×


Ինչպես է անցել «84-ի ամառը» ֆիլմի երեւանյան պրեմիերան

Երբեւէ մտածե՞լ եք կյանքի որեւէ փուլ վերադառնալու, ինքներդ ձեզ ու մյուսներին նոր հնարավորություն տալու մասին: Նման հարցադրումներ առաջացնող «84-ի ամառը» սերիալը վերածվել է ֆիլմի, որի երեւանյան պրեմիերան տեղի ունեցավ Կինոյի տանը՝ «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։

Երկար տարիների բաժանումից հետո երկու ընկեր պատահաբար հանդիպում են ծերանոցում եւ որոշում, որ միասին ճանապարհ պիտի գնան՝ գտնելու իրենց երիտասարդ տարիների սիրուն։ Սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է, ռեժիսորը՝ Պետրոս Հովհաննիսյանը։


«Ոգեւորիչ է, որ ֆիլմը ցուցադրվում է այս փառատոնի շրջանակում։ Մաղաքյանը երկար տարիներ այս գաղափարն ունեցել է մտքում։ Երբ տեղեկացա դրա մասին, թեման հետաքրքրեց նաեւ ինձ. կիսում էի Անիի մտքերը։ Սերիալից ֆիլմ դարձնելու ընթացքում տեխնիկական եւ սցենարային բարդություններ կային, բայց կարծում եմ՝ ստացվել է։ Փորձել ենք չվնասել պատմությունը»,- նշեց ռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանը։

Գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադեւոսյանի խոսքով` սերիալի մասին արձագանքները հուշեցին, որ այն ֆիլմի վերածելը լավ գաղափար կլինի:

«Ուզում էինք, որ ավելի շատ մարդ դիտի ֆիլմը, քանի որ շատերը դժվարությամբ են հետեւում սերիալներին։ Այսօր դահլիճի հուզմունքից հասկացանք, որ արձագանքը դրական է. մեզ համար կարեւոր էր հույզեր փոխանցելը: 80-ականներն աշխարհի լավագույն ժամանակաշրջանն է եղել, եւ այդ տարիներին անդրադառնալը շատ հետաքրքիր էր. շատ ուրախ ժամանակներ են եղել: Կերպարներն, ըստ իս, լիովին համապատասխանում են այդ տարիների ոգուն: Ֆիլմի գլխավոր ասելիքն ընկերության մասին է։ Իսկ սերը ճանապարհ էր, որով հերոսները վերագտան իրենց ընկերությունը»,- ասաց նա:


Ընկերներից մեկին երկու տարիքում մարմնավորել են Արթուր Կարապետյանը եւ Թելման Խաչատրյանը, իսկ մյուսին՝ Լեւոն Հարությունյանը եւ Ներսես Ավետիսյանը։

Հայաստանի վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը նշեց, որ ֆիլմը նկարահանված չէ «Օսկար» ստանալու նպատակով, այլ որպեսզի հասնի մարդկանց սրտերին ու հոգուն։

«Սա յուրատեսակ ապաշխարության պատմություն է երկու կերպարի համար։ Երկուսն էլ սխալներ էին թույլ տվել։ Ի վերջո, շատ դաժան է, երբ մարդու մեջ սպանում են սերը։ Այս ամբողջ ճանապարհը նրանք պետք է միասին անցնեին: Կան իրավիճակներ, երբ ինչ-որ բան ես անում՝ կարծելով, որ ճիշտ ես, բայց տարիներ անց այն քարանում է մեջդ... Ֆիլմում բոլորի մեջ էլ մնացել էր սերը: Երեքն էլ սիրում էին. եռանկյունի էր: Երկար տարբերակում մտքերի փոխանակությունը շատ է, եւ այդ երկխոսությունների միջոցով երեւում է ապաշխարության ճանապարհը։ Շատ լավ ֆիլմ է ստացվել սիրո եւ ընկերության մասին, ինչը կինոդաշտում քիչ է. այնքան կրիմինալ են նկարել, որ մեր կյանքն էլ է սկսել փչանալ», - ասաց դերասանը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո դերասան Ներսես Ավետիսյանն անկեղծացավ, որ դիտելիս սիրտը ջերմանում էր. «Ուզում էի գրկել այն մարդկանց, ովքեր այս ամենը կիսել են մեզ հետ, ու շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ մենք այս ճանապարհն անցել ենք միասին»։


Գլխավոր հերոսուհուն մարմնավորող Հռիփսիմե Նահապետյանը խոստովանեց՝ իրական կյանքում էլ է սիրում ռետրո ոճը. «Երբ իմացա նախագծի մասին, շատ ուրախացա։ Կերպարս հոգեհարազատ է ինձ։ Սովորաբար, երբ նախագիծը սերիալից վերածվում է ֆիլմի, հուզական գիծը հաճախ կորում է, բայց կարծում եմ՝ այս դեպքում այդպես չէ: Հետեւում էի հանդիսատեսին. նրանք հուզված էին դիտում: Դահլիճը լուռ էր»։

Ֆիլմի օպերատորը Սիմոն Դավթյանն է։ Նախագծում նկարահանվել են Ժաննա Վելիցյանը, Օլյա Հակոբյանը, Անի Պետրոսյանը, Իշխան Ղարիբյանը, Էրվին Ամիրյանը, Արաքսյա Խաչատրյանը եւ այլք։ «84-ի ամառը» Կինոդարան հարթակի  արտադրանքն է:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW