×


«Քիչ են հարցնում իմ ծնողներից, որոնց մասին շատ կուզեի խոսել». Թեհմինե Խաչատրյան

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Թեհմինե Խաչատրյանը վերջերս «Արտավազդ» է ստացել՝ «Փող: Կիրք: Իշխանություն» ներկայացման մեջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար: Նա BRAVO.am-ի բացահայտումների շարքի նոր զրուցակիցն է եւ պատմել է անչափ շատ պարել սիրելու, ծնողների, աշխատանքի մասին, ու ոչ միայն:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:  

- Քչերը գիտեն, որ շատ եմ սիրում բարձրություն, հատկապես՝ շենքերի կտուրներ: Ինձ անհրաժեշտ է լինում երբեմն-երբեմն բարձրանալ ու այնտեղից նայել, խորհել ու հոգեպես թեթեւանալ: Հեծանիվ քշել եմ սիրում, դա էլ յուրօրինակ ազատություն է տալիս: Ու քչերը գիտեն, որ պարում եմ. կարող եմ ժամերով պարել։

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Շատ-շատ են ինձ վրա մեծ ազդեցություն թողած գործերը: Փորձեմ ամենաազդեցիկները նշել՝ Ֆրեդի Մերկուրիի «Բոհեմական ռապսոդիա»-ն, Էդվարդ Մունկի «Ճիչ» կտավը եւ Ռենե Մագրիտի «Սիրահարները»:

- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ Ձեր մասին վերջերս եք իմացել։

- Գրեթե ամեն շաբաթ մի այդպիսի բան իմանում եմ իմ մասին, բայց դրանք այնքան «զվարճալի» են, որ անգամ չեմ ուզում բարձրաձայնել:


- Ինչի՞ կամ ո՞ւմ մասին կարող եք ժամերով ու առանց հոգնելու խոսել:

- Անվերջ կարող եմ խոսել երեխաներիցս ու իմ թատրոնից:

- 3 պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնը հարազատ Ձեզ:

- Պատճառները իրականում շատ են: Թատրոնն առաջին հերթին սեր է, ազատություն՝ մտքի, հոգու ու մարմնի: Ու էմոցիա՝ ե՛ւ դրական, ե՛ւ բացասական, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու:

- Ինչո՞ւմ է դերասանի առաքելությունը, իսկ Ձե՞րը:

- Դերասանի առաքելությունն է բեմում առավելագույնս անկեղծ լինել, հանդիսատեսին դարձնել քեզ հետ շնչող ու արտաշնչող մի մարմին, որ նա դահլիճում նստած քո միջոցով ճանաչի իրեն ու իր խնդիրները ու, ինչու ոչ, նաեւ քո միջոցով լուծում գտնի: Որ ոչ միայն դու հաճույք ստանաս բեմում արարելուց, այլ նաեւ հանդիսատեսը լիցքավորված ու տպավորված լինի: Ես, համենայն դեպս, այդպես եմ փորձում (ծիծաղում է,-հեղ.):

- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում դերասանի հետ:

- Կարող եմ տեքստ կրկնել հանրային վայրերում քայլելիս ու անգամ չզգալ, որ դա անում եմ բավական բարձր: Եվ, իհարկե, իրավիճակներ կան, որոնք տեղի են ունենում հենց բեմում ու հենց ներկայացման ժամանակ: Դրանք զվարճալի են, տարօրինակ ու վախեցնող:

- Եթե Ձեր մասին ֆիլմ նկարենք, դերասանուհիներից ո՞վ կկարողանա լավագույնս մարմնավորել։

- Հետաքրքիր հարց է (ծիծաղում է,-հեղ.): Ամենայն հարգանքով հայ բոլոր դերասանուհիների նկատմամբ, բայց կարծում եմ՝ ինձ լավագույնս կմարմնավորեր դանիացի դերասանուհի Ռի Ռասմուսենը: Կուզեի, որ նա մարմնավորեր:

- Թատրոնի չերեւացող, բայց Ձեզ համար չափազանց սիրելի կողմը:

- Փորձերն են, այն պահը, երբ կերպարդ նոր է ծնվում: Ու ինձ այդ պահը միշտ շատ դժվարությամբ է տրվում, կամ էլ ես եմ շատ խիստ մոտենում իմ կերպարներին (ծիծաղում է,-հեղ.): Ամեն ժեստի, խոսքի, միմիկայի, հայացքի վրա աշխատում ես ու կամաց-կամաց զգում, թե ինչպես է քո ներսում ծնվում մի այլ կերպար. ֆանտաստիկ երեւույթ է: Անբացատրելի է, երբ սկսում ես չհամաձայնել, ինքդ քո հետ կռիվ տալ, արդարացնել ու մեղադրել կերպարիդ: Բազմաթիվ «ինչո՞ւ»-ներիդ պատասխան փնտրել: Իրականում շատ բարդ է, բայց եւ ինձ համար ամենահետաքրքիր ու սիրելի կողմն է:


- Ինչպե՞ս եք խաղալու շնորհիվ ինքներդ Ձեր մասին նոր բաներ իմանում եւ ի՞նչ եք արդեն հասցրել պարզել:

- Երեւի, ոչ թե խաղալու շնորհիվ, այլ մինչեւ խաղալն եմ այդ ամենը հասկանում ու պարզում: Ամեն նոր դերի հետ ինքս իմ առաջ դնում եմ պահանջներ ու սկսում դրանք կյանքի կոչել՝ լինի ֆիզիկական, թե մտավոր: Ու ամեն անգամ պարզում եմ, որ մեր մասնագիտության մեջ եւ ընդհանրապես կյանքում անհնարին ոչինչ չկա: Դու ամեն բան կարող ես, ընդամենը պետք է հավատաս քեզ ու քո էներգիային։

- Ո՞րն է մշակույթի շնորհիվ մարդկանց միջեւ տեղի ունեցող երկխոսության ամենակարեւոր ձեռքբերումը:

- Սերն է: Ընդհանրապես մեր կյանքը սիրելու, սիրելով ստեղծագործելու, արարելու մեջ է: Նորություն չեմ ասի, բայց հատկապես մշակույթի ոլորտում առանց սիրո չես կարող երկար դիմակայել: Այստեղ ամենի հիմքը սերն է, այն «քիմիան» է, որը տեղի է ունենում նախ դերասանի եւ պիեսի, հետո դերասանի եւ ռեժիսորի եւ վերջում արդեն հանդիսատեսի եւ ներկայացման միջեւ: Իհարկե, սա իդեալական համադրում է, ու երբ այս ամենը համընկնում է, այդ երկխոսությունը կայանում է:

- Ձեր 3 ամենասիրելի թատրոններն ու ռեժիսորները:

- Օ՜, բնականաբար, առաջինն իմ հարազատ թատրոնը՝ ռուսական դրամատիկականը։ Շատ-շատ են լավ թատրոնները, մանավանդ հիմա համացանցի շնորհիվ կարողանում ես հետեւել այլ երկրների թատրոնների գործունեությանը: «Գոգոլ կենտրոնն» եմ սիրում, եւ վերջերս ինձ համար բացահայտեցի ուկրաինական «Freedom Ballet» թատրոնը: Սիրելի ռեժիսորներն էլ են շատ, ուղղակի կառանձնացնեմ նրանց, որոնց ներկայացումներից ամենաշատն եմ տպավորվել՝ Վահե Շահվերդյան, Կիրիլ Սերեբրեննիկով, Էյմունտաս Նյակրոշյուս:

- Դերասանի աշխատանքի կարեւոր սկզբունքները, որոնք Ձեզ համար երբեք չեն հնանա:

- Ներքին կարգապահությունը, հարգանքը քո մասնագիտության հանդեպ եւ աշխատասիրությունը:

- Իսկ ժամանակակից միտումների բերած փոփոխություններն ինչպե՞ս են փոխել թատրոնը:

- Միայն դեպի լավն են փոխել: Թատրոնը ողջ օրգանիզմ է ու, այո, պիտի քայլի, եթե ոչ տվյալ ժամանակից առաջ, ապա գոնե ժամանակի հետ: Այսօրվա հանդիսատեսին, մանավանդ՝ երիտասարդներին, թատրոնով գրավել շատ ավելի բարդ է, իսկ երբ նա տեսնում է բեմում իր ժամանակին համահունչ «թրենդային» լուծումներով ներկայացում, վստահաբար, նրան կտեսնենք նաեւ մյուս ներկայացումներին:


- Սիրելի դերասան, որի հետ կուզեք նույն բեմում հայտնվել կամ ֆիլմում նկարահանվել:

- Էդրիեն Բրոուդիի կամ Խավիեր Բարդեմի, իսկ եթե բախտ վիճակվեր երկուսի հետ էլ հայտնվել բեմում կամ նկարահանման հրապարակում, կատարյալ կլիներ:

- Հարց, որ երբեք չեն տվել, բայց շատ կուզեիք այդ մասին խոսել։

- Շատ քիչ են հարցնում իմ ծնողներից, որոնց մասին շատ կուզեի խոսել: Իրականում շատ համեստ մարդիկ են, որոնց անչափ շնորհակալ եմ: Նրանց դաստիարակության շնորհիվ կարողանում եմ ապրել ու արարել եւ առանց կոտրվելու միշտ առաջ գնալ:

- Մայր լինելու ամենահաճելի կողմերը:

- Օ՜, ամենահաճելին հենց մայր լինելն է:

- Իսկ մի քիչ հոգնեցնողնե՞րը:

- Հենց մայր լինելը:


- Ի՞նչ եք սովորել Ձեր երեխաներից:

- Մինչեւ հիմա սովորում եմ անկեղծ լինել:

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Անկեղծ՝ չգիտեմ: Ինձ էլ է հետաքրքիր, կարելի է պարզել:

- Ի՞նչ եք ինքներդ Ձեզ ասում հուսահատության պահերին:

- Որ իրավունք չունեմ հիասթափվելու եւ թեւաթափ լինելու, որովհետեւ երկու զավակ ունեմ, որոնց իմ քայլերով ու գոյությամբ օրինակ եմ ծառայում:

- 5 իր, առանց որոնց Ձեր կյանքը չեք պատկերացնում:

- Առաջինը՝ հեռախոս, լիցքավորիչ, օծանելիք, ակնոց եւ զարդերս: Այս հինգ իրը միշտ ինձ հետ են:

- Ձեր ոճի մի քանի կանոն:

- Հարմարավետություն եւ ճիշտ համադրում:

- Հագուստ, որ երբեք չի լինի Ձեր զգեստապահարանում:

- Իրականում չկա այնպիսի հագուստ կամ կոշիկ, որ իմ զգեստապահարանում չունենամ՝ դասական սեւ կարճ շորիկից մինչեւ սպորտային լայն տաբատ, մարզակոշիկներից մինչեւ խիստ դասական բարձրակրունկներ: Զգեստապահարանս ինձ պես բազմազան է ու բազմերանգ:


- Երեւանում ամենասիրելի անկյունները:

- Թատրոնի հասցեն է՝ Աբովյան 7, եւ Կասկադն եմ շատ սիրում, մանավանդ՝ ամենաբարձր վայրը. երբ խորհելու, մտածելու առիթ եմ ունենում, բարձրանում եմ այնտեղ, ու հավատացեք, լրիվ այլ զգացողություն է:

- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:

- Մայրիկիս թխած հացի հոտը: Մեր մանկության տարիներին՝ 90-ականներին, դժվար ժամանակներ էին, մայրս սկսեց հաց թխել, ու այդ հացի հոտը մինչեւ հիմա հայրական տանս զգում եմ ու ընկնում մանկություն:

- Մեր մեծերից ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել եւ ի՞նչ հարց կտայիք:

- Փարաջանովի հետ կուզեի հանդիպել ու, երեւի, կհարցնեի, թե ինչպես է կարողացել այդպես սիրել:

- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:

- «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ արված այս լուսանկարը: Անբացատրելի հույզեր էին, նկարն ինքնին ամեն բան ասում է:


- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Այս հարցին կպատասխանեմ մի քիչ այլ կերպ: Վերջին մեկ տարում ինձ տպավորել են ոչ թե 3 մարդ, այլ իմ հարազատ թատրոնի ողջ անձնակազմը՝ տնօրենից մինչեւ մաքրուհիներ: Իրոք այնքան ջերմություն ու սեր եմ զգում բոլորից, որ չեմ կարող նույնությամբ չպատասխանել:

- 2 ֆիլմ՝ տխրելու եւ ուրախանալու համար:

- Տխրում եմ «Շինդլերի ցուցակը» ֆիլմից, իսկ որպես կատակերգություն շատ եմ սիրում «Տուտսի»-ն:

- Կարեւոր բացահայտում, որ արել եք կյանքի մասին:

- Յուրօրինակ հարց է: Կյանքը հիասքանչ է իր դժվարություններով, աննորմալ ռիթմով, փորձություններով, որի միջով ստիպված անցնում ենք ամեն օր, բայց միեւնույն է՝ այն հիասքանչ է (ծիծաղում է,-հեղ.):

- Մասնագիտական խորհուրդ, որ Ձեզ տվել են, բայց օգտակար կլինի իմանալ ոչ միայն արվեստի մարդկանց:

- Երբ առաջին օրն իմ վարպետը՝ լուսահոգի Ալեքսանդր Գրիգորյանը, մտավ լսարան, ասաց. «Արեք այնպես, որ ոչ միայն ձեզ հետաքրքիր լինի ինձ հետ, այլ նաեւ, որ ինձ էլ հետաքրքիր լինի ձեզ հետ»: Անցել է մոտ 24 տարի, բայց այդ խոսքերը դաջվել են իմ գիտակցության մեջ, ու մինչեւ հիմա աշխատում եմ ինձ վրա, որպեսզի լինեմ հետաքրքիր մայր, զրուցակից, խաղընկեր, ընկեր, զավակ: Կարծում եմ՝ ստացվում է  (ծիծաղում է,-հեղ.):

- Մեկ բան, որ կուզեիք փոխել աշխարհում եւ ի՞նչը հատկապես Ձեր սրտով չէ:

- Շատ կուզեի, ավելի ճիշտ՝ երազում եմ, որ պատերազմներ չլինեն աշխարհում: Դա ամենակարեւոր բանն է, որ կուզեի փոխել:


- Հայելու մեջ նայելով՝ ինչերի՞ համար կասեք, որ Ձեզ սիրում եք:

- Գիտեք, վերջին մի քանի տարում սկսել եմ ինձ շատ ավելի սիրել, քան երբեւէ: Ու այդ ժամանակ ամեն ինչ փոխվում է, աստիճանաբար, իհարկե, զգում ես, որ քեզ շրջապատող ու քո կյանքի մաս կազմող ամեն բան շատ ավելի վառ է ու գունավոր: Շնորհակալ եմ ու հպարտ ինձնով՝ այսօրվա իմ տեսակի համար:

- Փոքրիկ ուրախություններ, որոնք Ձեր օրն անմոռանալի են դարձնում:

- Երեխաներիս հետ շփումը: Ցավոք, մասնագիտության ու զբաղվածության հետեւանքով շատ քիչ եմ կարողանում ժամանակ անցկացնել նրանց հետ: Դրա համար ամեն մի օրն ու ժամը, երբ միասին ենք, ինձ համար փոքրիկ անմոռանալի ուրախություն են:

- Ի՞նչ է ապրելու արվեստը Ձեզ համար:

- Սերը, միմիայն սերն է ստիպում ապրել:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ռուսական թատրոնի, BRAVO.am-ի եւ անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW