Երեւան քաղաքի պատմության թանգարանում այս օրերին ներկայացնում են հայկական ազգային նվագարաններն ու պատմում քաղաքի երաժշտական կյանքի մասին։ «Քաղաքային մեղեդիներ. Երեւանի երաժշտական փոխակերպումներ» ցուցադրության շրջանակում կարելի է ծանոթանալ հայկական նվագարանների ողջ բազմազանությանը մինչեւ հուլիսի 17-ը:
«Մեր թանգարանում առկա է շուրջ 100 հազար ցուցանմուշ, որոնք վերաբերում են քաղաքի ամենատարբեր ու բազմազան պատմական իրադարձություններին։ Ազգային նվագարանները մեր երաժշտության եւ ինքնության հիմքն են ու դրանք ներկայացնելը շատ կարեւոր է։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում երաժիշտ, երգահան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանին, որն իր հավաքածուից մի քանի նմուշ տրամադրեց մեզ»,- նշել է Երեւանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Օրբելյանը:
Ցուցադրությանն առանձնահատուկ հմայք ու հետաքրքրություն են հաղորդում Արա Գեւորգյանի հեղինակային բաս-քանոնները: «Այստեղ են այդ գեղեցկուհիներից երկուսը, ընդհանուր առմամբ, պատրաստվել է ընդամենը հինգը, իսկ հրաշալի վարպետն Ալբերտ Զաքարյանն է, որը, ցավոք, մահացել է»,- պատմել է երաժիշտն ու հավելել՝ բոլորս պետք է լինենք մեր մշակույթի եւ ազգային արժեքների կողքին։
Նրա խոսքով՝ բաս-քանոնը հայկական ազգային նվագարաններում կատարում է բասի գործառույթը, այդ նպատակով, սովորաբար, կիրառվել է ուդը, բայց քանի որ նրա լարերն ավելի բարակ են, երաժիշտները հաճախ դիմել են կոնտրաբասի օգնությանը:
Արա Գեւորգյանի անձնական հավաքածուից այլ նմուշներ էլ են ներկայացված. «Ցուցադրված է հայրիկիս՝ Կառլեն Գեւորգյանի թառը, որով նա 1960-ականներին է նվագել, երբ ղեկավարել է սարքաշինական գործարանի ժողգործիքների նվագախումբը։ Այստեղ է նաեւ Ջիվան Գասպարյանի դուդուկը, որը նվեր եմ ստացել իր ստորագրությամբ»,- ավելացրել է երաժիշտը:
Մատենադարանի ու Գրականության եւ արվեստի թանգարանի կարեւոր ցուցանմուշներ եւս ներկայացված են «Քաղաքային մեղեդիներ. Երեւանի երաժշտական փոխակերպումներ» ցուցահանդեսում:
«Լուսանկարներ, ձեռագիր մատյաններ ենք վերցրել, որոնցում պատկերված են երաժշտական գործիքները։ Դրանք էլ հիմք ծառայեցին ցուցադրությունը ենթաթեմաների՝ լարային, փողային, հարվածային գործիքների բաժանելու համար: Ցուցադրել ենք նաեւ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու քշոցներն ու ծնծղաները, որոնք օգտագործվել են ծիսակատարությունների ժամանակ։ Մեզ մոտ է նաեւ դաշնամուրի գործարանի արտադրանքը՝ 1800-ականների դաշնամուր, որը 1906 թվականին Երեւանում Կոմիտասն է նվագել։ Թեեւ հիմա այն էլ կիրառելի չէ, բայց իրենից կարեւոր պատմական արժեք է ներկայացնում»,-մանրամասնել է թանգարանի տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Օրբելյանը:
Ցուցադրությունը հնարավորություն է տալիս ոչ միայն ավելի մանրամասն ծանոթանալ եւ ուսումնասիրել հայկական ամենատարբեր գործիքները, այլ նաեւ տեսնել, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոփոխվել քաղաքի երաժշտական կյանքը, ինչ նոր ուղղություններ ու խմբեր են ի հայտ եկել, ինչպես են ռոքն ու ջազը մուտք գործել քաղաք ու լայն տարածում գտել: Մի առանձին հատված էլ տրամադրվել է Երեւանի քույր քաղաքների կողմից նվիրված երաժշտական գործիքներին:
«Ներկայացրել ենք նաեւ երաժշտության ստեղծման վերափոխման ընթացքը՝ ազգային գործիքներից մինչեւ ժամանակակից հավելվածները։ Պատահական չէ, որ խորագրի անվանումը դրել ենք «Երեւանյան մեղեդիներ. Երեւանի երաժշտական փոխակերպումները»: Ժամանակի ընթացքում այս ասպարեզում իսկապես հսկայական տեղաշարժեր են տեղի ունեցել, բայց ազգայինը մշտապես գեղեցիկ է, ուղեկցում է մեզ ու սեփական ինքնության մի մասն է»,- ընդգծել է Գեւորգ Օրբելյանը:
Թանգարանը համագործակցել է Սայաթ-Նովայի եւ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցների հետ, որտեղ երեխաները մասնագիտանում են ազգային գործիքների ասպարեզում: Երեկոյի ընթացքում դպրոցների սաներն իրենց գեղեցիկ կատարումներով ազդարարեցին ցուցադրության բացումը։ Նրանց շնորհիվ սրահը լցվեց քամանչայի, սանթուրի, դուդուկի, քանոնի, ուդի եւ մյուս գործիքների ազդեցիկ հնչյուններով։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: