12-ամյա Արտյոմը Երեւանից է։ Կրկեսում եղել է փոքր տարիքում, բայց այլ երկրում։ «Ամենաշատն ուզում էի ակրոբատներին տեսնել կամ կրակի հետ խաղացող մարդկանց»,- պատմեց նա։
Լինան Հադրութի Հայկավան գյուղից է։ Կրկեսի մասին պատկերացում կազմել է համացանցից եւ կիսում էր Արտյոմի ակնկալիքները:
Սահակյան քույրերն էլ Գյումրիից են: Եկել էին մայրիկի հետ, որին ճանապարհին անդադար հարցրել էին՝ ինչ են տեսնելու կրկեսային դահլիճում. «Ոգեւորված են, ու այդ ոգեւորությունը փոխանցվել է մեզ։ Մենք էլ անհամբեր սպասում էինք այսօրվան»:
Այսօր հենց այս երեխաների առաջ բացվեցին «Տաշիր Արենա»-ի՝ Երեւանի կրկեսի նորացված շենքի դռները: Հատուկ միջոցառումը տեղի ունեցավ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ՝ նրա 60-ամյակի օրը:
Կարապետյանը, որն արդեն երկու ամսից ավելի գտնվում է անազատության մեջ, որոշեց օրը տոնական դարձնել փոքրիկների համար, ովքեր հատկապես ջերմության եւ հոգածության կարիք ունեն: Կրկես էին հրավիրվել ավելի քան 1200 երեխա Հայաստանի տարբեր մարզերից՝ Վանաձորից, Շիրակից, Հրազդանից, Արտաշատից, Արարատից եւ այլ վայրերից։ Նրանց թվում էին բազմազավակ ընտանիքների, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների եւ զոհված ազատամարտիկների երեխաներ։
Սամվել Կարապետյանը կարճ ուղերձ էր հղել իր դստերը՝ Տաթեւիկին, ով կյանքի կոչեց այս նախագիծը. «Ես իսկապես ուզում եմ, որ այս օրը հնարավորինս ուրախ լինի: Նոր Արենան առաջին անգամ լցվի երեխաների ծիծաղով: Եվ եթե այսօր գոնե մեկ երեխա երջանիկ զգա, նշանակում է, որ այս ամենն իզուր չէ»:
Նոր Արենայում երեխաներն առաջին անգամ ելույթ ունեցան երեխաների համար, եւ սա էր բարեգործական համերգի հիմնական իմաստը: Երիտասարդ արտիստներն ու բեմի փոքրիկ հերոսները տոն պարգեւեցին իրենց հասակակիցներին: Համերգային ծրագիրը ներառում էր երաժշտական եւ պարային համարներ, կրկեսային արվեստ եւ այլ ներկայացումներ, որոնք իրական տոնի եւ միասնության մթնոլորտ ստեղծեցին:
«Այս օրը նվիրված է երեխաներին, որոնց համար էլ ստեղծվել է այս ամենը։ Սիրելի երեխաներ, երբեք չնահանջեք դժվարություններից, հավատացեք հրաշքներին ու համարձակորեն երազեք, քանի որ երազանքները թեւեր են, որոնք օգնում են թռչել»,- ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ եւ նախագծի հեղինակ Տաթեւիկ Կարապետյանը:
Tashir Arena-ի պաշտոնական բացումը նախատեսված է աշնանը։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: