×


Երեւանում կհնչեն իտալական սիրելի ու հանրահայտ սաունդթրեքերը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը պատրաստվում է երեւանյան հանդիսատեսին ներկայացնել համաշխարհային կինոյում հնչող իտալական գեղեցիկ ստեղծագործությունները: Մայիսի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգը կղեկավարի իտալացի դիրիժոր Ալֆրեդո Ստիլոն։

Երեկոյի ընթացքում կներկայացվեն սաունդթրեքեր «Կնքահայրը», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Ուոլ սթրիթի գայլը», «Տաղանդավոր միսթր Ռիփլին», «Անսանձի սանձահարումը», «Մի անգամ Ամերիկայում», «Կինոթատրոն Պարադիս», «Կյանքը հիասքանչ է», «Մի անգամ վայրի Արեւմուտքում», «Առաքելություն» եւ հայտնի այլ ֆիլմերից:

Կհնչեն իտալացի ճանաչված կոմպոզիտորներ Էնիո Մորիկոնեի, Նինո Ռոտայի, Ջակոմո Պուչինիի, Ռենատո Կարոզոնեի, Թոմազո Ալբինոնիի, Դոմենիկո Մոդունյոյի, Ումբերտո Տոցցիի, Նիկոլա Պիովանիի, Ջիմի Ֆոնտանայի եւ «Ricky e Poveri» խմբի ստեղծագործությունները:

«Note Italiane Al Cinema» («Իտալական երաժշտություն ֆիլմերում») խորագրով համերգին մասնակցում է նաեւ Երեւանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։

Մենակատարներն են Տիգրան Մելքոնյանը (տենոր), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Արման Վարդանյանը (բարիտոն), Ալբերտ Նավասարդյանը (սաքսոֆոն), Աստղիկ Վարդանյանը (ջութակ), Նունե Արզումանյանը (դաշնամուր), Վարդան Գաբոյանը (էլեկտրո կիթառ), Վահագն Վարդանյանը (մելոդիկա, օկարինա, բլոկ ֆլեյտա, էլեկտրո դաշնամուր)։

Իտալական երաժշտության երեկոն իրականացնում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը:  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW