Վրացի գրող Դաթո Տուրաշվիլու՝ իրական դեպքերի վրա հիմնված «Ջինսի սերունդը» բեմադրել են «Թատրոն տանիքում»-ում: Ռեժիսոր Արթուր Սարիբեկյանին վեպն առաջին հերթին գրավել է նրանով, որ հերոսները պայքարում են ազատության համար ու գնում իրենց ցանկությունների հետեւից: Նա BRAVO.am-ին պատմել է, որ տեսարանները շատ խիտ էին, ասելիքով ու գործողություններով լի, իսկ ռեժիսորի համար միշտ էլ հաճելի է ընտրել լավի ու լավագույնի մինչեւ ընկած իրականը:
«Ստեղծագործական ընթացքը եղել է բացահայտումներով լի: Կարծես սահմանագծին էի, որտեղ պիտի հաղթեինք՝ հետաքրքիր ու գեղեցիկ ներկայացում ունենալու համար: Ինձ համար միշտ ժամանակը քիչ է, ինչ-որ բան կիսատ է մնում, բայց դա իմ ներսի խնդիրն է: Ասում են՝ հանդիսատեսը գոհ էր եւ հուզված, ասելիքը գրպանում դրած տուն է գնացել: Առաջին անգամ որոշեցի ներկայացումը հանդիսասրահից նայել, որ տեսարաններս դիտողի միջոցով բացեմ: Շատ բան բացահայտեցի, ու քանի որ թատրոնը թանգարան չէ, այսինքն՝ ոչինչ վերջնական չէ, մի քանի հատված կվերանայեմ»,- նշել է Արթուր Սարիբեկյանը:
Նաթելլային մարմնավորող Սաթենիկ Հազարյանի խոսքով՝ առաջին հայացքից իր կերպարը սովորական մայր է, բայց խորանալու արդյունքում երեւում է, թե որքան շատ շերտեր ունի. «Նա ապրում է ներսում երկար պահած մեղքի, վախի ու կարոտի հետ։ Եվ մեր խնդիրն էր ցույց տալ Նաթելլայի ներսում տեղի ունեցող փոփոխությունը։ Սկզբում նա ուրախ էր, երջանիկ, քանի որ տղային է ամուսնացնում: Բայց երբ խոսքն արդեն իր երեխայի ճակատագրի մասին էր, նրա մեջ ինչ-որ բան փոխվեց. ուրիշ կերպ սկսեց նայել, ուրիշ շնչով խոսել... Փորձել եմ ցույց տալ այդ լուռ, բայց ուժեղ վերափոխումը»:
«Ջինսի սերունդը» շատ հարազատ է դարձել Հազարյանին ու փորձերի ընթացքում պատմությունը վերապրել է: Համարում է՝ ստեղծագործական թիմի համախմբված աշխատանքի շնորհիվ են կարողացել փոխանցել իրենց զգացած նուրբ ու մարդկային լարերը. «Մենք հանդիսատեսին տվեցինք զգացմունք, իսկ նրանք՝ վստահություն, ուժ ու սեր։ Ներկայացումը հասավ մարդկանց սրտերին։ Սա այն դեպքում է, երբ դերասանուհի լինելն ավելին է, քան մասնագիտություն. այն կամուրջ հանդիսացավ»:
Հազարյանն իր կերպարի միջոցով ներկայացնում է, թե ինչ է նշանակում ազատություն ցանկանալ, խճճվել վախերի ու հասարակության մեջ. «Նաթելլան ինձ համար դարձավ մի կին, որին փորձում ես հասկանալ հոգով, ոչ թե կենսագրությամբ: Ջինսն այս դեպքում պարզապես հագուստ չի, այլ մտածողություն՝ չվախենալ կյանքից, չծածկել զգացմունքները, փորձել նոր բաներ, գնալ հոսքին հակառակ, եթե սիրտդ այդպես է ասում։ Այդ ամենը ես իմ կյանքում էլ ապրել եմ։ Ու հիմա խաղում եմ մի կնոջ, ով երկար լռել է, հետո վերջապես համարձակվել է բացվել: Դա ինձ շատ ծանոթ է»:
Դերասանուհու համար ներկայացման ամենակարեւոր ասելիքն այն է, որ մարդիկ միշտ պետք է պայքարեն սիրո, ազատ խոսքի, հավատքի կամ պարզապես իրենց ուզած ձեւով ապրելու համար:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները տրամադրել է Սաթենիկ Հազարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: