Համաժողովրդական սեր ու ճանաչում վայելող Լուսինե Զաքարյանի կյանքից անչափ հուզիչ պահեր է պատմել BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհու թանգարանի տնօրեն եւ նրա երկար տարիների ընկեր, ԵՊԲՀ պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի «Հայֆա» հայկական մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանը:
«Լուսինեի ծնունդով մենք Խորենին ենք պարտական»
1964թ.-ին ընդունվել էի ԵՊՀ, որտեղ Ֆրանց Վերֆելի գրքին նվիրված միջոցառման ընթացքում արտասանեցի ու նվագեցի: Այդ երեկո երգեց նաեւ Խորեն Պալյանը, որին դեռ չէի ճանաչում։ Միջոցառման ավարտից հետո մոտեցավ ինձ ու հարցրեց, թե կնվագակցեմ իրեն. «Երկուսս էլ համալսարանում ենք սովորում, այլապես ամեն անգամ որեւէ մեկին կոնսերվատորիայից եմ խնդրում գալ»: Իհարկե, համաձայնեցի ու այդ օրվանից սկսեցի նվագակցել նրան, երբեմն էլ՝ Լուսինեին: Նա այն ժամանակ դեռ Սվետլանա Զաքարյան էր՝ պուճուրիկ քիթիկով, խոշոր աչքերով, մազերը վեր բարձրացրած, ու հիմնականում ռուսական երգեր էր կատարում:
Օրենքով նրան նվագակցելու իրավունք չունեի, որովհետեւ միայն երաժշտական դպրոց էի ավարտել, իսկ նա՝ կոնսերվատորիան, բայց սիրում էր իմ նվագակցությունը: Միասին գնում էինք տարբեր շրջաններ ու ինստիտուտներ: Բրյուսովի անվան համալսարանում Պարույր Սեւակին նվիրված միջոցառմանը երկուսին էլ նվագակցեցի, ապա արտասանեցի «Քիչ ենք, բայց հայ ենք» գործը, ինչից հետո բանաստեղծը ներկաներիս հրավիրեց իր քավորի տուն։ Անմոռանալի երեկո ստացվեց, Լուսինեի կենացը խմելիս բոլորը բաժակները չխկացրին նրա բաժակին, իսկ Սեւակը՝ Խորեն Պալյանի։ Բոլորը տարակուսել ու զարմացել էին, ուզում էին հասկացնել, որ Լուսինեի կենացն են խմում, Սեւակը դադար տվեց ու ասաց. «Լուսինեի ծնունդով մենք Խորենին ենք պարտական»։
Ճիշտ է՝ Լուսինեն աստվածատուր շնորհ ու տաղանդ ուներ, բայց Ախալցխայում ծնված ու ռուսական դպրոց ավարտած երգչուհին առանց Խորեն Պալյանի գրաբարի, հայ հոգեւոր երաժշտության, մշակույթի եւ ժառանգության հիանալի եւ խորագետ իմացության ո՞նց կգնար դարերի խորքն ու կվերցներ Մաշտոց, Խորենացի, Նարեկացի, Շնորհալի: Բայց այդ բանն արեց Խորենի միջոցով ու օգնությամբ:
Նա մեր գանձերը բերեց ու ներկայացրեց մի նոր ուժով, հմայքով ու չքնաղ ձեւով: Սվետլանայից Լուսինեի վերափոխված երգչուհու կյանքում Խորենի դերն առաջին անգամ ներկայացրեց հենց Սեւակը:
Հովհաննես Չեքիջյանն ասում էր. «Արծվին ինչքան որ սաղարթ է պետք թռիչքն իրականացնելու համար, նույնքան էլ ամուր հիմք ու հող է պետք»։ Այդ թռիչքի պատվանդանն ու ամուր հիմքը Չեքիջյանի համար հայրենի հողն էր, իսկ Լուսինեի համար իր արծվային թռիչքը գեղեցիկ սկսելու համար պատվանդան դարձավ Խորեն Պալյանը՝ նրա գրաբարի, շարականների, միջնադարյան տաղերի, գանձերի, ավետիսների ու մեղեդիների գերազանց իմացությունը։
Խորենը պատմում էր, որ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում սովորելիս առավոտյան ժամը 5-ին էր արթնանում ու, մինչ մյուսները քնած էին, վանքի պատերի տակով քայլելով սերտում էր դասը: Այդ պատճառով նա երբեւէ չօգտվեց տեքստից. հռետորական արվեստին հիանալի էր տիրապետում ու գեղեցիկ խոսում:
Ամուսինների ծանոթությունը
Լուսինե Զաքարյանի ընտանիքը 1952 թ.-ին Ախալցխայից տեղափոխվեց Երեւան, որտեղ նա ավարտեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Սոլֆեջոյի ուսուցիչը Հրանտ Գեւորգյանն էր, որն Էջմիածնի մայր տաճարի եկեղեցու երգչախմբի խմբավարն էր։ Մի անգամ Լուսինեն Գեւորգյանին խնդրեց. «Կլինի՞ ես էլ երգեմ Էջմիածնի երգչախմբում», ու այսպիսի պատասխան ստացավ. «Ախր, Լուսինե ջան, դու հայերեն կատարյալ չգիտես, գրաբար ո՞նց կերգես»: Ու նա խոստացավ սովորել: Զաքարյանի մասին Գեւորգյանը տեղեկացրեց Վազգեն Ա կաթողիկոսին, բայց քանի որ գրաբար չգիտեր ու երգչախմբում էլ թափուր տեղ չկար, Լուսինեին չընդունեցին:
Ու այնպես ստացվեց, որ մի քանի ամիս անց Գեւորգյանը Լուսինեին «Սուրբ, սուրբը», երգել տվեց, բոլորը փշաքաղվեցին, իսկ կաթողիկոսը պատարագից հետո հարցրեց. «Այդ ի՞նչ բան էր, ո՞վ էր երգում, բոլորս զարմացանք»: Եվ Հրանտ Գեւորգյանը նրան հիշեցրեց գրաբար չիմացող այն աղջկա մասին, որը հոգեւոր երգերը կատարելու աստվածային շնորհ ունի։ Կաթողիկոսի հրամանով նրան անմիջապես ընդունեցին աշխատանքի:
Խորենն այդ ժամանակ գերազանց էր սովորում Գեւորգյան ճեմարանում, եւ քանի որ ուշիմ ու խելացի ուսանող էր, Վեհափառի հանձնարարությամբ սկսեց Լուսինեի հետ պարապել ու ամրացնել նրա գրաբարը: Այդպես էլ ծանոթացան ու հետագայում սիրեցին իրար: Շատերը կարծում էին, որ 1964 թվականին հենց Լուսինեի պատճառով է Խորենը դիմում գրել ու հեռացել եկեղեցուց: Բայց նա հարցազրույցներում հերքել է այդ փաստը:
Խորենին հասկանալու համար պիտի պատկերացում կազմեք նրա ապրած 60-ականների մասին, երբ մեր մշակույթը վերընթաց զարթոնք էր ապրում՝ Պարույր Սեւակը գրեց իր «Անլռելի զանգակատունը», Երվանդ Քոչարը ստեղծեց անկրկնելի Սասունցի Դավիթ արձանը, Արամ Խաչատրյանը գրեց «Սպարտակ» բալետը, կառուցվեցին Մատենադարանն ու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, նշվեցին Մաշտոցի 1600 ու Սայաթ-Նովայի 250-ամյակները, Եղեռնի 50-րդ տարելիցն էր: Խորենը գրեց. «Վանքի պատերը նեղ թվացին ինձ եւ ես ուզեցի ավելի լայն ձեւով ծառայել իմ ազգին»:
Խորենն ու Լուսինեն շատ էին սիրում իրար, երանի ամեն մեկն այդպիսի սեր ունենա։ Խորենը դողում էր Լուսինեի կյանքի համար ու բամբակի մեջ պահում նրան։
Սուսաննա Դավթյանը
Լուսինեն հաճախ էր ինձ ասում. «Կզանգե՞ս, Սուսիկ»: Մեկն էլ իմանա, թե ինչո՞ւ։ Որովհետեւ ես ուրիշների նման չէի ասում. «Վա՜յ, Լուսինե, դու հոգնած ես ու հիվանդ, շաքարախտ ունես, թույլ ես, գնա պառկիր»։ Երեքով՝ Խորենը, Լուսինեն ու ես, իրար Ազոն էինք դիմում, ես էլ չգիտեմ, թե ինչ էր նշանակում: Ասում էի. «Ազոն ջան, հիմա ամուսինդ կգա, վեր կաց, գոնե փոշիները վերցրու, որ տեսնի տանը կին ունի»։ «Սուսիկ, էլի կզանգես, լինում էր պատասխանը»։
Ընտանիքն ու գետն ընկնելու միջադեպը
Լուսինեն ծնվել է 1935-ի հունիսի 1-ին՝ Ախալցխայում: Հաբեթ հայրը բոյով ու ազնվական արտաքինով տղամարդ էր, Վերոնիկա մայրը խոշոր աչքերով, ինձ պես պուճուրիկ-մուճուրիկ, չամիչ կին էր: Իրենց տանը երբեւէ բարձր ձայնով խոսակցություն չէիր լսի, իրար վրա բղավել ու կոպիտ խոսել չկար։ Արտերկրից Լուսինեին դիմավորելուց հետո Խորենի հետ Լուսինեի ծնողների տուն էինք գնում, որտեղ մայրը նրա համար երկար կտորներով կարտոֆիլ էր տապակում. «Սվետոչկան սիրում է»,- ռուսերենով ասում էր նա:
Լուսինեի մորական կողմի պապը՝ Իոսիֆ Տոմաշեւիչը, լեհահայ էր, բաս-պրոֆունդո ու Պետերբուրգի կայսերական օպերային թատրոնի մեներգիչ, տատը՝ դաշնակահարուհի, հայրն էլ էր նվագում, եղբայրը լավ դաշնակահար էր ու հիանալի էր ակորդեոն նվագում։ Լուսինեն փոքր տարիքից տատիկի հետ եկեղեցի էր գնում ու սիրում հոգեւոր երգերը:
Սուսաննա Դավթյանը եւ Հասմիկ Բաբայանը
Դպրոցից վերադառնալու ժամանակ կամրջով անցնելիս Լուսինեն ընկել է Փոցխով գետը, մի երիտասարդ փրկել է նրան, բայց այդ վախից, թե մեկ այլ պատճառով շաքարախտով հիվանդացավ: 30 տարի շարունակ ամեն օր ինքն իրեն ինսուլին էր ներարկում:
Վեհափառ կաթողիկոսը նրան բուժման ու հետազոտվելու նպատակով Փարիզ ու ԱՄՆ ուղարկեց, Ֆրանսիայից վերադառնալուց հետո հարցրինք. «Ի՞նչ արեցին այնտեղ, Ազոն ջան», պարզվեց՝ դեղի չափաբաժինն են պակասեցրել, բայց խիստ սննդակարգ են նշանակել: Ընդամենը մի շաբաթ կարողացավ դիմանալ, հետո նախընտրեց անցնել խորհրդային համակարգով բուժմանը՝ լավ սրսկվում էր, բայց փոխարենն ուտում՝ ինչ կուզեր:
Լուսինեն կենցաղի համար չէր ծնվել. նա ծաղիկ էր, պիտի դնեիր սեղանին ու վայելեիր բուրմունքը։ Քանի որ Խորենն ինքնուրույն կյանքով հանրակացարանում ապրել էր, շատ համեղ էր պատրաստում ու սիրում եփել-թափել:
Աստվածային շնորհը
Խորենը ողջ Խորհրդային Միությունում ուղեկցում էր Լուսինեին, միասին հիանալի զուգերգեր էին կատարում: Երբ Խորենն ասում էր «Հաբրբան», Լուսինեն պատասխանում էր. «Ջանե ջան»: Ոչ ոք նրա պես չէր հնչեցնում այդ բառերը: Նրանց միասին ելույթ ունենալու համար հրավիրել էին Արգենտինա: Որպես կանոն՝ մեր պետանվտանգության մարմիններն առանց բացատրություն տալու Խորենին մերժում էին արտերկիր մեկնել: Լուսինեն այնքան հեզ ու խոնարհ էր, ուրիշ երգչուհի նրա փոխարեն երկու ոտքը մի կոշիկի մեջ կդներ ու կասեր. «Կանչել են զուգերգերի համար, ես գնամ այնտեղ ո՞ւմ հետ երգեմ: Խորենն ինձ հետ պիտի գա, եթե նրան մերժեք, ես էլ չեմ գնա»։
Երբ Լուսինեն երգում էր, այլեւս հողի վրա չէր, անտես լարերով գնում էր վերեւ, անէանում, լսողներին էլ հետն էր տանում: Նրա շնորհն աստվածային էր: Երբ երգը վերջացնում էր, ժողովուրդը կարկամած էր լինում, հետո ուշքի էին գալիս ու ծափ տալիս։ Ապշահար էին, թե այդ ինչ «Սուրբ, սուրբ» է, «Գովեա Երուսաղեմ», «Առավոտ լուսո», «Տեր, կեցո դու զհայս», «Տեր, ողորմեա»։ Եվ շատացավ Էմիածնում Լուսինեի ձայնը լսել ցանկացողների թիվը: Էջմիածնի սրահում նրա երգելիս նույնիսկ երեխաները ձայն չէին հանում:
Արդեն վեցերորդ տարին է, որ թանգարանը կա, եւ մենք երաժշտական 4 կրթօջախի՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Ռոմանոս Մելիքյանի, Առնո Բաբաջանյանի եւ Շառլ Ազնավուրի անվան երաժշտական պետական քոլեջների սաների համար լսումներ ենք կազմակերպում ու լավագույնների համար անվանական կրթաթոշակ սահմանում։
Լուսինեի ձայնը հոգուց էր, երգելիս նրան երկրի վրա չէիր տեսնի, երկնքում էր լինում: Իզուր չէր, որ Վազգեն կաթողիկոսն ասել է՝ երբ Լուսինեն երգում է «Սուրբ, սուրբը», հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն՝ երգչուհուն ի վերուստ տրված շնորհի եւ տաղանդի համար։
Համեստությունը
Նա շատ լավ գիտեր, որ իրեն ոչ միայն սիրում են, այլ նաեւ պաշտում, բայց երբեք չգոռոզացավ, միշտ իր չափն ու տեղն իմացավ: Այնքան երգիչներ ու դաշնակահարներ կան, որոնց տասն անգամ պիտի աղաչես, ոտքերն ընկնես, որ որեւէ բան երգեն կամ նվագեն, իսկ Լուսինեն ինքն էր ասում. «Մի հա՞տ էլ երգեմ»։ Իմ հարսանիքին ինքն ու Խորենը նստել չունեին։
Նաեւ չափազանց համեստ էր, դրա վառ ապացույցն այս «Շիրակ» երգարանն է, որի հրատարակողները Հանեսյան եղբայրներն են: 1974-ին պետական ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ համերգներով Բեյրութում էր: Լուսինե Զաքարյանի հետ համերգից հետո հրավիրված էինք Հանեսյան եղբայրների մոտ։
Այս երգարանը մյուսներից տարբերվում է նրանով, որ գրված են երգերի բառերը, նոտաներն ու ամենավերջում ըստ հերթականության նշված են լավագույն կատարողների ազգանունները: Լուսինեն բացեց Բարսեղ Կանաչյանի «Օրորոցայինը», վերջում ի՞նչ գրած լինի. «Լուսինե Զաքարյան, այնուհետեւ՝ Գոհար Գասպարյան»։ Ընդամենը երկու բառ ասաց. «Սուսիկ, ամոթ է»։ Եթե դատարկ ու ինքնասիրահարված երգչուհի լիներ, կասեր. «Սուս ջան, տեսա՞ր, իրենք էլ հասկացան, որ այդ երգը ես Գոհար Գասպարյանից ավելի լավ եմ երգում»։
Բայց Լուսինեն գիտեր, որ նա Գոհար է՝ բառի բուն ու փոխաբերական իմաստով, եւ հսկայական դիապազոն ունի: Գիտեր, որ ժողովուրդը նաեւ իր համար է գալիս Էջմիածին, բայց դրանից չգոռոզացավ:
Պատահել է, որ իրեն հիվանդանոցից բերել են, սրսկվել է ու բեմ բարձրացել, նստածներից որեւէ մեկի մտքով չի էլ անցել, թե քիչ առաջ ինչքան վատ վիճակում էր։ Երգը կյանք էր տալիս Լուսինեին, նա ինքը երգն էր, երգն իր էությունն ու ամբողջ կյանքն էր, առանց դրա գոյություն չուներ: Համերգն ավարտվելուց հետո նորից պառկում էր պատգարակի վրա:
Երգելիս ապրում էր, վերականգնում ուժերը եւ խոսում Աստծո հետ: Չէ՞ որ նրա երգն աղոթք էր, երգելիս աղոթում էր, աղոթելիս՝ երգում: Այս պատերն ամբողջությամբ ներծծած են նրա աղոթքներով։
Վերջին ցանկությունը
Շաքարախտը, սովորաբար, ազդում է տեսողության վրա, եւ կաթողիկոսը Լուսինեին ուղարկեց ԱՄՆ՝ աչքը վիրահատելու: Բարեբախտաբար, հիվանդությունը հիշողության վրա չէր ազդել, ու շարունակեց երգել: Փարիզ, Բեյրութ, Մոսկվա էին գնացել համերգներով, ու 4 մեներգչից՝ Օլգա Գաբայան, Վահան Միրաքյան, Բորիս Գրեկով, միայն Լուսինե Զաքարյանն էր հիշողությամբ երգում: Ռոսինիի «Ստաբատ մատեր»-ի սոպրանոյի պարտիան էր մեներգում, Բեթհովենի «9-րդ սիմֆոնիա»-ի սոպրանոյի բաժինը:
Արդեն վատառողջ էր: Վազգեն կաթողիկոսն էր եկել իրեն տեսնելու, ու երբ հարցրեց, թե ի՞նչ կուզի, պատասխանեց. «Էջմիածնից մի բուռ հող բերեք»։
Հիվանդությունը շատ էր ազդել Լուսինեի առողջության վրա, երիկամներն էին շարքից դուրս եկել, դիալիզ էր անցնում, այդպես էլ մահացավ: Մինչեւ հիմա ծանր եմ տանում նրա կորուստը, մտնում եմ այստեղ ու հուզվում, որ իրենք չկան (հուզվում է ու արտասվում,-հեղ.): Շատ հարազատ էինք, 61 տարի մտերիմ ենք եղել ու մի ամբողջ կյանք միասին անցկացրել։
Սիլվա Կապուտիկյանը Լուսինե Զաքարյանի հիշատակին բանաստեղծություն գրեց, կարդում էի, որպեսզի ձայնագրենք, մի տասն անգամ փորձեցի, չէի կարողանում, անընդհատ հուզվում էի այս տողերն ասելիս.
«Տեր, ընդունելի արա մեր զոհը,
Տեր, քեզ է մնում մեր բախտը ու մենք,
Վառել ենք քո դեմ մեր վերջին մոմը,
Դրանից մաքուր էլ ոչինչ չունենք…»:
Միջին ու բարձր տարիքի մարդիկ շարունակում են սիրել ու պաշտել Լուսինեին, գալիս են թանգարան ու լուռ նստում այստեղ: Միացնում եմ նրա երաժշտությունը, լսում են, հուզվում, արտասվում: Դրանից ավելի նրանց էլ ոչինչ պետք չէ:
Իմ կյանքում երջանկություն եմ ունեցել բազմաթիվ տաղանդավոր մարդկանց հանդիպել ու շփվել՝ Լուսինե Զաքարյան, Արամ Խաչատրյան, Դմիտրի Շոստակովիչ, Միխայիլ Թարիվերդիեւ, Ելենա Օբրազցովա, Երվանդ Քոչար, Ջիոտտոն (Գեւորգ Գրիգորյանն) էր ուզում ինձ նկարել, Սերգեյ Փարաջանով, Հովհաննես Չեքիջյան, Արտավազդ Փելեշյան։ Նման կարգի մարդկանց հետ ծանոթությունն էական ազդեցություն են ունենում կյանքիդ ու ճակատագրիդ վրա: Նրանց մեծությունն առաջին հերթին իրենց պարզության եւ ունեցած սիրո մեջ էր:
Մահը
Լուսինեն մահացավ 1992 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ձմռան մի ցուրտ օր: Խորենը զանգեց մեր տուն ու ասաց. «Լուսինեն էլ չկա»։ Անմիջապես եկանք, նոր էինք վերադարձել ԱՄՆ-ից, ամուսինս հետը տեսախցիկ էր բերել ու ամբողջը տեսագրեց։
Այս հյուրասենյակում պետական այրեր եւ բարձրաստիճան եկեղեցականներ էին հավաքվել՝ որոշելու որտեղ հուղարկավորել Լուսինեին: Պետությունը քաղաքային պանթեոնն էր առաջարկում։ Տեսնեիք՝ Խորենն ինչ բարձր ձայնով լաց լինելով ու բղավելով, ասում էր. «Եթե Լուսինեն միայն ինձ է պատկանում, ես կտանեմ նրան Ախալցխա կամ ուր կուզեմ, այնտեղ կթաղեմ: Եթե նա ժողովրդին է պատկանում՝ ուրեմն թաղեք կամ Կոմիտասի անվան պանթեոնում, կամ էլ Էջմիածնում»։
Լռություն տիրեց, տոներն ավարտվեցին, մահվանից 4 օր անց էլ կառավարությունից ձայն չկար, վերջապես Վազգեն կաթողիկոսն ասաց. «Բերեք Էջմիածին, մորս կողքին՝ Գայանե եկեղեցու բակում, թաղեք»։ Եվ միայն հունվարի 4-ին տեղի ունեցավ նրա հուղարկավորությունը:
Խորենն՝ առանց Լուսինեի
Խորենն ու Լուսինեն մաքուր ու սուրբ ընտանիք էին, նրանց միջեւ միայն սեր, նվիրում ու աշխատասիրություն էիր տեսնում: Այդ ինչքան պատասխանատու էր Լուսինեն, իր ուսուցիչ Գուլաբյանն արիան անգիր անելու համար մեկ շաբաթ ժամանակ էր տալիս, երկու օրից արդեն սովորած էր լինում: Խորենն ու Լուսինեն եզակի զույգ էին, ու նրանց մահը Հայաստանի համար մեծ կորուստ էր: Խորենն, իհարկե, շատ էր դարդ անում, որ Լուսինեի մահվանից հետո նրա կատարումները շատ չեն հնչեցնում։
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո այնտեղ միայն Լուսինեի կատարմամբ Կոմիտասի կամ Եկմալյանի «Պատարագը» պիտի հնչեր, հիմա գնում ես ու մեկ էլ Վիվալդի լսում: Այդ կոմպոզիտորին շատ եմ հարգում ու սիրում, բայց նա ի՞նչ կապ ունի Ցեղասպանության հետ։
Խորենը շատ վրդովված էր, որ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով տեղի ունեցած միջոցառումների ժամանակ Լուսինեի երգերն առանձնապես չհնչեցին, հիմա էլ չեն հնչում: Այս տաշի-տուշիներով ո՞ւր պիտի գնանք, ախր, դա մերը չի։ Ասելիքի ու հոգու պարունակության մեջ մտեք:
Տեսնում եք, թե այս թանգարանում ամեն ինչ որքան համեստ է. աղքատ ու էժան ծածկոցին նայեք, որովհետեւ նրանք գանձեր են փնտրել իրենց հոգում ու երկնքում, ոչ թե նյութականի մեջ, դրա համար էլ ճոխ բաներ չունեին։ Բացի այդ էլ ի՞նչ գումար էին ստանում: Խորենը Լուսինեից հաշիվ չէր պահանջում, պարզապես հարցնում էր. «Աշխատավարձդ ի՞նչ արեցիր, Ազոն», «Թողեցի եկեղեցուն»,- պատասխանում էր:
Անգնահատելի առաքելությունը
Մենք ունեինք այն, ինչը միաժամանակ նաեւ չունեինք։ Հոգեւոր երաժշտությունն ու միջնադարյան հսկայական ժառանգությունը հնչում էին միայն եկեղեցու պատերի ներսում։ Բայց Խորենի ու Լուսինեի կատարած հերոսությունը նրանում էր, որ այդ չքնաղ երաժշտությունը դուրս բերեցին եկեղեցու պատերից, հասցրին հայ ժողովրդի քիմքին ու բարձրացրին աշխարհիկ բեմեր:
Ժողովուրդն էլ նվիրական սիրով պաշտեց նրանց, որ պարտադիր անաստվածության տարիներին «Ով հայոց Աստվածն» «Ով հայոց աշխարհի» փոխելով՝ մեր ժողովրդին ու ողջ աշխարհի հասցրին մեր հոգեւոր երգերի բացառիկ հմայքը։
60-ականներին Կոմպոզիտորների տան դահլիճում Էդվարդ Միրզոյանի շնորհիվ երգեհոն ունեցանք, նվագում էր հիանալի, տաղանդավոր ու շատ համեստ երգեհոնահար Վագահն Ստամբոլցյանը: Նա Լուսինեի հետ մեջտեղ բերեց այդ հոգեւոր երգերը: Խորենը պատմում էր միջնադարյան մեր այդ գանձերի մասին, ինչից հետո նրանք նվագում էին ու երգում, դահլիճն ապշահար էր լինում. չգիտեին, որ այդպիսի բաներ կան։
Մենահամերգներից առաջ Լուսինեն, սովորաբար, հարցնում էր. «Սուս ջան, որ մեծ դահլիճում մենահամերգ տամ, կլցվի՞»։ Իհարկե, լցվում էր ու մենահամերգից հետո մարդիկ հոտնկայս ծափահարում էին, «բրավո» ու «բիս» բացականչում, մի բան պիտի երգեր, չէ՞, ու այդ ժամանակ իրեն իրավունք էր վերապահում հոգեւոր երգեր կատարել։ Մեկ էլ «Սուրբ, սուրբ» էր երգում, «Հավուն, հավուն», «Գովեա Երուսաղեմ» «Առավոտ լուսո»:
Սուսաննա Դավթյանը
Խորհրդային տարիներին նույնիսկ պետական ակադեմիական երգչախումբն իր համերգը պետք է սկսեր Լենինին նվիրված ձոնով: Բայց իրենք համարձակություն ունեցան այդ խիստ արգելքի տարիներին ազգայինն ու հոգեւորը հանել բեմ: Այդ ամենը Խորենի ազդեցությամբ էր տեղի ունենում: Նա զգաց, թե դրանք ազգի համար ինչ արժեք են ներկայացնում: Սկզբնական շրջանում միայն համերգի ավարտին էին կատարում, որովհետեւ ամեն ինչ խիստ հսկողության տակ էր, եւ, բարեբախտաբար, փրկվում էին որոշ մարդկանց անգրագիտության շնորհիվ:
Երբ Լուսինեն «Յորժամ»-ն էր երգել. «Յորժամ մտցես ի սուրբ խորանն, անդ յիշեսցես զմեր ննջեցեալսն», հարցրել էին, թե ինչի՞ մասին է այն, բացատրել էին. «Հոր ժամի»: Երբեմն անգրագետ թարգմանությունն էլ էր օգնում, որ այս աղջկան, Խորենին ու Վարդանին Սիբիր չուղարկեն:
Թանգարանը
Աստիճանաբար հոգեւոր երգերը մտցրին առօրյա, ինչն իրենց կողմից հերոսություն էր: Ուրախ եմ, որ այս թանգարանը կա ու վերնատուն է, հոգեւոր մշակույթի օջախ:
Նժդեհն ասում է. «Պիտի ճանաչես քո ազգը, պիտի սիրես, հավատաս քո ազգին, հպարտանաս քո ազգով, որ դառնաս ցեղակրոն»։ Չենք ասում՝ ամենալավն ենք ու պիտի իշխենք մյուսներին, ուզում ենք՝ ինքներս մեզ ճանաչենք, քանի որ մեր ազգը մեր մշակույթով գիտեն: Տաշի-տուշին մերը չէ, պիտի իմանանք, որ այսպիսի լուրջ երաժշտություն ունենք:
Հո անգրագետ սերունդ չե՞նք մեծացնում: Դրա համար կրթական տարբեր հաստատությունների ռեկտորներին բերման էի ենթարկել ու առաջարկում էի՝ որոշ դասեր հենց թանգարանում անցկացնեն, որպեսզի ուսանողներն ու դպրոցականներն իմանան Լուսինեի ու Խորենի մասին: Նոր սերունդը նրանց մասին բացարձակ գաղափար չունի:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: