×


«Հարմարվելը հեշտ չի եղել, բայց այն երաժշտության պես գեղեցիկ է». Մարջան Ավետիսյան

Մարջան Ավետիսյանը կարողանում է ձուլվել կերպարներին ու մոռացնել տալ իր իրական «ես»-ը: Ամենազավեշտալիներից մինչեւ ողբերգականները նրա կատարմամբ տարբեր ու հավաստի են ստացվում:

Այդպիսին է նաեւ «Բլոկադա» ներկայացման Աստղիկը՝ արցախցի կինը, որը երկու պատերազմներում կորցրել է ամուսնուն ու որդուն, բայց պահել է հավատն ու սերը հայրենիքի հանդեպ:


Ներկայացումից հետո Ավետիսյանը խոստովանեց, որ դերը չափազանց դժվար ու պատասխանատու է եղել: Հատկապես բարդ էր խաղալ արցախցիների առջեւ:

«Աստղիկը պետք է լիներ այն կինը, որը նրանցից է դուրս եկել: Արցախում մի քանի ամիս եմ ապրել, երբ ֆիլմ էինք նկարում: Ցավոք սրտի, այնտեղ հաճախ չեմ եղել, բայց շփում եմ ունեցել ու հատուկ մեծ սեր ունեմ բարբառների հանդեպ: Ինքս Արմավիրի գյուղերից մեկում եմ ծնվել, որտեղ բարբառով չեն խոսում, բայց միշտ սիրել եմ Գյումրու, Վանաձորի բարբառներն ու հատուկ վերաբերմունք ունեցել Արցախի բարբառի նկատմամբ: Միշտ ուզել եմ այն հասկանալ, ինչը բավական բարդ է, որովհետեւ տարբեր են ստեփանակերտցու, մարտունեցու ու հադրութեցու բարբառները: Այդ մեծ սերն էլ օգնեց ստեղծել Աստղիկին: Բարբառին հարմարվելը հեշտ չի եղել, բայց այն երաժշտության պես գեղեցիկ է»,- պատմել է դերասանուհին:


Նրան լեզվական դժվարությունները օգնել են հաղթահարել արցախցի դերասաններ Թամարա Պետրոսյանն ու Սրբուհի Բալայանը: Փորձել են հնարավորինս օգտվել այն բառամթերիքից, որ հասկանալի կլինի շատերի համար: 

«Ներկայացման հասցեատերը հայաստանյան հասարակությունն է ու բոլոր հայերս: Մենք իրար հետ հակասություններ չպիտի ունենանք, ու վերջապես այդ հաշտությունը կլինի: Ավելի քան վստահ եմ, որ հաշտությունը կնքվելու է արվեստի միջոցով: Արվեստն ու հատկապես թատերարվեստն այդ հարցում մեծ անելիք ունեն»,- ասում է դերասանուհին:


Մարջան Ավետիսյանի խոսքով՝ ներկայացման հուսադրող ավարտն ու «Գնում ենք, որ վերադառնանք» միտքն ուղերձ են՝ խորապես հասկանալու համար, թե ինչ է Արցախը եւ ինչ նշանակություն ունի հայերի համար։ 

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW