Փարիզում օրեր առաջ տեղի ունեցած Unique Fashion Show-ի եզրափակիչ ցուցադրությունը վստահվել է Հայաստանի վաստակավոր նկարիչ, դիզայներ Աննա Հարությունյանին: «AH» ապրանքանիշի հիմնադիրն իր հավաքածուով Հայաստանը ներկայացրել է շուրջ 30 երկրի կողքին:
Հավաքածուն «քայլող պատմություն» անվանող դիզայների հագուստներում պատկերված են հայկական խորհրդանիշներ՝ ժայռապատկրներ ուրարտական դարաշրջանից, աշխարհի ստեղծումից մինչեւ մեր ժամանակներ։ Նրա «Haute couture» հավաքածուն տրանսֆորմացիա է՝ կտավներից դեպի հագուստ: Հեղինակն ինքն է զբաղվում մոդելների քասթինգով, բեմադրությամբ, աքսեսուարների պատրաստմամբ, դիմահարդարմամբ (Face Art):
Տարբեր ազգերի մոդելներից առանձնացնում է սեւամորթներին, որոնց հագին կիսամութ տարածքում առանձնակի շքեղությամբ էր նայվում հավաքածուում գերիշխող ոսկեգույնը։ Եվ, իհարկե, մոդելների աչքերը, դրանց արտահայտությունը, որին առանձնակի ուշադրություն է դարձնում Աննան։
«Իմ պատկերացմամբ, արխայիկ հագուստներով մոդելները, որոնք երկրի ու երկնքի մեջտեղում խորհրդանշում են մարդուն՝ ի ծնե դատարկ ձեռքերով, բոբիկ ոտքերով, հողին կպած, չեն կարող կոշիկ հագնել։ Դա խախտում է տիեզերական էներգիան ու գաղափարը»,- ասում է Հարությունյանը:
Փարիզյան ցուցադրությանը մասնակցելու համար նա ստիպված է եղել վաճառել իր կտավներից. «Պետական կամ մասնավոր աջակցություն չկա, ինքս եմ անում ներդրումներ, թեեւ շատ դժվար է, բայց տալիս է ստեղծագործական անկախություն: Պետք է հասկանաս, որ դու Հայաստանի մի մասնիկն ես, քո միջոցով մարդիկ ճանաչում են քո երկիրը։ Մարդկանց հետաքրքրում են քո արմատները։ Ազգայինի հանդեպ հետաքրքրությունը միշտ կա, բայց մատուցման ձեւերը փոխվել են. ավանդական տարազին եկել է փոխարինելու հինը՝ նոր ֆորմաներով»։
Լուսանկարները՝ The Unique Fashion Show-ի, Vishesh-ի, Eicar-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: