«Արամ Խաչատրյան» համերգասրահը ավանդույթ դարձած միջոցառման շրջանակում հունիսի 1-ին հյուրընկալել է Երեւանի ու մարզերի բազմաթիվ երեխաների՝ խաղերով, նկարչությամբ, հյուրասիրությամբ եւ, իհարկե, տոնական մեծ համերգով նշելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ նրանք իսկական տոնի են վերածել երեխաների օրը՝ մի քանի ժամ տեւողությամբ ուրախ ու հեքիաթային շոու-ծրագրով, մշակութային ու կրթական նախաձեռնություններով։
Միջոցառումը մեկնարկել է համերգասրահի հարակից բակում, որտեղ փոքրիկ հյուրերին դիմավորել են դերասան-խաղավարները, նրանց համար կավճանկարչության, խաղերի, երգերի ու պարերի հատվածներ առանձնացրել, պաղպաղակի ու քաղցր խորտիկների հյուրասիրություն կազմակերպել։ Երեխաների տոնական օրը եզրափակվել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած ինքնատիպ մանկական համերգով, որի շրջանակում հնչել են նրանց սիրելի հայկական ու արտասահմանյան մուլտֆիլմերի եւ ֆիլմերի սաունդթրեքերը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Ներսես Մկրտչյանի ղեկավարությամբ: Մեծ էկրանին գունեղ տեսաշարով ցուցադրվել են նաեւ այդ ֆիլմերից հատվածներ՝ համերգն առավել գրավիչ ու տպավորիչ դարձնելու նպատակով։
«Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Ալինա Ենգոյանը մեր զրույցում պատմել է, որ միջոցառմանը հյուրընկալել են Երեւանի, Ճամբարակի, մարզերի այլ վայրերից, ինչպես նաեւ Արցախից բռնի տեղահանված՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների ավելի քան 200 երեխայի:
«Արդեն 5-րդ տարին է՝ տարբեր կազմակերպությունների հետ մարդասիրական նախագծերի շրջանակում նախաձեռնում ենք ուսուցողական եւ ժամանցային հունիսմեկյան միջոցառում։ Յուրաքանչյուր տարի մեզ միանում են գործընկերներ, եւ այս տարվա մեր ծրագիրը հնարավոր դարձավ շատ սիրելի ԱրարատԲանկի աջակցության շնորհիվ, ինչի համար անչափ ուրախ ենք եւ շնորհակալ»,- ասել է Ալինա Ենգոյանը:
Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանն էլ ընդգծել է․ «Երեխաները ԱրարատԲանկի հոգածության տակ են ոչ միայն հունիս 1-ին։ Բանկը ողջ տարի կարեւոր ներդրումներ է իրականացրել հենց երեխաներին ուղղված կրթական եւ առողջապահական ծրագրերում, եւ այսօր պարզապես ուզում ենք տոն նվիրել երեխաներին, նրանց օրը լցնել ժպիտով եւ սիրով»։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ իրավապաշտպան Նարե Արամյանն էլ, խոսելով նախագծի շուրջ իրենց համագործակցության մասին, կարեւորել է այն փաստը, որ խոցելի խմբերի երեխաներն են ծրագրի թիրախում, քանի որ նրանք պիտի կարողանան հավասար իրավունքներով ու հնարավորություններով ապրել մեր հասարակությունում․ «Շատ երախտապարտ ենք այն կազմակերպություններին, որոնք ամեն տարի մեր շահառու երեխաների համար տոն են դարձնում այս օրը, ինչը ոչ միայն սոցիալական պատասխանատվության մաս է, այլեւ լավ օրինակ։ Եվ այս համատեքստում ե՛ւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի, ե՛ւ ԱրարատԲանկի մասնակցությունը շատ կարեւոր է մեզ համար»։
Նախաձեռնության հեղինակները վստահեցրել են, որ նման միջոցառումները շարունակական են լինելու եւ ամեն բան արվելու է՝ երեխաների համար անհոգ ու խաղաղ միջավայր ապահովելու նպատակով։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ ԱրարատԲանկի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: