×


«Երեխաները չպետք է կորցնեն ծնողներին, իրենց տները, չպետք է փախչեն ռումբերից». Ադրինե Աճեմյանի ելույթը «Միսս Աշխարհ»-ում

Դերասանուհի Ադրինե Աճեմյանն այս օրերին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում շարունակում է մասնակցել «Միսս Աշխարհ» գեղեցկության միջազգային մրցույթին:

Աճեմյանը պատմել է իր ու Հայաստանի մասին՝ նշելով, որ պատերազմի արդյունքում ընկերներ է կորցրել, իսկ երկիրը հայտնվել է ծանր վիճակում:


«Ես 19 տարեկան եմ ու արդեն աշխատում եմ կինոյի ասպարեզում։ Սա իմ մանկության երազանքն է եղել, եւ ցանկանում եմ ցույց տալ ինձ նման աղջիկներին, որ երազանքները կատարվում են։ Իմ ուղերձն է, որ գեղեցկությունը միայն արտաքինը չէ։ Գեղեցկությունը նաեւ այն է, թե ինչ ես անում եւ ինչպես օգնում համայնքիդ։


13 տարեկանից ակտիվորեն մասնակցում եմ բարեգործական նախաձեռնությունների՝ աջակցելով Դաունի համախտանիշով ու աուտիզմով երեխաներին, ինչպես նաեւ մասնակցել եմ քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկներին նվիրված միջոցառումների։ Ցանկանում եմ կյանքս նվիրել այս կարեւոր առաքելությանը՝ օգնել խնդիրներ ունեցող երեխաներին:


Ներկայացնում եմ Հայաստանը՝ մի երկիր, որն անցել է պատերազմների, Ցեղասպանության եւ գոյատեւման ճանապարհով։ Նույնիսկ իմ սերունդն արդեն մի քանի պատերազմ է տեսել։ Ես կորցրել եմ ընկերներ... Անարդար պատերազմի պատճառով երիտասարդ կյանք կորցնելը ամենածանր բանն է։ Բայց ամենաշատը տուժում են երեխաները։ Նրանք չպետք է անցնեն այդ աղետով։ Նրանք չպետք է կորցնեն ծնողներին ու իրենց տները, չպետք է փախչեն ռումբերից»,- ասել է նա։


Աճեմյանը խաղաղության կոչ է արել իր երկրի ու ամբողջ աշխարհի համար: Նա համարում է, որ պետք է պայքարել խաղաղության համար, որովհետեւ խաղաղությունը հենց երջանկությունն է։


Կարդալ ավելին

Quality Sign BW