×


Լուսանկարը՝ «Սվարովսկի բյուրեղյա պալատ», Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով, Կոմիտասի սրինգը, կամ ինչպես անցկացնել «Թանգարանային գիշերը»

«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում»․ հենց այս խորագրի ներքո այս տարի կանցկացվեն «Թանգարանների գիշեր» եւ «Թանգարանների միջազգային օր» ամենամյա միջոցառումները մայիսի 17-ին եւ 18-ին։

Հայաստանյան բոլոր թանգարանները հիմնական ցուցադրություններով եւ հատուկ ծրագրերով կսպասեն այցելուներին, դե, իսկ մուտն անվճար կլինի:  Առանձնացրել ենք մի քանի միջոցառում, իսկ ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի պատմության թանգարանում կկայանա մշտական ցուցադրության վերաբացում՝ «Պետականության վերականգնման ուղիներով (15-18-րդ դդ․)» խորագրով, ինչպես նաեւ բարբառներով շրջայց-էքսկուրսիա՝ «Մեր պատմությունը` մեր բարբառներով»։

Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի կրթական երկու ծրագիր՝ «Բացահայտելով թանգարանը» եւ «Ժանրերը կերպարվեստում» խորագրով։

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կներկայացվի ժամանակավոր երկու ցուցադրություն՝ «Վահան Տերյանը՝ ուսանող» եւ «Պատում՝ մեկ իրի․ Կոմիտաս վարդապետի սրինգը» խորագրով։

Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը կներկայացնի դասախոսություն՝ «Մատենադարանի ձեռագրերի վերականգնման գաղտնիքները» (բանախոսներ՝ Մատենադարանի ավագ վերականգնողներ Արթուր Պետրոսյան եւ Արտավազդ Այվազյան)։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կանցկացնի նկարչության բաց դաս «Կոմիտասի տունը» խորագրով (Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի հետ համատեղ), ինչպես նաեւ թանգարան-ինստիտուտի տնօրեն,  կոմիտասագետ, դոցենտ Լուսինե Սահակյանը հանդես կգա «Ծանոթ եւ անծանոթ Կոմիտասը» դասախոսությամբ։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կիրականացվի «Ստվերից այն կողմ» վիդեո արտ նախագիծը, Ժերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին նվիրված «Ժամանակի ճանապարհորդներ» կրթական ծրագիրը, «Արվեստ եւ երազներ» կրթական ծրագիրը (նախատեսված է մեծահասակների համար), ժամանակավոր ցուցահանդեսների շրջայց՝ համադրողի ուղեկցությամբ (հայերեն՝ 16:00, ռուսերեն՝ 17:00, անգլերեն՝ 18:00): Կրթական ծրագրերին եւ շրջայցին մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցմամբ (010) 54 19 32/34): Իսկ ժամը 21:00-ին բացօթյա համերգ է նախատեսված Երեք սուզորդների հարթակում՝ «Հող Արթուն» էթնո-էլեկտրո նախագծի մասնակցությամբ: 

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կներկայացվի ցուցահանդես՝ Մոսկվայի Ե. Գնեսինայի թանգարանի հետ համագործակցությամբ՝ «Ե.Գնեսինան եւ հայ երաժիշտները» խորագրով։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն էլ «ARLOOPA»-ի հետ համատեղ կներկայացնի Սարյանի 5 նկարների անիմացիան, ինչպես նաեւ հանրությանը կներկայացնի «Բանաստեղծները՝ գույների հրաշագործին: Պոետները՝ Սարյանին» ժողովածուն` նվիրված Մ. Սարյանի 145-ամյակին։

Հովհաննես Թումանյանի թանգարանը իրականացնելու է հեքիաթաթերապիա՝ թումանյանական հեքիաթների մոդիֆիկացիաներով, ինչպես նաեւ շնորհանդես՝  Թումանյանի հեքիաթների անիմացիաներ Արցախի բարբառով։

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում հյուրերը կհամտեսեն «Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով»։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կկայանա գրական հատվածի նոր ցուցադրության բացումը, ինչպես նաեւ ֆլեշմոբ եւ ինստալացիոն ցուցադրություն՝ «Հնար» արվեստի աշխատարանի սաների մասնակցությամբ։

Երվանդ Քոչարի թանգարանը կներկայացնի Ե. Քոչարի սեղմումով գործերի, ինչպես նաեւ «Մարդ-քաղաք» շարքի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված անիմացիաների ցուցադրություն։

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) հանդես կգա «Վեր. արվեստագետների փոխազդեցություն» ցուցահանդեսով։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը կիրականացնի քվեստ՝ «Ճամփորդենք Չարենցի հետ» խորագրով։

Իսկ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայացնի վերաբացված հիմնական ցուցադրությունը։

Փայտարվեստի ցուցասրահում էլ այցելուներին կառաջարկեն խեցեգործության վարպետաց դասեր։

Խ. Աբովյանի տուն-թանգարանը կներկայացնի 19-րդ դարի պարահանդեսային ծրագիր՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի հետ համատեղ։ Զուգահեռ կներկայացվեն արվեստին նվիրված դրվագներ՝ Խաչատուր Աբովյանի «Դորպատյան օրագրերից»։
 
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն էլ բակային 2 ավտոտնակի պատերի նկարազարդում կիրականացնի կապուտիկյանական թեմաներով՝ «Բարեկարգում ենք մեր բակը» խորագրի ներքո։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հիմնական ցուցադրությունից բացի, կներկայացվի «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ցուցադրությունը:

Երեւան քաղաքի պատմության թանգարանում էլ կբացվի «Քաղաքային մեղեդիներ. Երեւանի երաժշտական փոխակերպումները» ցուցահանդեսը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW