Երեւանի սրտում հնչել է մի ձայն, որին դադարել էինք սպասել, բայց երբեք չէինք մոռացել։ Ջազը վերադարձավ՝ Էլվինա Մակարյանի անզուգական ձայնով։ Տարիներ առաջ ձայնագրված, բայց երբեւէ չթողարկված 6 երգ, որոնց վրա փոշի էր նստել հիշողության արխիվում, ապրում են նոր կյանք՝ վինիլային ձայներիզի տեսքով։
«Արարողները մահ չունեն»՝ Ավետ Բարսեղյանի այս խոսքերով մեկնարկեց երեկոն, որը դարձավ ոչ միայն երաժշտական հանդիպում, այլեւ հուշերի եւ սիրո տոն։
Բեմը կիսեցին հայ էստրադայի ճանաչված անունները՝ Արսեն Սաֆարյան, Շուշան Պետրոսյան, Արման Աղաջանյան, Ալլա Լեւոնյան, Ռոբերտ Քոլոյան, Կարինա Առուստամյան, Անահիտ Շահբազյան, Սրբուկ, Աննա Լառայ, Աննա Վարդազարյան, Անուշ Հարությունյան, Գրիշա Աղախանյան, Վիգեն Հովսեփյան։ Հին ու նոր երգերը հնչեցին այնպես, ինչպես միայն սրտով կարելի է երգել։
Երգերի խոսքերի հեղինակ Ռիտա Սուքիասյանը հիշում է, թե ինչպես տարիներ առաջ համագործակցեց Էլվինա Մակարյանի եւ Արման Աղաջանյանի հետ. «Լսում էի երգերն ու փորձում էի պատկերացնել՝ ինչ է զգացել այդ երաժշտությունը գրելիս, ինչ ապրումներ է ունեցել ու ինչ է ցանկացել փոխանցել ունկնդրին։ Իսկ Էլվինային հնարավոր չէ նկարագրել մեկ բառով։ Նա հզոր եւ բազմաշերտ անհատականություն էր եւ ստեղծագործող։ Շնորհակալ եմ ընկերության, նրա ստեղծագործությունների ու այն տարիների համար, որ անցկացրեց մեր ընտանիքի հետ»:
Նախագիծը կյանքի է կոչվել երգիչ, ռեժիսոր Արման Աղաջանյանի, Վահան Մարտիրոսյանի եւ Գրիգոր Վահրամյանի ջանքերով։ Աղաջանյանի խոսքով՝ CD թողարկելն այսօր արդիական չէ, իսկ վինիլը ոչ միայն որակ է, այլ նաեւ յուրօրինակ հուշանվեր է Էլվինայի երկրպագուների համար։
«Սկզբում նա իմ ուսուցիչն էր, հետո դարձավ քույրը։ Մենք ամենօրյա շփում ունեինք: Նա ֆանտաստիկ հումոր ուներ, յուրաքանչյուր թեմայի շուրջ կարող էինք զրուցել, բանավիճել։ Իսկ երբ արդեն գիտեր՝ դիմացինն ով է, թույլ էր տալիս ընկերանալ իր հետ»,- պատմեց Արման Աղաջանյանը:
Խոստովանում է՝ երգչուհին ոչ մի կերպ չէր հարմարվում իր միակ զավակի կորստի հետ. «Շատ էր բարդացել իր կյանքը: Դժվարանում էր կյանքի գույները տեսնել։ Իսկ ինչ վերաբերում է կարիերային, նա պարզապես ճիշտ ժամանակին չէր ծնվել: Խորհրդային տարիներին ջազ երաժշտությունը դեռ լայն տարածում չուներ, եւ Էլվինան կանգնած է հայկական ջազի ակունքներում»։
Կարինա Առուստամյանը եւ Գրիշա Աղախանյանը ներկայացրին իրենց սիրված զուգերգը՝ «Առանց սեր չկա գարուն» երգը։ Երգչուհին խոստովանեց, որ սկզբում թեեւ մտավախություն ուներ՝ արժե արդյոք կատարել Էլվինայի հիթը, սակայն հետո հասկացել է՝ պետք է երգի, քանի որ այդպես ապրեցնում է արտիստին։
«էլվինայի ժառանգությունը, որը շատ թանկ է մեզ համար, այսպես շարունակում է ապրել։ Իմ երգացանկում շատ են ու մեծագույն պատիվ է երգել նրա երգերը: Ցավոք, մենք այսօր ունենք նման որակյալ, հոգու երգերի պակաս»,- Կարինա Առուստամյանը:
Սրբուկն ունի ֆավորիտ երգեր, որոնք գրեթե միշտ կատարում է իր համերգներին. «էլվինան մեզ հզոր ժառանգություն է թողել։ Նրա երգերը կատարելիս երաժշտական ազատություն եմ զգում։ Ասես իմ հոգու երգերը լինեն»։
Ավետ Բարսեղյանը Էլվինայի հեռանալուց հետո է որպես խոսքերի հեղինակ անդրադարձել նրա երաժշտությանը. «Արման Աղաջանյանի երաժշտական արխիվում խոսքեր չունեցող երգեր շատ կան։ Նա սրտի թրթիռով ու պահապան հրեշտակի պես պահում է դրանք՝ ժամանակ առ ժամանակ վստահելով այն արտիստներին, որոնք էլվինայի երգերը կզգան ու կփոխանցեն այնպես, ինչպես նա կցանկանար: էլվինայի երգերը ստիպում են քեզ դուրս գալ կաղապարներից։ Շնորհակալ եմ Արմանին ու երկու երիտասարդներին, որ վերադարձրին վինիլային մշակույթը»։
Էլվինա Մակարյանի «արեգակը ծագեց» սաֆարյանական ոճով ու ձեռագրով։ Արսեն Սաֆարյանն անկեղծանում է․ «Ֆենոմենալ արտիստ էր։ Նրա թողած ձայնադարանի շնորհիվ հանգիստ կարող ես սերունդներ կրթել ու ճաշակ թելադրել: Շատ ուրախ եմ, որ իր երգացանկից մեկ երգ էլ ես կարողացա կատարել։ Շնորհակալ եմ ընկերոջս՝ Արման Աղաջանյանին, որ «ստեղծեց» Էլվինայի վինիլը։ Այս ծնունդը շատ կարեւոր էր: Շնորհավոր էլվինասեր հանրությանը, որ նման ժառանգություն ունի»։
Արման Աղաջանյանի խոսքով՝ Էլվինայի երաժշտությունը դեղամիջոց է մեր խեղաթյուրված էստրադայի համար: Վինիլային ձայներիզը վաճառքում է, իսկ օգոստոսի այս երեկոն դարձավ ապացույց, որ իսկական երաժշտությունը չի հնանում. այն միշտ գտնում է իր ճանապարհը դեպի սրտեր, անգամ տասնամյակներ անց։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: