2018-ին Քիմ Քարդաշյանը հայտնեց, որ ցանկանում է փաստաբան դառնալ: Այն ժամանակ այդ մտահղացմանը շատերը թերահավատորեն մոտեցան: Չորրորդ փորձից նա հանձնեց Կալիֆոռնիայի փաստաբանների կոլեգիայի վկայագրված քննությունը ու խոստովանեց, որ հայրը՝ լուսահոգի հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, կհպարտանար իրենով, իսկ այսօր արդեն կիսվել է նորությամբ, որ իրականացել է իր գլխավոր երազանքը՝ վերջապես իրավաբանական կրթություն է ստացել:
44-ամյա Քարդաշյանն Ինստագրամի իր էջում գրել է, որ ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները՝ 4 տարվա փոխարեն ծախսելով 6-ը: Դա տեղի է ունեցել ոչ թե վատ արդյունքների, այլ համավարակի ու տարբեր նախագծերի պատճառով:
«Վեց տարի առաջ ինձ համար ոչ ավանդական ուղի ընտրեցի, որպեսզի իրականացնեմ երազանքս ու իրավաբան դառնամ: Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր ու նախատեսվածից շատ ժամանակ պահանջվեց, սակայն ես չհանձնվեցի: Ամեն կուրսն իր հետ բերում էր կասկած, արցունքներ ու հաղթանակի պահեր, հատկապես, երբ ստացվում էին այն առարկաները, որոնցից սկզբում վախենում էի: Հենց դրանում է կյանքի գեղեցկությունը՝ քայլ ես անում դեպի անհայտություն, առաջ ես գնում ու հաղթահարում գիտելիքով եւ ուժով, որոնք էլ ոչ ոք քեզնից խլել չի կարող»,- անկեղծացել է նա:
Քարդաշյանը խոստովանել է, որ Կալիֆոռնիայի նահանգային փաստաբանական պալատում գրանցված բավական բարդ ծրագիր էր ընտրել: Նա նաեւ կարեւորել է իր ավարտական միջոցառման ժամանակ Քրիս Յանգի, Միշել Ուեսթի ու Ջոն Ջեքսոնի ելույթները, որոնց ազատության համար պայքարել է իր թիմի հետ:
Քարդաշյանի մենթոր Ջեսիկա Ջեքսոնն էլ People-ին տված հարցազրույցում պատմել է Քարդաշյանի ընտրած ծրագրի մասին. «Նա 6 տարի շարունակ տարեկան 48 շաբաթվա ընթացքում 18 ժամ սովորել է: Դրան զուգահեռ 4 երեխայի դաստիարակությամբ է զբաղվել, ղեկավարել իր բիզնեսը, նկարահանվել հեռուստաշոուում եւ նիստերի մասնակցել»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: