Մինչ երեկոյան Երեւանն իրեն հատուկ արարողակարգերի մեջ է՝ ամեն կողմից լսվում են երթեւեկության ու մեքենաների ազդանշանների ձայները, կողքի շենքերում ընթրիքի սեղան են գցում ու լվացք փռում, «Թատրոն տանիքում»-ում լրիվ այլ եռուզեռ է։ Ամեն ինչ սկսվում է գինու հյուրասիրությամբ ու երաժշտական կատարումներով, ապա ներկաներին հրավիրում են Էլլիի ու Նոյի տուն՝ ականատեսը լինելու նրանց անհավատալի թվացող մեծ սիրուն։
Մեկուկես ժամ շարունակ շուրջը կատարվող ամեն ինչ անկարեւոր է դառնում:
Երիտասարդ զույգը փորձում է կիսաքանդ տունը վերափոխել իր երազած ձեւով՝ սպիտակ ներկել պատերը, մեծ ու լուսավոր պատուհաններ տեղադրել, իսկ երկրորդ հարկում նկարելու համար սենյակ հատկացնել։ Մինչ Էլլին ու Նոյը երազում են ապագայի մասին, հատուկ խնամքի կենտրոնում երկու տարեց ընթերցում են նրանց պատմությունը՝ փորձելով հասկանալ՝ արդյոք այդ սերը կդիմանա՞ ժամանակի ու տարածության դժվարություններին։
Ու թեեւ տղամարդու համար ամեն ինչ ակնհայտ է, կինը եւս պետք է համոզվի դրանում։ Զուգահեռ իրականությունում շատ բան է տեղի ունենում․ մոր պարտադրանքով Էլլին լքում է սիրելիին, շարունակում ուսումը, նշանվում ու պատրաստվում ընտանիք կազմել, իսկ Նոյը կորցնում է հորը, պատահական կապեր հաստատում, բայց եւ, ինչպես խոստացել էր, կարգի բերում տունը։
Բեմադրական լուծումները թարմ ու հետաքրքիր են: Հանդիսատեսին էմոցիոնալ հրավառություն է սպասվում՝ մերկապար, ռոմանտիկ ընթրիք, սիրո պոռթկումներ, առաջին գիշեր, հորդառատ անձրեւ։ Բայց բացահայտումներն այսքանով սահմանափակենք։ Մնացածի մասին կիմանաք Մխիթար Դանիելյանի «Հիշում եմ» բեմադրությունը դիտելուց հետո։
Bravo.am-ին ռեժիսորը պատմել է, որ վաղուց է ճանաչում Էլիի դերակատար Արեւիկ Գեւորգյանին, ու տեւական ժամանակ մտածում էին միասին հետաքրքիր գործ բեմադրել։ Թեեւ Դանիելյանը Միացյալ Նահանգներում էր, փնտրուքները շարունակվում էին, մինչեւ որոշեց անդրադառնալ Նիկոլաս Սփարքսի «Նոթատետր» գրքին։ Ընտրությունը կատարելուց հետո անմիջապես կողմնորոշվել է նաեւ մյուս դերասանների հարցում։
«Մեր թատրոնում կային բոլոր անհրաժեշտ դերասանները, ու ամեն ինչ հոյակապ համընկավ։ Քանի որ վեպի հիման վրա ֆիլմը հայտնի է, չէի ուզում նույն բանն անել, ու սցենարը կառուցել ենք միայն գրքի հիման վրա։ Դերասաններին նույնիսկ թույլ չեմ տվել ֆիլմը դիտել։ Սեղանի շուրջ ընթերցումներից մինչեւ պրեմիերան տեւել է ընդամենը մեկ ամիս, քանի որ պետք է նորից մեկնեի, բացի այդ՝ պատրաստվում էի նաեւ «Մի գիշեր» ներկայացման պրեմիերային:
Ասացի. «Եթե պատրաստ ենք թատրոնում քնել, կանենք այս ներկայացումը»: Ու բառացիորեն քնում էինք այնտեղ. լուսաբացին՝ ժամը հինգին, գնում էինք տուն, առավոտյան տասին վերադառնում փորձի: Եվ այդպես՝ ամեն օր։ Վերջին շրջանում երեկոյան ներկայացումները հանել էի խաղացանկից, որպեսզի կարողանայինք հանգիստ ստեղծագործել։ Հրաշալի էր միասին աշխատելը»,- պատմել է Դանիելյանը:
Բեմադրական լուծումները փորձել են հարմարեցնել «Թատրոն տանիքում»-ի հնարավորություններին եւ մտածել են անսպասելի ու տարբերվող տեսարաններ։ Դանիելյանի խոսքով՝ ժամանակակից հանդիսատեսի ուշադրությունը գրավելու համար կարեւոր է գրավիչ տեսարաններ ունենալ:
Արեւիկ Գեւորգյանն էլ է փաստում, որ ամեն ինչ կարճ ժամանակում են հասցրել, ու չնայած հագեցած փորձերին՝ հասցրել են նաեւ ընթացքը վայելել. «Ինձ թույլ չեմ տվել դուրս գալ կերպարից: Այդ մեկ ամիսն ասես մեկ երկար օր լիներ։ Ընդհանրապես հոգնածություն չէի զգում, քանի որ բոլորն այնքան սեր էին դրել այս գործի մեջ։ Պրեմիերայից առաջ, ինչպես եւ մյուսները, շատ հուզված էի: Միշտ առաջնախաղը հուզառատ է լինում: Բոլորս այս դերերի մեջ մեզ կգտնենք, ու աստիճանաբար ներկայացումն ավելի լավը կդառնա»,- խոստովանել է նա։
Պրեմիերայից երկու օր առաջ Հայկ Սմբատյանն ընկել է ու ոտքը կոտրել, բայց որոշել է հուսախաբ չանել թիմին ու գիպսով է խաղացել։ Այդ հանգամանքը սյուժետային գիծ է դարձել ու Նոյի քայլվածքին մի քիչ կաղություն ավելացրել՝ նրան տարբերելով ֆիլմային կերպարից։ Իր խաղով էլ դերասանը բավական հետաքրքիր ու տարբերվող էր: Սմբատյանն ու Գեւորգյանը ներդաշնակ ու միմյանց փոխլրացնող զույգ են, որից աչք կտրել չէր լինում:
«Տեսարան ունենք, որում Էլլին հուշում է աստիճաններին զգույշ լինել, ու հենց այդտեղ էլ սայթաքել եւ ընկել եմ։ Երկու տարբերակ ունեինք՝ կա՛մ ներկայացումը հանել, կա՛մ խաղալ կոտրված ոտքով։ Թատրոնում դերասաններին հաջողություն մաղթելու համար անգլերեն ասում են. «Break a leg» («Կոտրի՛ր ոտքդ»,- հեղ.), ես, փաստորեն, դա բառացի եմ հասկացել»։
Անձրեւի տեսարանում գիպսը թրջվել է, ու պետք է գնամ փոխելու։ Խաղալու ընթացքում ցավ ընդհանրապես չեմ զգացել: Բեմն այդպիսի հատկություն ունի. մինչեւ բեմ մտնելն ինչ ասես լինում է՝ լարվածություն, վախ, ցավ, բարդույթներդ են ի հայտ գալիս, մի խոսքով՝ ամեն ինչ թափվում է գլխիդ։ Հենց սահմանն անցնում ես ու մտնում բեմ, ամեն ինչ միանգամից անցնում է»,- պատմել է դերասանը:
Նա Արեւիկ Գեւորգյանին ճանաչում է դեռ Թատերականում սովորելու տարիներից. կարճ ժամանակ կուրսեցիներ են եղել, սակայն միասին երբեք չէին խաղացել։ Ներկայացման մեջ նրանք շատ մեծ սեր են պատկերում, որը, դերասանի կարծիքով, հանդիպում է նաեւ իրական կյանքում. «Ինձ թվում է՝ ամեն ինչ սուտ է, ու հենց սերն է միայն իրական։ Մարդիկ թատրոն հույզերի համար են գալիս։ Այստեղ անցկացրած մեկուկես ժամվա ընթացքում հավատում են, որ կյանքում էլ են նման ապրումներ լինում, եւ հնարավոր է այդքան ուժգին սիրել»։
Նրա խաղընկեր Արամ Կոստանյանն էլ մեջբերել է ներկաներից մեկի կարծիքը, որը պրեմիերայից հետո խոստովանել է՝ չի հավատում նման սիրուն։ Արամը, սակայն, կարծում է, որ սեր կա, եւ յուրաքանչյուրն այն յուրովի է ապրում. «Այն ապրում է ամեն երեւույթի մեջ, անգամ՝ լռության: Սերը, ազնվությունը, նվիրվածությունը, հավատարմությունը, հոգածությունը մարդկանց կյանքը դարձնում են լիարժեք։ Եթե հարգանք չկա, էլ ինչո՞վ կարող ես մխիթարվել: Եթե սեր չկա, ուրեմն որքա՜ն դատարկությամբ ես ապրել կյանքը»։
Սուսաննա Բաղդասարյանի համար արվեստում ցանկացած գործի ծնունդն իսկական տոն է, բայց եւ մեծ պատասխանատվություն: «Թատրոնում առանց էմոցիաների չի լինում: Այստեղ դու ապրում ես ու արտահայտում երազանքներդ, տխրություններդ եւ հիասթափություններդ: Միշտ շատ ծայրահեղ ապրումներ եմ ունենում, հատկապես պրեմիերաների օրերին լարված եմ, անհանգիստ, ուրախ, դժգոհ: Ամեն ինչ խառնվում է իրար»,- անկեղծացել է նա:
Դերասանուհին երկար տարիներ բնակվում է Ֆրանսիայում, բայց վերջին շրջանում Հայաստանում հաճախ է լինում ու խաղում ներկայացումներում: Մոտ մեկ տարի առաջ Սամվել Բաղինյանի հետ ներկայացրել են Արթուր Սարիբեկյանի «Սիրտս քեզ» բեմադրությունը:
«Ֆրանսիայում կյանքս մի քիչ ուրիշ է: Հարավի փոքրիկ գյուղաքաղաքում եմ բնակվում, որտեղ հայկական համայնք ու պրոֆեսիոնալ թատրոն չկա: Իմ մտերիմ ֆրանսիացիների հետ ստեղծել են փոքր թատերախումբ ու ներկայացումներ ենք բեմադրում: Բայց երբ որոշեցի ապրել երկու երկրում էլ, այնտեղի գործը, որն անում եմ հոգուս համար, մի քիչ հետին պլան եմ մղել»,- կիսվել է դերասանուհին:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
288





