×


Էմմա Հակոբյան. «Թեեւ ամառային մարդ եմ, իմ սերը գտել եմ ձմռանը»

Ամառն աստիճանաբար ավարտին է մոտենում, ու փորձում ենք նրանից առավելագույնը քաղել: Դրանում այս անգամ մեզ օգնել է բլոգեր, նախկին հաղորդավարուհի Էմմա Հակոբյանը: Նրա հետ հնարավորինս շատ ֆիլմ ենք դիտել ու գիրք կարդացել, Սեւանը նորովի բացահայտել ու լցվել ստեղծագործական էներգիայով:

- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք հավանում տարվա այս եղանակը:

- Ամառը շատ եմ սիրում։ Ահավոր մրսկան եմ եւ միշտ գերադասում եմ շոգը։ Ամռանը կարծես շունչս բացվում է, ստեղծագործ միտքս՝ ակտիվանում։ Ավելի մեծ հաճույքով եմ սկսում ընտրել իմ կերպարները, որովհետեւ շատ եմ սիրում ամառային զգեստապահարանը։ Ամառը ծովի մասին է, հետո՝ Սեւանի, արեւայրուքի, ընթերցանության, իսկ երեկոները՝ ֆիլմեր դիտելու։

- Ամառային ի՞նչ սովորություն կամ արարողակարգ ունեք։

- Ամեն տարի նույն կազմով՝ ես, մայրիկս ու աղջիկս, անպայման գնում ենք ծովափ։ Դա մեր սիրելի մեկշաբաթյա ժամանակահատվածն է, երբ աղջիկներով վայելում ենք ամառը։


- Ինչպե՞ս է ամառն ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա:

- Երբ արեւն է փայլում, ես ինձ ավելի ազատ, թեթեւ ու ներշնչված եմ զգում։ Տաք եղանակը բացում է ներքին սառնությունս, եւ միտքս սկսում է ավելի աշխույժ աշխատել։ Վերադառնում եմ իմ հին նախասիրություններին, սկսում եմ նոր գաղափարների շուրջ մտածել, երբեմն՝ անգամ նկարել։ Ամռանը ստեղծագործելն ավելի բնական ու հաճելի է դառնում։

- Ամենաանմոռանալի ու թեժ ամառը: 

- Այդպիսի շատ ամառներ եմ ունեցել ու դժվարանում եմ առանձնացնել մեկը: Յուրաքանչյուրն իր ձեւով է թեժ եղել, յուրովի՝ անմոռանալի։ Բայց եթե պետք է առանձնացնեմ, ապա կնշեմ այն տարին, երբ աղջկաս առաջին անգամ տարա ծովափ։ Առաջին անգամ ծովը տեսնելիս նրա հիացմունքն ու անկեղծ հույզերն ամբողջությամբ փոխանցվեցին ինձ: Իսկապես անմոռանալի պահ էր՝ տեսնել փոքրիկիդ հրճվանքը։

- Արդյոք ունեցե՞լ եք ամառային սիրավեպ, որը մինչ օրս հիշում եք:

- Սիրավեպ դժվար է անվանել, բայց շատ տարիներ առաջ, երբ Վրաստանում էինք հանգստանում, սիրահարվեցի Դաթո անունով մի տղայի։ Նրանք ապրում էին մեր հարեւանությամբ՝ սեփական տանը, ու մեր տների միջեւ ընդամենը մի ցանկապատ կար։ Մի օր տղաները բակում գնդակով խաղում էին, երբ այն պատահաբար ընկավ մեր կողմը։ Գնդակը հետ շպրտեցի, բայց նորից հայտնվեց մեր բակում։ Այդպես սկսվեց մեր «գնդակային» շփումը, որին հաջորդեցին մի քանի հանդիպումներ ծովափին։

Այդ ժամանակ դպրոցական էի, ու ինձ թվում էր՝ աշխարհի ամենագեղեցիկ եւ տպավորիչ զգացմունքն եմ ապրում այդ տղայի հանդեպ։ Բայց երբ վերադարձանք տուն, կապը, բնականաբար, կտրվեց. այդ տարիներին սոցիալական հարթակներ չկային: Մնաց միայն մի գեղեցիկ, նուրբ ու անհոգ դպրոցական հիշողություն։


- Եթե սիրելիի հետ հայտնվեք անմարդաբնակ կղզում, ի՞նչ կտանեք Ձեզ հետ:

- Ինձ հետ անպայման կտանեմ մի քանի գիրք եւ համակարգիչ, որի մեջ կներբեռնեմ շատ-շատ ֆիլմեր։ Որքան էլ սիրելիս հետս լինի, առանց ֆիլմ դիտելու չեմ դիմանա։

- Իսկ ամառային ի՞նչ արկած կցանկանաք ունենալ: 

- Ամառային կարեւոր միջոցառումներից մեկը, որին շատ կցանկանայի մասնակցել, «Burning Man»-ն է։ Կցանկանայի այնտեղ գնալ նոր փորձառությունների եւ արկածների հետեւից։

- Ո՞րն է կատարյալ ամառային ժամադրությունը:

- Ծովափ, մայրամուտ, մեկ սրբիչ՝ երկուսի համար, Marshall բարձրախոս եւ սիրելի երաժշտություն։

- Ինչպե՞ս է ամառն ազդում սիրելու կամ սիրահարվելու վրա:

- Եղանակը սիրելու կամ սիրահարվելու հետ կապ չունի։ Ես թեեւ ամառային էակ եմ, իմ սերը գտել եմ ձմռանը՝ ամենացուրտ ու ձնառատ օրերին։ Իսկ ամառը պարզապես նպաստում է, որ այդ սերը ծաղկի։


- Ամռանը նախընտրելի հետաքրքրիր զբաղմունքները:

- Գնալ ծովափ աղջկաս հետ, հետո էլ հանգստյան օրերին այցելել Սեւան։ Շատ երկար ժամանակ Սեւանը չէի ընկալում որպես հանգստի վայր, բայց վերջերս սկսել եմ սիրել այն, ընդունել ու գնահատել յուրահատուկ տրամադրությունն ու փոխանցվող էներգիան։

- Ինչպե՞ս էիք փոքր տարիքում սիրում անցկացնել ամառը:

- Ես, ծնողներս ու եղբայրս մեր շան հետ ամեն շաբաթ ու կիրակի գնում էինք ամառանոց, որտեղ ունեինք մեծ փչովի լողավազան։ Երեկոները պատրաստում էինք խորոված ու վայելում այն մեր այգում։ Շատ էի սիրում մեր ամառանոցը. իմ մանկության բազմաթիվ հուշեր դրա հետ են կապված։

- Ի՞նչ եք հասցրել առաջին անգամ անել այս ամռանը: 

- Սկսել եմ սիրել Սեւանը։ 

- Ամառային սիրելի ուտելիքները: 

- Ձմերուկ, ծիրան, կեռաս:

- Ուտեստներ, որ կարողանում եք պատրաստել:

- Բորշչ, հավով ապուր, ծովամթերքով պաստա:


- Զովանալու տարբերակներ:

-Սառը ջուր՝ քիչ կիտրոնով ու չիայի սերմերով:

- Ամռանը դիտելու ֆիլմ կամ սերիալ:

- Շատ-շատ են՝ «Շրջանավարտը» (1967), « Ծնոտներ» (1975), «Ամռան 500 օր» (2009), «Արեւածագից առաջ» (1995), «Տաղանդավոր պարոն Ռիփլի» (1999), «Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ» (1997), «Վիկի Քրիստինա Բարսելոնա» (2008), «Լիալուսնի թագավորություն» (2012), «Մատուտակի պիցցան» (2021), «Կոչիր ինձ քո անունով» (2017), «Լողափ» (2000), «Իմ արեւ» (2022):

- Լավագույն գրքերն առման մասին:

- Սքոթ Ֆիջերալդի «Մեծն Գեթսբին», «Գիշերն անույշ է», Անդրե Ասիմանի «Կոչիր ինձ քո անունով» վեպերը, Էռնեստ Հեմինգուեյի «Ֆիեստա»-ն, Ալբեր Քամյուի «Օտարը», Սոմերսեթ Մոեմի «Լուսին եւ վեցպենսանոցը», Ուիլյամ Ֆոլքների «Շառաչ եւ ցասումը»:

- Հայաստանում ամռանն այցելելու 3 վայր:

- Շորժա, Դիլիջան, Լոռու մարզ. բնությունն այնտեղ շատ տպավորիչ է։ 

- Ինչպե՞ս եք պահում մարզավիճակն ու ի՞նչ առողջ սովորություններ ունեք:

- Քիչ եմ ուտում: Այս պահին իրականում չեմ մարզվում, պարզապես ժամանակ չեմ գտնում: Բայց քանի որ մանկուց քչակեր եմ, մարզավիճակս ինքն իրեն պահպանվում է։


- Որտե՞ղ ու ինչպե՞ս եք հանգստացել կամ պլանավորո՞ւմ եք հանգստանալ:

- Այս տարի արդեն հանգստացել եմ Եգիպտոսում՝ աղջկաս ու մայրիկիս հետ։ 

- Ի՞նչ է պետք անպայման հասցնել անել այս ընթացքում:

- Ապրել: Պետք է պարզապես հասցնել ապրել։ 

- Ինչի՞ բույրն առնել:

- Ծովի աղահամ օդը։ 

- Ի՞նչ շոշափել:

- Խոտը՝ բոբիկ ոտքերով զբոսնելիս։

- Որտե՞ղ լինել:

-Ծովափին՝ մայրամուտի ժամանակ։

- Ո՞ւմ գրկել պարտադիր:

-Երեխայիդ՝ օրական տասնյակ անգամ։


- Ի՞նչ սովորել:

-Սիրել ինքդ քեզ եւ ընդունել քո թուլությունները։

- Լսել:

- Լանա Դել Ռեյի «Summertime Sadness»-ը:  

- Ի՞նչ չթաքցնել:

- Քո իրական եսը՝ առանց դիմակների։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Նանե Մանգասարյանի եւ Էմմա Հակոբյանի անձնական արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW