Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում հոկտեմբերի 23-ին համերգով հանդես կգա Իսպանիայից ժամանած SpaDuet-ը:
«Ֆոլկ, ջազ եւ ֆիլմ» խորագրով երեկոն խոստանում է յուրահատուկ երաժշտական ճանապարհորդություն՝ ժողովրդական մեղեդիներից մինչեւ ջազի դասականներ եւ կինոերաժշտության կախարդական էջեր:
Դաշնակահար Ալֆրեդո Օյագուես Մոնտերոն եւ սաքսոֆոնահար Ռոդրիգո Վիլա Պերեսը կստեղծեն մտերիմ մթնոլորտ՝ պատմելով ստեղծագործությունների մասին եւ անմիջական կապ ստեղծելով հանդիսատեսի հետ։
«Մոնտերոն Իսպանիայի անվանի «Դեյա» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: Նրա բեմական փորձառությունը ընդգրկում է բազմաթիվ միջազգային փառատոներ, որտեղ նրա կատարումները միշտ առանձնացել են խորությամբ եւ արտահայտչականությամբ։ Իսկ Պերեսի վիրտուոզ նվագը եւ արտիստիկ ներկայությունը նրան դարձրել են ժամանակակից իսպանական երաժշտության կարեւոր դեմքերից մեկը»,- նշված է հաղորդագրությունում:
Համերգի ընթացքում կհնչեն Մանուել դե Ֆայայի, Խավիեր Մոնտսալվադիեի, Ջորջ Գերշվինի, Աստոր Պիացոլլայի, Էնիո Մորիկոնեի եւ անվանի այլ հեղինակների ստեղծագործություններ:
«Այս համերգը խոստանում է դառնալ իսկական մշակութային կամուրջ, որտեղ իսպանական երաժշտական ավանդույթները կհանդիպեն հայկական հանդիսատեսի զգացմունքայնությանը»,- նշում են կազմակերիչները: Համերգի պրոդյուսերն է դաշնակահար Ջուլիետա Վարդանյանը։


×
124





