Ամառային այս ամիսները BRAVO.am-ը որոշել է լցնել մարզումներով, նոր ֆիլմերով, ստեղծագործական էներգիայով ու մեծ բրդուճներով: Այս անգամ դրանում մեզ օգնելու է դերասան Վարուժան Մարգարյանը:
- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք հավանում տարվա այս եղանակը:
- Սիրում եմ, քանի որ մարդկանց երեսին ավելի շատ եմ ժպիտ տեսնում: Սուտ կլինի ասել՝ քանի որ միշտ գնում եմ հանգստի (ծիծաղում է,-հեղ.):
- Ամառային ի՞նչ սովորություն կամ արարողակարգ ունեք։
- Սիրածս սովորությունը մեծ բաժակով սառը ջուր խմելն է՝ այնպես, որ ջրի կեսը պարտադիր թափվի վրաս (ծիծաղում է,-հեղ.):
- Ինչպե՞ս է ամառն ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա:
- Ուզում եմ առանձնացնել հենց այս ամառը, որը սկսել է շատ բուռն ստեղծագործական էներգիայով. անելիքները գլխումս շատ են՝ նոր մտքեր, նոր ցանկություններ, նոր սպասումներ ու կյանքի մի նոր շրջան:
- Ձեր նախագծերից ո՞րն է ամենաամառայինը:
- Նարինե Աբգարյանի «Սիմոն» գրքի հիման վրա Արման Մարությանի նկարահանած հեռուստաֆիլմը։
- Անմոռանալի ու թեժ ամառը:
- 2022 թվականի հունիսին՝ Զվենիգորոդի ամառային դերասանական դպրոցում:
- Ինչպե՞ս էիք փոքր տարիքում սիրում անցկացնել ամառը:
- Սիրում էի լողավազան հաճախել, բայց քանի որ հաճախ չէր հաջողվում, հիմնականում սիրում էի (ծիծաղում է,-հեղ.): Մեկ էլ սիրում էի եղբորս տուն գնալ, միասին համակարգչային խաղեր խաղալ ու այնտեղ գիշերել։
- Ո՞րն է մանկությունից մնացած ամառային ամենալավ հիշողությունը:
- Երբ ազգականներով հավաքվում եւ պարտադիր գնում էինք քաղաքից դուրս մի տեղ։ Հիշողություն է, քանի որ կյանքի բերումով մեծ մասը հիմա այլ երկրում է ապրում։
- Ի՞նչ եք հասցրել առաջին անգամ անել այս ամռանը:
- Երեկոյան՝ ժամը 20։00-ին, հագուստով, ամբողջ մարմնով մտել եմ Սեւան (ծիծաղում է,-հեղ.): Նկարահանման ընթացքում էր, բայց առաջինը լինելու փաստը դա չի հերքում։
- Ամառային սիրելի ուտելիքները:
- Լոլիկ, վարունգ, կանաչի, լավաշ: Իմ բրդուճներն այնքան մեծ են լինում, որ հաճախ քեռիս կատակով ասում է. «Քո սարքած բրդուճը մենք 2 շաբաթ կուտենք»:
- Ուտեստներ, որ կարողանում եք պատրաստել:
- Ես շատ բան եմ պատրաստում, բայց եթե խոսքն ամռան մասին է, ապա՝ լոլիկով ձվածեղ։
- Զովանալու տարբերակներ:
- Լողավազան, սառը ըմպելիք ու սեր (ծիծաղում է,-հեղ.)։
- Ամռանը դիտելու ֆիլմ կամ սերիալ:
- «Հաղթելու ժամանակը. «Լեյքերս» դինաստիայի վերելքը»:
- Լավագույն գրքերը առման մասին:
- Ամռան մասին դժվարանում եմ մտաբերել, բայց որ կցանկանամ նորից կարդալ այս ամռանն ու մյուսներին էլ խորհուրդ եմ տալիս՝ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում»-ն է:
- Գրքային կամ ֆիլմային ո՞ր կերպարի հետ կցանկանայիք ուղեւորության մեկնել:
- Իսկ եթե ասեմ, որ ինքս կցանկանայի լինել «Տեղափոխվողը» (Jumper) ֆիլմի հերոսի կարողություններով եւ մեկնել ճանապարհորդության՝ երբ ցանկանամ եւ ուր կցանկանամ։
- Հայաստանում ամռանն այցելելու 3 վայր:
- Տեղ, ուր կտրված կլինես ամենքից ու ամեն ինչից: Բնության գրկում լինես մենակ դու, մտքերդ եւ սերդ (ծիծաղում է,-հեղ.): Այնտեղ, ուր կարելի է համեղ ձուկ ուտել, եւ երեկոյան Կասկադը:
- Ինչպե՞ս եք պահում մարզավիճակն ու ի՞նչ առողջ սովորություններ ունեք:
- Շատ եմ քայլում. բոլորի պես ուղղակի ասելու համար չեմ ասում (ծիծաղում է,-հեղ.): Օրվա ընթացքում լինում է, որ 10 կմ-ից ավելի քայլում եմ: Աշխատավայրում ձգումներ անելու համար ձող ունեմ:
- Ի՞նչն է տարվա այս եղանակին Ձեզ ամենաշատը ոգեշնչում:
- Մտքերս, որոնք ուզում եմ իրականացնել:
- Ո՞րն է կատարյալ ամառը Ձեզ համար:
- Երբ կողքիդ սիրած էակ կա, ու այդ ամառն անցնում է լիքը սիրով:
- Արդյո՞ք դերասանի աշխատանքն ու արձակուրդը համատեղելի են:
- Արձակուրդն ի՞նչ է (ծիծաղում է,-հեղ.): Իրականում դերասանական աշխատանքից բացի, այլ գործով եմ զբաղված, որն ավելի շատ է ստիպում մոռանալ ամռանը հանգստանալու մասին, բայց պլանավորել գեղեցիկ ու տաք աշնանայինը:
- Ի՞նչ է պետք անպայման հասցնել անել այս 2,5 ամսվա ընթացքում:
- Հաց ու պանրով քաղցր ձմերուկ ուտել:
- Ինչի՞ բույրն առնել:
-Պաղպաղակի:
- Ի՞նչ շոշափել:
- Գրքեր:
- Ի՞նչ դիտել:
- «Թալսայի թագավորը» թեթեւ սերիալը: Այս պահին դիտում եմ, դրա համար էլ նշեցի:
- Որտե՞ղ լինել:
- Որտեղ բնություն կա, օդն էլ ավելի սառն է ու համեմատաբար մաքուր:
- Ո՞ւմ գրկել պարտադիր:
- Կողակցիդ:
- Ի՞նչ սովորել:
- Հարգել:
- Կարդալ:
- Բանաստեղծություններ, գիտեմ՝ ոչ բոլորն են սիրում (ծիծաղում է,-հեղ.):
- Լսել:
- Ջազ:
- Ի՞նչ չթաքցնել:
- Զգացմունքները:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Վարուժան Մարգարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: