×


«20 20-ի հրեշտակները». «Սպիտակ բանակի» իրական ու հուզիչ պատմությունները` Ջիվան Ավետիսյանի ֆիլմում

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն աշնանը կներկայացնի «Վերածնվածը»։ Այն «Թեւանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» ֆիլմերից հետո նրա ստեղծագործական թիմի չորրորդ լիամետրաժ գեղարվեստական կինոնկարն է: Պրեմիերային նախապատրաստվելուն զուգահեռ, շարունակվում են «20 20-ի հրեշտակները» ֆիլմի աշխատանքները. արդեն պատրաստ են սցենարը եւ ընտրված դերասանական կազմն ու նկարահանման վայրերը։

«20 20-ի հրեշտակները» ֆիլմին նվիրված միջոցառմանը երեկ ներկա էին Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած բժիշկներից մի քանիսն ու նրանց մարմնավորել պատրաստվող դերասանները։ Նախագիծը երախտիքի խոսք է բուժաշխատողներին՝ իրենց անձնվեր աշխատանքի համար:

Ռեժիսորը խոստովանեց՝ երկրում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով մի քիչ շփոթված է, նույնիսկ որոշել էր միջոցառումը հետաձգել, սակայն ընկերները գոտեպնդել են ու նշել հայի ինքնության մասին պատմող ֆիլմի կարեւորության մասին։


«Ֆիլմն ազգային բարձր արժեքների մասին է, որոնց համար այսօր յուրաքանչյուրս անհանգիստ ենք։ Ցավում եմ, որ հոգեւոր դասը ներկա չէ: Բնականաբար, հասկանում ենք պատճառները։ Ֆիլմում խոսում ենք ոչ միայն բուժաշխատողների ու զինվորների մասին, այլ նաեւ հոգեւոր դասի, որը նույնպես անհավանականն է արել մարտի դաշտում»,- ասել է Ջիվան Ավետիսյանը:

Նա չի հիշում՝ առաջինը ֆիլմի անվանումն է որոշել, թե այն նկարահանելու գաղափարն ունեցել։ Պարզապես պատերազմի ժամանակ խոստացել է ողջ մնալու դեպքում պատմել բոլոր այն «հրեշտակների» մասին, որոնց հանդիպել է Արցախում։ Նա իր առաքելությունն է համարում հայրենիքի մասին խոսել մինչեւ ուժերի ավարտն ու իր վերջին շունչը։

«20 20-ի հրեշտակները» ստեղծելու համար Ավետիսյանի շուրջ բազմաթիվ մարդիկ են համախմբվել, բայց առաջին հերթին այն բժիշկներն ու բուժաշխատողները, որոնք անցել են արցախյան պատերազմների թոհուբոհով ու պատրաստ եղել կիսվել իրենց հուզիչ պատմություններով։ Դրանք այնքան շատ ու սրտաճմլիկ են եղել, որ խնդիր է առաջացել այդ ամենը մեկ սցենարի շուրջ միավորել։


«Սցենարային լուծման մասով մի անհավանական դժվարության հետ բախվեցինք, եւ լուծումը գտնվեց երկար դադարից հետո։ Ունեցանք 4 բաժին ու 6 պատմություն: Առաջինը պատմում է Հայաստանից Արցախ մեկնած բժիշկների մասին, երկորրդն արցախցի մասնագետների մասին է, երրորդում դեպքերն ամբողջությամբ ընթանում են սահմանագծին, իսկ վերջինը Սփյուռքից ժամանածների մասին է։ Դեպքերն ու հերոսները միախառնված են»,- նշել է ռեժիսորը:

2022-ին Ավետիսյանը այս նախագծով մեկնել է նախ Բեռլինի կինոշուկա, ապա եղել եվրոպական այլ կինոշուկաներում ու կարողացել իր շուրջը համախմբել տարբեր երկրներից 5 պրոդյուսերի, որոնցից երկուսն ընդհանրապես տեղյակ չէին պատերազմի մասին։ Ֆիլմը Հայաստանի, Հունաստանի, Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի համատեղ արտադրություն է լինելու։ Նկարահանումները նախատեսում են սկսել 2026-ին, բայց նախ սպասում են Հայաստանի կինոյի հիմնադրամից պետական աջակցություն ստաալ: Պատասխանը կլինի առաջիկա ամիսներին։

«Այս ֆիլմը միայն իմ թիմով ստեղծել չեմ կարող. ծավալուն ու մինչեւ 1000 հոգանոց զանգվածային տեսարաններ ունենք, մեծ քանակությամբ պատերազմական ու բժշկական պարագաներ եւ գործողություններ։ Այնպես որ, բոլորիդ աջակցության, սրտացավության ու աղոթքների կարիքն ունենք, որ այն իրականացնենք»,- ասել է նա:


Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված Նարինե Պետրոսյանն Ավետիսյանի հետ ծանոթ է դեռ ուսանողական տարիներից: Նրանք վաղուց նաեւ ընտանիքներով են ընկերություն անում։ Նա նկարահանվել է ռեժիսորի հինգ ֆիլմից չորսում:

«Ջիվանն ինձ համար արժանապատիվ արցախցի է։ 2000-ականների սկզբից եմ սկսել աշխատել նրա հետ ու ականատես եղել բոլոր դժվարություններին առաջին ֆիլմը ստեղծելիս՝ թե ինչ պայմաներում էր փորձում իրականցնել իր երազանքը։ Ֆիլմից ֆիլմ զարմացնում էր իր աշխատասիրությամբ, տաղանդով ու համառությամբ։ «20 20-ի հրեշտակներն», ասես, մի մեծ կտավ կլինի, որի միջոցով մի անգամ եւս կբարձրաձայնենք մեր վերջին ժամանակահատվածի ցավալի օրերի մասին։ Դա կլինի մեր հարգանքի տուրքը, շնորհակալությունն ու փոքր մխիթարանքը»,- նշել է դերասանուհին:


Շանթ Հովհաննիսյանը մարմնավորելու է պատերազմին մասնակցած բժիշկներից մեկին։ Ավետիսյանի աշխատանքներում գնահատում է ոչ միայն համամարդկային արժեքներին անդրադառնալը, այլ նաեւ հայ ժողովրդի լինելիության եւ ապագայի հարցերը բարձրաձայնելը. «Իր ֆիլմերում նա ցուցադրում է այս մեծ աշխարհում մի փոքր կետի մարդկանց, ովքեր ապրում են համամարդկային արժեքներով ու արարում։ Ֆիլմը հարգանքի տուրք կլինի այն մասնագիտությանն ու մարդկանց, ովքեր հավատարիմ են եղել իրենց երդմանը։ Մենք մեկ տարուց ավելի շփվում ենք բժիշկների հետ ու փորձում հասկանալ նրանց ներաշխարհը։ Ամենավերջին պահին զինվորը հենց այդ մարդկանց արձագանքին է սպասում: Ֆիլմի անունն էլ պատահական չի ընտրված»։

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանն առաջին բժիշկներից է, որն իր օգնության ձեռքն է մեկնել Ջիվան Ավետիսյանին։ Նա խոստովանեց, որ, սովորաբար, մարդիկ փորձում են իրենց կյանքում հանդիպած դժվարությունների մասին մոռանալ, բայց իրականում դա անհնար է։ Եվ ֆիլմի գաղափարը նրա մեջ շատ հիշողություններ ու պատերազմի մասին դրվագներ է տակնուվրա արել. դրանք այնքան շատ են, որ մեկ գործում հնարավոր չէ ընդգրկել։


«Չեմ ասում՝ բժիշկներին շնորհակալություն ասենք իրենց աշխատանքի համար, քանի որ դա նրանց առաքելությունն է, բայց եղել են բազմաթիվ պահեր, որոնք դուրս են եկել բոլոր նորմերից, տրված երդումներից ու ընդունված նիստուկացից։ Մարդիկ այնպիսի քայլեր են արել, որոնք երբեք չէիր կարող պատկերացնել։ Ես անցել եմ բոլոր պատերազմներով: Առաջինի ժամանակ նախարար էի ու ամբողջ ծանրությունը մեր ուսերին էր։ Պատերազմի ավարտից հետո Վազգեն Սարգսյանն ասաց. «Մենք հաղթեցինք մեր տղաներով, մեր բանակով ու մեր բժիշկներով»»։

Խոսքն արտասանելուց հետո նա երկար դադար վերցրեց ու չփորձեց էլ թաքցնել հուզմունքը: Մի քանի անգամ խոստովանեց, որ ծանր է այդ ամենի մասին նորից խոսել։ Պատմեց Շվեյցարիայում աշխատող հայ գործընկերոջ մասին, որը եկել է իր օգնությունը ցուցաբերելու, ու թե ինչպես է փորձել բժշկին Գորիսում տեղավորել՝ հանուն նրա 4 երեխաների, բայց նա, միեւնույն է, մեկնել է Արցախ ու հետո հազիվ է կարողացել այնտեղ մնացած վերջին բժիշկների հետ Ստեփանակերտից դուրս գալ։

«Նման դեպքեր շատ ունենք, դրա համար, Ջիվան ջան, իսկապես ուրախ եմ, որ բժիշկների մասին ես խոսելու. կա մեկը, ով մարդկանց հիշեցնելու է իրական հրեշտակների մասին։ Կներեք, իսկապես հուզված եմ»,- ասել է Արա Բաբլոյանը:


Անհնար էր առանց հուզվելու լսել նաեւ Ստեփանակերտի հիվանդանոցի վերջին գլխավոր բժիշկ Մհեր Մուսայելյանին։ 2023 թվականից հետո նա Արցախի մասին հանրայնորեն ընդհանրապես չի խոսել, քանի որ իր մեջ ուժ չէր գտնում դա անելու։ Բայց մոտ մեկ տարի առաջ ծանոթացավ Ջիվան Ավետիսյանի հետ ու սկսեց նրան ծանոթացնել բուժաշխատողների կատարած անհավանական գործերին։

«Դժվար ու դաժան ճանապարհ էր: Ինչերի միջով անցանք։ 2020 սեպտեմբերի 27-ին պատերքազմը սկսվելուց մի քանի ժամ անց Հայաստանից են միացել մեր գործընկերները, հետագայում նաեւ արտերկրից՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Լիբանանից, Սիրիայից: Ցանկը շատ երկար է։ Սկզբում 500-ից ավելի էին բժիշկները, հետո շատացան, պատերազմի թոհուբոհին իրական թիվը պահել չէինք կարող, բայց բոլորից էլ շնորհակալ ենք։ Նրանց տվյալները փորձել ենք տալ Ջիվանին, որ ներկայացնի, թե այդ բժիշկներն ինչ են արել հայերի համար: «Սպիտակ բանակն» առաջին իսկ օրվանից կանգնած է եղել Արցախի կողքին։ Շնորհակալ եմ իրական պատմությունների մասին նկարահանվող այս ֆիլմի համար, որոնց ինքներս ենք ներկա եղել: Դրանք շատ տխուր են ու հուզիչ: Ամեն ինչ ենք արել կյանքեր փրկելու համար»,- ասել է Մհեր Մուսայելյանը:

Լուսանկարը՝ Նարեկ Մելիքսեթյանի


Նա եւս մեկ անգամ շեշտել է այն մեծ օգնության մասին, որ այդ օրերին ողջ հայությունն է ցուցաբերել։ Պատմել է նաեւ մի հուզիչ դրվագի մասին՝ պատերազմի օրերին բժիշկները միայն գիշերը ժամը 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում էին կարողանում մի քիչ շունչ քաշել ու տվյալներով փոխանակվել գործընկերներ հետ։ Այդպիսի մի հեռախոսազանգի ժամանակ էլ Բաբլոյանին պատմել է, որ բժշկական համազգեստների կարիք ունեն, քանի որ իրենցն ամբողջությամբ արյունոտված է, ու չեն հասցնում լվանալ։ Եվ արդեն առավոտյան խնդիրը լուծվել է:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW