում են մեր անցած ճանապարհը»,- նշել է Տարոն Իսպիրյանը:
Ֆիլմը ցուցադրվում է Երեւանում եւ մարզերում։ Սցենարի հեղինակներն են Ալեքսեյ Գրավիցկին եւ Սերգեյ Վոլկովը։ Բեմադրող օպերատորն Անատոլի Սիմչենկոն է, մոնտաժը՝ Գեորգի Իսահակյանի։ Կոմպոզիտորներն են Արտաշես Անդրեասյանը, Մանուկ Ղազարյանը, Էդգար Հակոբյանը։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ «Շարմ Հոլդինգ»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: