×


«Կյանքի հետ պայման եմ կապել»․ Գոշ Հակոբյանը՝ մայրիկի, Իննա Խոջամիրյանի, սիրո, կանանց եւ ֆիլմերի մասին

Գոշ Հակոբյանը, կարիերան սկսելով որպես երգիչ, դերասան, հիմա հայտնի ռեժիսոր եւ պրոդյուսեր է. «Սիրելի Սահմի»-ն, թերեւս, նրա նախագծերից ամենաճանաչվածն ու սիրվածն է, «Հոթել գրանդ»-ն ու «Շախմատիսը» նույնպես նրա աշխատանքներից են: Գոշի անձնական կյանքը եւս հանդարտ չէ ու տարաբնույթ քննարկումների առիթ է տարիներ շարունակ։ BRAVO.am-ի հետ նա զրուցել է կյանքի տարբեր փուլերի, ֆիլմարտադրության եւ առաջիկա անելիքների մասին:

- Սկսենք ամենասկզբից՝ հիշողության մեջ դաջված մանկության հուշերից:  

- Մինչեւ 12 տարեկան ամառները Կապանում էի անցկացնում, որտեղ տատիկիս տունն է: Այնտեղ մի լիճ կա, որում լողալ եմ սովորել: Մորաքրոջս տղաներն ինձ բրդեցին ջուրը, որում նաեւ նավակներ կային: Այսօրվա պես հիշում եմ՝ կյանքի ու մահվան ինչ կռիվ էի տալիս. այդ նավակների «պտտվող ոտքերը», կարծես, իմ ուղղությամբ էին գալիս։ Այդ լիճն իմ փորձությունների տեղն էր, որտեղ ես ուզում էի եղբայրներիս պես մեծ երեւալ, իրենց նման լինել։ Դա իմ կյանքի առաջին մարտահրավերն էր։ Մեկ էլ գյուղում հին, լքված «Կամազ» կար, որի շուրջ խաղում էինք՝ մեկն իբր վարում էր, մյուսը՝ որսորդական զենքով որս անում։ Մանկությանս ամենապատկերավոր կտորն է։


- Ինչպիսի՞ն է Ձեր ընտանիքը եւ ի՞նչ եք հասցրել անել պատանեկության տարիներին:

- Եթե առաջնորդվենք ավանդական ընտանիքի մոդելով, ապա զուտ տեխնիկապես իմ ընտանիքը կիսատ է համարվում, քանի որ ինձ եւ եղբորս մայրս է մեծացրել. հայր չունեմ։ Փոքր տարիքում ապրել եմ Հայաստանում, իսկ պատանեկությանս մեծ մասն անցկացրել եմ Եվրոպայում. Անգլիայում ավարտել եմ Քեմբրիջի Սենթ Էնդրյուսի քոլեջը, վերադարձել Երեւան, բայց այստեղ չհարմարվելով՝ երիտասարդական ծրագրով մեկնել եմ Գերմանիա: Մեկ տարի անց հետ եմ եկել ու Ամերիկյան համալսարանում ուսումս շարունակել երկու տարբեր ուղղությամբ. նախ բիզնես եւ կառավարում եմ սովորել, հետո արդեն՝ ֆիլմարտադրություն։

- Վերադառնանք մարտահրավերներին. տարիքի հետ դրանք միանշանակ փոխվել են:  

- Միշտ, անընդհատ մարտահրավերների մեջ եմ։ 2021-ին տաղանդավոր ու շատ սիրելի Հրաչ Քեշիշյանը բացեց ATV-ի գլխավոր պրոդյուսերի սենյակի դուռն ու ասաց՝ իմն է: Հիմա ինքս մեծ ստուդիա ունեմ, բայց ոչինչ չի համեմատվի այդ վայրկյանին իմ զգացածի հետ: Այնքան պարտական եմ, որ այդ կարեւոր ու մեծ մարդու պաշտոնը նա տվեց փոքր մարդուն։ Ու այ հենց այդ պահին մանկական փշերը, որ ես զգացել էի լիճն ընկնելիս, վերապրեցի։ Նույն մարտահրավերը զգացի, ինչ այն ժամանակ, երբ եղբայրներս լողում էին լճում ու ինձ ասում՝ դեռ չլողամ, քանի որ ջուրը սառն է, ես էլ՝ փոքր: Մանկությունից ինձ ուղեկցող վարքագիծ է՝ ապացուցել, որ կարող եմ, հնարավոր է՝ ինքնապաշտպանության ձեւ է, եւ երբեք չի կորչել։

- Ձեզ եւ Ձեր եղբորը մեծացնելիս մարտահրավերներ է հաղթահարել նաեւ Ձեր մայրը:  

- Մայրիկի համար, դե, շատ դժվար է եղել: Խնդրահարույց երեխա էի, կռվարար։ Մի անգամ ծեծկռտուքից հետո կազմակերպել էին, որ գնամ, ներողություն խնդրեմ, բայց նորից ծեծեցի (ծիծաղում է,-հեղ.): Ամերիկյան համալսարանի, երեւի, միակ ուսանողն եմ, որ չորս անգամ հեռացրել են, ու ես ամեն անգամ նամակ եմ գրել ու վերականգնվել։ Միշտ տաքարյուն ու պայթյունավտանգ եմ եղել։ Մամայիս շատ եմ անհանգստացրել, բայց ինքն ինձ տվել է ավելին, քան կարող էր։ Տեխնիկապես անհնար էր, որ նա կարողանար զբաղեցնել հորս տեղը, բայց իր հնարավորության սահմաններում արել է ամեն ինչ։ Արդյունքում ես մեծացել եմ կնամեծար ու հարգալից։ Կնոջն այս կյանքում անհրաժեշտ է մեկ բան՝ սիրված լինել:


- Արդյո՞ք հիմա սիրահարված եք եւ ո՞րն է սիրելու Ձեր ձեւաչափը:

- Ոչ։ Այնպես էլ չի, որ հիմա փնտրում եմ։ Ընդհանրապես, ես կանանց շատ եմ սիրում, չեմ թաքցնում, բայց սահմանի ու չափի մեջ։ Սիրում եմ իմ ազատությունը վայելել, բայց նաեւ ազատություն եմ տալիս. բռնապետ չեմ հարաբերություններում։

- Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեր սիրելիին:

- Կլինի այնպիսին, ինչպիսին ուզում է լինել: Բայց քանի որ հարաբերություններ շատ եմ ունեցել դերասանուհիների եւ այլ աղջիկների հետ, որոնք սոցցանցերում ակտիվ են ու կարեւորում են այնտեղ սիրված լինելը, դա ինձ հիմա մի քիչ նյարդայնացնում է: Ինքս մի փոքր փակ կյանքով եմ ապրում եւ կուզեի, որ նա դա հետս կիսեր։ Շատ թրենդներ եւ պրանկեր կան, որոնց մոտիվը ես չեմ հասկանում։ Գուցե մի քիչ հին մտածելակերպ ունեմ, բայց կենցաղի եւ ընտանեկան մանրամասների հրապարակումն ինձ համար ողջունելի չէ։ Այսօր սոցիալական մեդիան նույնիսկ մարդկանց անկողին է ներխուժել:

- Իսկ որո՞նք են նախընտրելի արտաքին հատկանիշները, ինչպե՞ս եք վերաբերվում պլաստիկ միջամտություններին:    

- Որոշակի շտկումներին դեմ չեմ, բայց երբ չափն անցնում են, հարց է առաջանում՝ հանուն ինչի՞: Չէի ուզի, որ կողակիցս շատ վիրահատությունների ենթարկված լինի: Եթե գեղեցկության կարծրատիպային չափանիշներին է ձգտում, ինչը ես չեմ սպասում իրենից, ապա ինչո՞ւ է անում, լսարանի՞ համար:

- Ձեր եւ Իննա Խոջամիրյանի բաժանումը շատ քննարկվեց: Հե՞շտ էր անընդհատ այդ մասին լսելն ու խոսելը:

- Այդ պահին շատ ճիշտ, մեծավարի ու հասուն լուծում էր։ Հասնում եք մի կետի, երբ ինքնաքչփորման եւ ինքնախարազանման գործընթացներ են սկսվում, նշանակում է՝ խնդիր կա։ Այլ բան է, երբ երկու մարդ ընդունում են խնդիրն ու միասին փնտրում լուծումներ, ու բոլորովին այլ՝ երբ երկուսն էլ ունեն սեփական ամբիցիաներ եւ պարզապես շարունակում են իրենց առանձին ճանապարհները։

Մենք այնքան հասուն ձեւով ենք բաժանվել, որ կարող ենք շարունակել շփվել որպես ծանոթներ։ Շատ գեղեցիկ պատմություն էր, իսկ նման պատմությունները բնավորություն ունեն ավարտվելու։ Ավելի լավ է գեղեցիկ ավարտը ճիշտ ժամանակին, քան՝ ուշացածն ու շատ տգեղը:

- Երբեւէ կրկին կաշխատե՞ք Խոջամիրյանի հետ:

- Չեմ բացառում, քանի որ Իննան շատ ուժեղ դերասանուհի է։ Նա Թատերականը չի ավարտել, բայց տեսախցիկը զգալու, շունչը զգալու այնպիսի շնորհ ունի, որ ուրիշ դերասաններ չունեն։

- Անջնջելի զգացումը, որ երբեւէ ապրել եք:

- Առաջին սիրահարվելս, երեւի, երբ 15 տարեկան էի։ Ձյուն էր գալիս, համբուրվեցինք, պարեցինք... Բաներ, որոնք այս տարիքում, երեւի, չանեմ, ասեմ՝ ցուրտ է, գնացինք (ժպտում է,-հեղ.):

- Կտրուկ անցում կատարենք երգելուն, ինչո՞ւ չշարունակեցիք:

- Երգը միշտ էլ այս կամ այն կերպ ուղեկցել է ինձ։ 18 տարեկանում դա ինձ համար հայտնի դառնալու ամենահասկանալի ուղին էր: Սկսեցի երգել, եղան նաեւ առաջին նախածերը. սկզբում «Ֆուլ Հաուսն» էր, ցատկահարթակ դարձավ «Ոսկե դպրոցը»։ Մի օր Վաչե Թովմասյանը գրեց, նկարահանվեցի, ու սկսվեց ճանաչելիությունս։ Այդ ընթացքում հասկացա, որ էլ չեմ ուզում երգել:


Քովիդից հետո սկսվեցին իմ անձնային փոփոխությունները՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով ու իրադարձություններով։ Կյանքում եղավ մի փուլ, երբ սկսեցի վերանայել իմ ներգրավվածությունը որոշ նախագծերում։ Հիմա, երբ հետ եմ նայում իմ երգերին, ինքս ինձ հարց եմ տալիս՝ այդ ի՞նչ էի անում։ Կարող եմ բացատրել, բայց շատերը չեն հասկանա, քանի որ պետք է անձամբ անցնել այդ ճանապարհը:

- Էլ չե՞ք նկարահանվի որեւէ նախագծում:

- Հիմա միայն իմ տեսախցիկը կարող է ինձ նկարահանել, իմ թիմի մասնակցությամբ: Շատ փոքր է հավանականությունն ինձ էկրանին տեսնելու։ Երգելն ավելի է բացառվում։


- Իսկ ռեժիսուրայի եւ պրոդյուսերության ոլորտում ինչպե՞ս եք գնահատում Ձեր կարողությունները:

- Համար մեկն եմ (ծիծաղում է,-հեղ.): Իհարկե, կատակում եմ: Բայց դե, ամենաբարձր նշաձողին հասնելու հավակնություն ունեմ: Որպես ռեժիսոր՝ շատ եմ կարեւորում նորի ստեղծումը. կրկնելը երբեք ինձ չի գրավել, ես ուզում եմ նոր գաղափարներ առաջարկել: Ռեժիսուրայում կրթությունը պետք է զուգակցվի երեւակայության հետ: Ֆիլմը շատ նուրբ արվեստ է, որտեղ փոքր սխալը կարող է փչացնել կադրի ուժը:


11 տարեկանում եմ աշխատել իմ առաջին 2000 դրամը՝ հայտարարության հիման վրա տրանսպորտով գնալով եսիմ ուր եւ համակարգիչ ֆորմատավորելով: Այդ պահից սկսած՝ իմ արած բոլոր աշխատանքները հիմա ինձ օգնում են Parie Media-ի ֆիլմերն արտադրելու հարցում: Ինչ-որ փուլում ես բառացիորեն «գրազ եմ եկել» կյանքի հետ։ Իսկ «Parie»-ն հենց նշանակում է պայման կապել:

- Այս շրջանում ի՞նչ նախագծերի վրա եք աշխատում:

- Հիմա 4 նախագիծ կա, որոնցից մեկն առաջարկ է, մյուսը՝ հնարավորություն եւ այլն։ Էլի իմ կյանքում ճիշտ որոշում կայացնելու պահերից է, ճիշտ մարտահրավերն ընդունելու։ Հաճախ որոշումները կայացնում եմ պահի ներշնչանքով, բայց հիմա նպատակս իմ նախորդ գործերը գերազանցելն է: Ուզում եմ առաջ գնալ՝ առանց ինձ խաբելու:


- Ինչպե՞ս եք որոշում՝ ում հետ համագործակցել, աշխատանքում ի՞նչ չափորոշիչներ կան:

- Հեռու եմ տիպիկ հայկական ձեւաչափից, երբ ամեն ինչ որոշվում է միայն բանավոր խոսքով ու վստահությամբ, թեեւ ինքս մի փոքր քյարթու եմ: Սա իրական դիլեմա է։ Օրինակ՝ եթե աղջկա հետ սրճարան գնամ, նա չի կարող ինձ համոզել, որ հաշիվը պետք է հավասար փակենք։ Բայց երբ խոսքը գործի մասին է, գնահատում եմ հստակ կարգուկանոնն ու եվրոպական մոտեցումները։ Այսօրվա ֆիլմարտադրության մեջ շատ բացեր կան, բայց գլխավորը լավ սցենարի բացակայությունն է:

Զրուցեց Արմինե Բրսոյանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW