×


«Գանգսթեր Մաք»-ի պրեմիերան՝ Էմմա Մանուկյանի, Դիանա Մալենկոյի եւ մյուսների փոլ-դենսով եւ համարձակ լուծումներով

Դրամատիկականի ամենասիրված ու սպասված ներկայացումներից մեկը նորովի է բեմադրվել։ Մեկուկես տարվա դադարից հետո բեմ է վերադարձել «Գանգսթեր Մաքը»։ BRAVO.am-ը երեկ ներկա է եղել փակ նախադիտմանը, զրուցել ներկայացման հեղինակների հետ, լուսանկարել բեմում ու հետնաբեմում։

Գիշերային ակումբի պարուհի Մենդին, որը Լոնդոնի ամենահեղինակավոր գանգսթերի ընկերուհին է, սիրահարվում է կիրթ եւ ժպտերես Լերրիին: Պատահական բուռն գիշերից հետո նրանք հայտնվում են վտանգավոր շրջապտույտում, որի ընթացքում բացահայտվում են գանգսթեր Մաքի եւ նրա հանցավոր խմբի մութ գործերը։ Առաջին հայացքից քրեական այս կոմեդիան իրականում դուրս է ժանրային սահմանափակումներից, համեմված է սիրային պատմություններով, պարային շքեղ ու համարձակ դրվագներով եւ անսպասելի հանգուցալուծմամբ:


«Առաջին անգամ խաղացել ենք 2018-ին։ Այն ժամանակ մեծ ուշադրության արժանացավ, աղմուկ հանեց, քանի որ հանդիսատեսին ե՛ւ ժանրն էր հետաքրքիր, ե՛ւ ընդհանուր մոտեցումները, պարերը։ Քովիդի փակ շրջանից հետո, երբ թատրոնը քիչ-քիչ վերսկսեց աշխատանքները, «Գանգսթեր Մաք»-ի կազմն ամենաառողջն էր, կարծես, քանի որ բոլորը երիտասարդներ են (ժպտում է,- հեղ․)։ Սկսեցինք խաղալ, եւ հանդիսատեսը մեծ կարոտով գալիս էր բոլոր օրերին։ Այդպես, կարելի է ասել, «մաշվեց» մեր ներկայացումը տարբեր իմաստներով։ Կարիք կար թարմացնելու, փոխելու թե՛ դեկորները, թե՛ զգեստները, նորովի բեմադրելու պարերը»,- պատմել է ներկայացման ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը:


Նրա խոսքով՝ այս մեկուկես տարվա ընթացքում, երբ դադարել էին խաղալ «Գանգսթեր Մաք»-ը, հանդիսատեսը հաճախ հետաքրքրվել է՝ երբ այն նորից բեմում կլինի։ Հասկացել են՝ պիտի վերաբեմադրեն․ «Եթե այն ժամանակ երկմտում էինք ավելի համարձակ լինելու հարցում, ապա այս անգամ որոշեցինք շատ ավելի վստահ անել այն, ինչ ժամանակին կասկածում էինք։ Օրինակ՝ հրավիրեցինք փոլ-դենսի պրոֆեսիոնալ պարուսույցի՝ Ժաննա Դոսովային, եւ բոլոր պարերը նորովի բեմադրեցինք այնպես, ինչպես պետք է լինի իրականում»։


Դերասանական կազմում փոփոխություններ չկան։ Ներգրավված են Էմմա Մանուկյանը, Էմմա Մկրտչյանը, Լեւոն Հախվերդյանը, Դիանա Մալենկոն, Լիդա Լեւոնյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Գագիկ Մկրտչյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Վլադիմիր Մսրյանը, Նարեկ Քթոյանը, Լիդիա Գրիգորյանը եւ Մարիամ Ադամյանը։


Մեզ հետ զրույցում Դիանա Մալենկոն նկատեց՝ ներկայացումն իր նոր ձեւաչափով ու լուծումներով համապատասխանեցրել են ժամանակակից թատրոնի պահանջներին՝ մի կողմ թողնելով վախերն ու կասկածները։ Խոստովանում է՝ ավելի պրոֆեսիոնալ են դարձել պարերում․ «Եթե այն ժամանակ լավ էինք պարում սկսնակի համար, ապա հիմա մեր նշաձողն էր, որ պրոֆեսիոնալ պարենք։ Հուսանք՝ հուզմունքը չի խանգարի ներկայացնել այնպես, ինչպես նախատեսել ենք։ Իհարկե, հեշտ չի եղել. շատ ենք աշխատել»։


Հուզմունքը դերասաններին չի խանգարել տպավորիչ ներկայանալ ծանոթ ու անծանոթ հանդիսատեսին, ինչը կարելի էր հասկանալ դահլիճի արձագանքից․ հենց առաջին վայրկյաններից սկսեցին աջակցել ու դառնալ ներկայացման մի կարեւոր մասը։ Շատերը տեսել էին նախորդ բեմադրությունը տարիներ առաջ եւ ջերմ հիշողություններ էին վերապրում ու համեմատություններ անցկացնում։ Ոմանք էլ հետեւում էին համարձակ լուծումներին ու դերակատարների անկեղծ խաղին, որ ավարտին շտապեն փոխանակվել կարծիքներով, տպավորություններով։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW