×


Հունիսի 1-ը «Օրրան»-ում՝ Ռալֆ Յիրիկյանի, Էվելինա Շահիրյանի, Տոմա Պետրոսյանի եւ այլ աջակիցների հետ

Հայտնի ու սիրելի հյուրերով, երգերով ու պարերով, ավանդական դարձած բուրգերների հյուրասիրությամբ «Օրրան» բարեգործական ՀԿ-ն երեկ տոնում էր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Հունիսի 1-ն այստեղ նշում են ամեն տարի, եւ ինչպես կազմակերպության սաները, այնպես էլ ընկերներն ու աջակիցները ուրախությամբ սպասում են այդ օրվան։

«Բացի այն, որ սա շատ ուրախ օր է մեզ համար, եւ մենք գալիս ենք՝ մեկ անգամ եւս ասելու երեխաներին, որ շատ ենք սիրում իրենց, սա մի օր է, որ ասենք՝ շատ ենք սիրում ավանդույթներ։ Այս ավանդույթն ինքներս ենք ձեւավորել «Օրրան»-ի 25 տարիների ընթացքում։ Ինձ թվում է՝ երեխաներն իրենց մանկությունը հիշելիս հենց այսպիսի օրերն են հիշում»,- BRAVO.am-ի հետ զրույցում նկատել է «Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը։


Նրա համոզմամբ՝ երեխաները սիրո եւ գուրգուրանքի կարիք ունեն, եւ եթե մեր հասարակությունում լինի այդ ջերմությունն ու ուշադրությունը նրանց հանդեպ, ապա նրանց պաշտպանելու կարիք չի լինի․ «Պետք է զգոն լինենք եւ երեխաներին սովորեցնենք, թե ինչպես շփվեն հասարակության հետ, որպեսզի իրենք իրենց կարողանան պաշտպանել։ Մենք միշտ չենք կարող իրենց կողքին լինել։ Պետք է միասին ստեղծենք այդ ապահով ու խաղաղ միջավայրը նրանց համար»։


Այս տարի «Օրրան»-ի հունիսմեկյան տոնին միացել էին գործարար Ռալֆ Յիրիկյանը. հենց նա էլ դարձել էր համեղ հյուրասիրության շեֆ-խոհարարը, Իտալիայի նախկին դեսպան Ջովաննի Ռիչուլին, դերասանուհիներ Էվելինա Շահիրյանը, Գոհար Իգիթյանը, Տոմա Պետրոսյանը, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, երգչուհի Նառան, հաղորդավարներ Արտակ Հերիքյանը, Էռնա Էլիզբարյանը, Արտակ Վարդանյանը եւ կազմակերպության աջակից այլ հայտնիներ։ Խոհարարների շարքում էր նաեւ գեղանկարիչ Աշոտ Յանը, որն իր կտավներից մեկը նվիրել է «Օրրան»-ին՝ սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ում կայանալիք աճուրդին վաճառելու համար։


Ռալֆ Յիրիկյանն առաջին անգամ չէր մասնակցում ավանդույթ դարձած այս միջոցառմանը: Խոստովանում է՝ մեծ ուրախությամբ է միանում նախաձեռնությանը եւ հաճույքով հյուրասիրում է երեխաներին իր պատրաստած բուրգերները․ «Սա մեր փոքրիկ ծառայությունն է այսօր երեխաներին։ Իհարկե, «Օրրան»-ի հետ դա ավելի հեշտ է, բայց չպետք է սպասենք միայն նրանց ծրագրերին։ Պետք է երեխաների համար օրինակ դառնանք, որ իրենք էլ մեծանան ու ճիշտ վերաբերմունք ցույց տան մյուս երեխաներին»։

Տոմա Պետրոսյանի համար նույնպես օրն իսկական տոնի էր վերածվել։ Ասում է՝ շատ է սիրում խոհանոցը, սիրում է պատրաստել ու համեղ հյուրասիրել։ Իսկ երբ երեխաների համար է պատրաստում, գործընթացը կրկնակի հաճելի է դառնում․ «Ոչ մի դժվարություն չկա, միայն մեծ սեր եւ ուրախություն է այսօր: Ամենակարեւորն այն է, որ երեխաների համար ապահով ու անհոգ միջավայր ստեղծենք։ Մեր բալիկները շատ խելացի են, մեր ծնողները շատ հոգատար են, կկարողանան առողջ հասարակություն կառուցել։ Կարեւորը՝ պատերազմ չլինի»։


Պահելով ամենաջերմ սովորույթները՝ «Օրրանն» աջակցում է սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի երեխաներին, միայնակ ծերերին: Ծրագրերի շահառուներ են դառնում նաեւ Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներ, որոնք նույնպես ներկա էին հունիսմեկյան միջոցառմանը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW