Այսօր՝ մայիսի 19-ին, 98 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ բալետմայստեր, խորեոգրաֆ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչը:
Արտիստի կորուստը սգում է նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
«Օպերային թատրոնի բեմում մեծանուն բալետմայստերի լեգենդար բեմադրությունը՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, ամենապահանջված եւ սիրված ներկայացումներից է»,- նշված է թատրոնի տարածած հայտարարությունում:
Յուրի Գրիգորովիչը ծնվել է 1927 թվակականի հունվարի 2-ին՝ Լենինգրադում: 1964-1995 թվականներին եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստերը, 2008-ից՝ նույն թատրոնի խորեոգրաֆը:
Գրիգորովիչը համարվում է 20-րդ դարի նշանավոր խորեոգրաֆներից մեկը։ Նա 8 բալետի հեղինակ է, որոնք ստեղծել է նկարիչ Սիմոն Վիրսալաձեի հետ համագործակցությամբ, մշակել եւ բեմադրել է դասական բազմաթիվ բալետներ: Նրա լավագույն գործերից է Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետի բեմադրությունը (1966 թ., Մեծ թատրոն)։ Եղել է 1980 թվականին Մոսկվայում կայացած ամառային Օլիմպիական խաղերի բացման եւ փակման արարողությունների բեմադրող պարուսույցը:
Արժանացել է 60-ից ավելի ռուսաստանյան եւ արտասահմանյան մրցանակների։ 2009 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Պատվո շքանշանով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: