×


Կրքի եւ խանդի բախում Երգի թատրոնում. Մխիթար Ավետիսյանը եւ Քնարիկ Զաքարյանը՝ «ազատ զույգ»

Իտալացի դրամատուրգ Դարիո Ֆոյի հանրահայտ պիեսը՝ «Ազատ զույգը», նոր մոտեցմամբ եւ շնչով Երգի պետական թատրոնի բեմում է։ Սարկազմով եւ հումորով լի պատմություն՝ ժամանակակից հարաբերությունների, ամուսնության եւ ազատության մասին։ Ինտերակտիվ ներկայացում, որտեղ հանդիսատեսը երբեմն դառնում է գործող անձ։ Զվարճալի եւ ծանոթ ընտանեկան կոնֆլիկտներ, փոխհարաբերություններ, բայց անսպասելի իրավիճակներում։ Կերպարները խոսում, կիսվում են հանդիսատեսի հետ իրենց  ապրումներով: Տալիս են հարցեր, որոնց պատասխանը ցանկանում են լսել ներկաներից։

Պիեսի հիմքում միջին տարիքը բոլորած ամուսնական զույգն է, որը խոր հոգեբանական ճգնաժամ է ապրում: Տղամարդը համոզում է կնոջը, որպեսզի ապրեն ազատ զույգի պես՝ պահպանելով հարգանք միմյանց նկատմամբ։ Կնոջ համար դա անընդունելի է. դժոխքի միջով է անցնում, որպեսզի կարողանա ամուսնուն հետ պահել այդ մտքից: Նախ մտածում է ինքնասպան լինել կամ ամուսնուն սպանել, իսկ որոշ ժամանակ անց որոշում է առաջնորդվել «խաղի կանոններով»: Եվ ահա կնոջ   կյանքում էլ «հայտնվում» են տղամարդիկ։ Ու հենց այդ պահից էլ սկսվում է ամուսնու տառապանքը։ Տեղի է ունենում կրքի եւ խանդի բախում։


«Ազատ զույգին» մարմնավորում են դերասաններ Մխիթար Ավետիսյանը եւ Քնարիկ Զաքարյանը, ռեժիսորը Գրիգոր Խաչատրյանն է։

«Ցավոք, շատ արդիական թեման է, քանի որ ընտանիքներն աստիճանաբար այլ երանգներ են ստանում։ Կոպիտ ասեմ՝ այլասերվածությունը ներխուժում է շատերի կյանք։ Սակայն մենք ցանկացանք, որ սերը հաղթի։ Ու եթե ամուսինը պիտի այդպիսի կյանքով ապրի, հաստատ կհայտնվի այդ պրոֆեսորը, գիտնականը կամ ինչ-որ երրորդ մեկը... Կանայք կարող են իրենց վերագտնել ու հաղթել»,- BRAVO.am-ին պատմում է Քնարիկ Զաքարյանը։


Դերասանուհին անկեղծանում ու խոստովանում է՝ կստի, եթե ասի, որ կերպարի հետ նմանություններ չունի. «Շատ կանանց կյանքում են լինում դավաճանության, լքվածության պահերը։ Իսկ ներկայացման մեջ հնչող երգը, որը վերականգնվեց Մանե Գրիգորյանի շնորհիվ, ջերմ հիշողություններ է արթնացնում։ Այն հետաքրքիր պատմություն ունի, բառերը շատ իրական են։ Այն գրել է Ռուզան Բանդուրյանը»։

Իսկ Մխիթարի հետ առաջին անգամ չէին բեմում․ «Շատ անկեղծ կասեմ՝ հոգիս կերավ, ինձ սպանեց, երբեմն ինձ զգացի ապաշնորհ դերասանուհի, բայց անսահման սիրում եմ իրեն ու շնորհակալ եմ։ Ֆանտաստիկ խաղընկեր է, հենարան է, ու ես իրեն բեմում հավատում ու սիրում եմ»։


«Ես այդքան անկեղծ չեմ կարող լինել, ինչպես Քնարիկը», կատակում է Մխիթար Ավետիսյանն ու հավելում ներկայացման թեմայի մասին. «Հարցերը, որ կանայք միշտ հնչեցնում են՝ ո՞ւր է, ինչո՞ւ չի գալիս տուն, ո՞ւր է գնում, ի՞նչ է անում, դե, տղամարդն էլ երբեմն-երբեմն, ինչը քիչ է պատահում, անկեղծանում է կնոջ հետ, եւ հանգուցալուծումն այնպիսին է լինում, որ տղամարդը, ի վերջո, զղջում է»։


Հարցնում եմ՝ իր կյանքում եղել են նման դեպքեր, միանգամից նկատում է․ «Ես չեմ  սիրում իմ կյանքից խոսել, այլ սիրում եմ իմ ներկայացումներից խոսել»։ Ասում է՝ ներկայացումն ընթանում է մեկ շնչով, իսկ հանդիսատեսի հետ շփումն էլ ավելի տպավորիչ է դարձնում այն. «Ամբողջը մի կտոր է, բայց սիրում եմ Քնարիկի երգի այն հատվածը, երբ տղամարդը դարձի է գալիս»։


Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը նշում է՝ որքան էլ չցանկանանք ընդունել, այս խնդիրը գոյություն ունի. «Լիքը երեւույթներ կան, որ մեզ դուր չեն գալիս, բայց կան։ Եվ եթե խնդիրը կա, ուրեմն՝ մենք պետք է դրա հետ ինչ-որ ձեւով հարաբերվենք։ Պարզ է, որ ազատ զույգի մոդելը ոչ մեկի քիմքին հաճո չէ։ Մենք պարզապես ցույց ենք տալիս, որ այդ երեւույթը կա, ու դա ո՛չ քարոզ է, ո՛չ էլ ինչ-որ բանի հերքում»։

Ռեժիսորի դիտարկմամբ՝ թատրոնը ոչ թե հարցեր է լուծում, այլ՝ բարձրացնում. «Չունեմ առաքելություն բեմում ասել՝ ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Ներկայացնում եմ հիվանդությունը։ Ընդհանրապես, մտածում եմ՝ ռեժիսորը, դերասանները ոչ թե բժիշկներն են, այլ՝ հիվանդները։ Իրանք ցույց են տալիս հասարակության հիվանդությունը։ Ով ինչ կհասկանա, ինքն է որոշում»։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW