Ամառային այս ամիսները BRAVO.am-ը որոշել է լցնել արեւայրուքով, գեղեցիկ հիշողություններով, համեղ կերակրատեսակներով, գրքերով ու արկածներով: Առաջինը մեզ դրանում օգնելու է դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը:
- Արեւիկ, ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք սիրում տարվա այս եղանակը:
- Ամառն անհնար է չսիրել։ Մարմինն ու հոգին ձգտում են կանաչի, փափուկ վերմակի ու թարմ ելակի։ Մեզ տրվում է 92 օր՝ երջանկության, ջերմության ու գունավոր օրեր ապրելու համար։ Զարթուցիչի փոխարեն արդեն արեւն է արթնացնում։ Բացում ենք պատուհանները, ծնկները ու սրտերը։
- Ամառային ի՞նչ սովորություն կամ արարողակարգ ունե՞ք:
- Զբոսնել։ Զգալ քամին մազերում, ունենալ երկար ու տաք երեկոներ, երկար-բարակ զրույցներ ու ոչ մի օր տանը չանցկացնելու ուժեղ ցանկություն։ Ուզում եմ շատ ծիծաղել, ավելի քիչ պլանավորել։
- Ինչպե՞ս է ամառն ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա:
- Ամառը հիշողություններ հյուսելու ժամանակն է, որոնք էլ հանդիսանում են վաղվա ստեղծագործական նյութ։
- Ձեր նախագծերից ո՞րն է ամենաամառայինը եղել:
- «Երկրորդ կյանք»-ի նկարահանումներն ամենաէմոցիոնալն են եղել։
- Ինչպե՞ս էիք փոքր տարիքում սիրում անցկացնել ամառը:
- Ամառները միշտ կապված են եղել ընտանիքիս հետ։ Ամեն տարի վաղ առավոտյան՝ ժամը 6:00-ին, գնում էինք Սեւան, հիմա նույնիսկ չեմ հասկանում՝ ինչու այդքան շուտ (ծիծաղում է,- հեղ.): Ճանապարհն ինձ թվում էր անվերջ երկար, իսկ ես անհամբեր սպասում էի, թե երբ են աչքերս տեսնելու կապույտը։
- Ո՞րն է մանկությունից մնացած ամառային ամենալավ հիշողությունը:
- Սեւանում աստղերը շատ մոտ էին, թվում էր՝ ձեռքդ պարզես, կհասնես։ Մի գիշեր չէի կարողանում քնել։ Դուրս եկա ափ ու տեսա՝ մաման ու պապան էլ քնած չեն։ Պառկեցի նրանց մեջտեղում, ու նայում էինք աստղերին, իսկ աստղերն էլ՝ մեզ։
- Ի՞նչ եք հասցրել առաջին անգամ անել այս ամռանը:
- Հասցրել եմ արդեն տաքանալ՝ ներսից ու դրսից, զբոսնել պաղպաղակով, ցերեկվա շոգը գրքի հետ անցկացնել։
- Ամենասիրելի ամառային բարիքները:
- Անսահմանափակ քանակությամբ պաղպաղակ, մրգեր, թարմ հաց։
- Ամռանը դիտելու ֆիլմ կամ սերիալ:
- Հիմա նայում եմ «Թագ»-ի այն եթերաշրջանները, որոնցում հայտնվում է Դիանան (չորրորդն ու հինգերորդը՝ եթե հանկարծ որոշեք դիտել)։ Եվ սիրտը, իհարկե, կոտրվում է։ Նա բացարձակ նուրբ ու յուրահատուկ մարդ է՝ դուրս ժամանակից ու սահմաններից։ Այդքան փխրուն ու միաժամանակ ուժեղ։ Միակն էր, ով կարողացավ մնալ արքայադուստր ամբողջ աշխարհի աչքերում, նույնիսկ երբ նրան զրկեցին այդ տիտղոսից։ Եվ ամենահուզիչ տեսարանը հրաժեշտի օրն է. Եղիսաբեթ II-ը՝ թագուհին, ով երբեք ոչ ոքի առաջ չէր խոնարհվել, Դիանային ռեւերանս է անում։ Փոքրիկ շարժում, որ ասում է ավելին, քան հազար բառ։ Շատ եմ խորհուրդ տալիս դիտել, բայց պատրաստ եղեք՝ սիրտն անպայման կցավի։
- Լավագույն գրքերն ամռան մասին:
- Ինձ համար շատ ամառային գիրք է «Խատուտիկի գինին»։ Աշխարհը նորից երեխայի աչքերով տեսնելու համար։
- Հայաստանում ամռանն այցելելու 3 վայր:
- Սաղմոսավանք, Դսեղի «Ծովեր», Գյումրի:
- Ինչպե՞ս եք պահում մարզավիճակն ու ի՞նչ առողջ սովորություններ ունեք:
- Ուտում եմ, երբ քաղց եմ զգում, ու երկար քայլում եմ, այլ մարզաձեւեր չունեմ։ Իսկ քաղցի զգացողությունն իսկապես սիրում եմ։ Երբեմն գիտակցաբար երկար չեմ ուտում, որպեսզի այն մի փոքր էլ երկար տեւի։ Գիտեմ, որ տարօրինակ է (ծիծաղում է,- հեղ.):
- Ի՞նչն է տարվա այս եղանակին Ձեզ ամենաշատը ոգեշնչում:
- Առավոտյան թռչունների ձայները, երկար օրերը, արեւը՝ մայրամուտի ժամանակ։
- Ո՞րն է կատարյալ ամառը Ձեզ համար:
- Երբ ստացվում է տեսնել ծովը։
- Արդյո՞ք դերասանի աշխատանքն ու արձակուրդը համատեղելի են:
- Իմ մասնագիտությունը վաղուց կենսակերպ է դարձել։ Չեմ տարանջատում։
- Որտե՞ղ ու ինչպե՞ս եք պլանավորում հանգստանալ:
- Ինձ համար հանգիստը վայր չէ, այլ ներքին վիճակ։ Ես ներսից բավական անհանգիստ մարդ եմ, միակ լիարժեք ֆիզիկական հանգստությունը ստանում եմ քնելուց։ Բայց շատ ավելի կարեւոր է հոգեւոր հանգստությունը։ Եթե ներսումս խաղաղ չէ, աշխարհում չկա այնպիսի վայր, որն ինձ լիարժեք հանգստություն տա։ Ինձ համար հանգիստը սկսվում է ներսից: Իսկ եթե հանգիստ եմ ներքուստ, արդեն էականը չէ՝ որտեղ եմ, բայց չափազանց կարեւոր է՝ ում հետ։
- Ի՞նչ է պետք անպայման հասցնել անել այս 2,5 ամսվա ընթացքում: Ինչի՞ բույրն առնել:
-Մազերից՝ արեւի, մաշկից՝ աղի:
- Ի՞նչ շոշափել:
-Ավազն ու ծովը:
- Ի՞նչ դիտել:
-Ֆիլմ, որի անունն է «կյանք»:
- Որտե՞ղ լինել:
- Սիրելի մարդկանց կողքին:
- Ո՞ւմ գրկել պարտադիր:
- Քեզ չգրկող մարդկանց:
- Ի՞նչ սովորել:
- Սիրել:
- Կարդալ:
- Պոեզիա:
- Լսել:
- Լյուդովիկո Այնաուդի:
- Ի՞նչ չթաքցնել:
- Սերն ու ցավը:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Արեւիկ Գեւորգյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: