×


«Այլ կերպ»-ի մեծ մրցաշարը եւ խաղի հանդեպ հետաքրքրության նոր ալիքը

Նոր կյանք տալով հայտնի ու սիրված խաղին՝ ավելի քան 80 հոգի հունիսի 8-ին եկել էր մասնակցելու տարվա ամենախաղային իրադարձությանը՝ «Այլ կերպ եւ Զիլ զառ» մրցաշարին։ WOODS կենտրոնում հավաքվել էին տարբեր տարիքի ու նախասիրությունների մարդիկ՝ 15 տարեկանից սկսած, որոնց միավորել էր սերը թիմային ինտելեկտուալ խաղերի հանդեպ։

Հատուկ այս մրցաշարի առիթով ամբողջությամբ թարմացվել էր «Այլ կերպ»-ի ու «Զիլ զառ»-ի բովանդակությունը՝ կազմվել էին նոր հարցեր՝ նոր քարտերով․ «Ամեն ինչ արել ենք, որ խաղն արդար ու ազնիվ անցնի: Այսինքն՝ նրանք, ովքեր շատ լավ են խաղում ու գրեթե անգիր գիտեն բոլոր 301 քարտերը, կփորձեն պատասխանել լիովին նոր ու անծանոթ հարցերի: Իհարկե, նոր քարտերը նաեւ փոքր-ինչ ավելի բարդ են»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է «ԱյլԿերպ» ընկերության համահիմնադիր Անահիտ Հակոբյանը։


Նրա խոսքով՝ երբ դեռ նոր էին ստեղծել խաղը, հաճախ էին նման մրցաշարեր անցկացնում։ Տարիներ անց որոշել են վերականգնել բարի ավանդույթն ու միանգամից մեծ մասշտաբով կազմակերպել։ Մասնակիցների արձագանքն ու ակտիվ մասնակցությունը եւս մեկ անգամ ցույց են տվել, որ սերն ու հետաքրքրությունը խաղի հանդեպ չի մարում:

«Գաղտնիքը, երեւի, այն է, որ միշտ կարող ես նորովի խաղալ «Այլ կերպ»-ը։ Ամեն անգամ, երբ թիմակիցդ փոխվում է, սկսում ես լրիվ ուրիշ ձեւով բացատրել բառերը։ Հաջողությունը կախված է անգամ մարդու տրամադրությունից, թիմակցից, գտնվելու վայրից.... Ամեն փոփոխություն իր հետ նոր գույներ է բերում»,- նշել է ընկերության հիմնադիրներից Սոֆյա Խաչատրյանը։

«ԱյլԿերպ» ընկերության համահիմնադիր Սոֆյա Խաչատրյանը


Խաղին մասնակցում էր շուրջ 40 թիմ։ Մրցաշարն անցկացվում էր մի քանի փուլով, իսկ հաղթողներին սպասվում էին բազմաթիվ նվերներ՝ սկսած Հայաստանի հանգստյան տների ուղեգրերից մինչեւ գրքեր, խաղեր, միջոցառումների տոմսեր եւ այլն։ 4 ժամ տեւած մրցաշարի արդյունքում երրորդ տեղը զբաղեցրեց «ՄՃՎԱ» թիմը, երկրորդ տեղը՝ «184» թիմը։ Իսկ պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրեց «Բաբկեն» թիմը, որն էլ իր հետ տուն տարավ «ԱՅԼ մրցաշար 2025» գավաթը։

«ԱՅԼ մրցաշար 2025»-ի հաղթողները


«ԱյլԿերպ»-ի հեղինակներն ու Հանրային հեռուստաընկերությունը եւս մեկ անակնկալ նվեր հայտարարեցին՝ առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կխաղան «Այլ կերպ» հեռուստահաղորդման եթերում։


«Հանրայինը դիմել էր առաջարկով՝ խաղը հեռուստատեսային տարբերակով անցկացնելու։ Մենք ուրախությամբ համաձայնեցինք, միայն թե խնդրեցինք, որ բովանդակային մասը կազմենք ինքներս՝ խաղի ձեւաչափին համապատասխան։ «Այլ կերպ»-ի հանդեպ հետաքրքրության այս նոր ալիքը, անկասկած, նաեւ հեռուստախաղի շնորհիվ է»,- նշել է Անահիտ Հակոբյանը։


«ԱյլԿերպ»-ի հիմնադիրների խոսքով՝ առաջիկայում լինելու են նոր մրցաշարեր։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ «ԱյլԿերպ»-ի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW