Բավականին անցել է ժամանակ,
Չեմ հասկանում՝ սա իրական էր, թե՞ հեքիաթ,
Եվ չեմ ուզում ես հավատալ իմ վիճակին,
Սակայն ստիպված եմ, դու չկաս էլ իմ կողքին:
Բարդերը հոգու երաժիշտներ են, ովքեր խոսում են շատերի համար, եւ այդ շատերը սիրում են, երբ պարզ բառերով խոսում են բարդ բաներից։ Բարդերը չեն շտապում, եւ առեւտրային այս ժամանակաշրջանում շարունակում են չկորցնել իրենց դիմագիծը. գրում են, երբ ասելիք կա, եւ երգում են, երբ լռել այլեւս չեն կարող։
Բարդերի միջազգային օրը համընկել էր երաժիշտներից մեկի՝ լուսահոգի Էդուարդ Բալասանյանի ծննդյան օրվա հետ։ Այդ օրը «The Club»-ում հավաքվել էին ընկերներ, համախոհներ եւ բարդական միջավայրին մոտ մարդիկ՝ մի քանի պատրվակով։
Միջոցառումը նվիրված էր Բարդերի միջազգային օրվան, «Բարդ» ակումբի բացմանը եւ Էդուարդ Բալասանյանի երգերի ձայնասկավառակի շնորհանդեսին։ Էդուարդը մի քանի ամիս առաջ է հեռացել կյանքից, սակայն այդ երեկոն եւս մեկ անգամ ցույց տվեց, որ նա շարունակում է ապրել՝ ընկերների հիշողության ու երգերի միջոցով։
«Բարդ» ակումբը կազմավորվել է 2008 թվականին: Այն պարզապես հարթակ չէ, որտեղ գալիս են ելույթ ունենալու։ «Ավելի շուտ միջավայր է, որովհետեւ այստեղ խոսքը համագործակցության մասին չէ, այլ՝ մտածողության, կենսակերպի եւ արժեքների փոխանցման»,- ասում է հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը:
Այս միջավայրի մաս է դառնում նաեւ Էդուարդ Բալասանյանը։ Ինչպես ընկերներն են պատմում՝ նա գալիս էր, նստում անկյունում՝ մի բաժակ կոնյակ ձեռքին, եւ լուռ լսում ելույթ ունեցողներին։ Մեկ-մեկ տեղից բղավում էր՝ «Հարբեցողը», որ լսի Ռուբեն Քամալյանի կատարմամբ։
Արմինե Հայրապետյանը նրա պահվածքը համարում է ասպետին բնորոշ եւ հպարտությամբ նշում, որ երբ ինքն էր ելույթ ունենում, Էդուարդը հետեւում էր, որ ոչ ոք չհամարձակվի աղմկել:
«Էդուարդն ուներ մի հատկանիշ, որը հազվադեպ է հանդիպում այսօր. խոնարհում բարձր արժեքների առաջ՝ առանց ձեւականության։ Դա պարզապես հարգանք չէր, այլ ասպետական վերաբերմունք։ Եթե ինչ-որ մեկը խաթարում էր իրեն արժեքավոր թվացող պահը՝ աղմուկով, անուշադրությամբ, նա չէր լռում։ Նրա համար գեղեցիկը, մաքուրը, ազնիվը պաշտպանելու բաներ էին»,- նշում է երաժիշտը:
Վախթանգ Հարությունյանը պատմում է իր առաջին տպավորության մասին՝ նշելով, որ Էդուարդն իր համար խորհրդավոր կերպար էր. «Պարզվեց՝ ոչ միայն երգեր է գրում, այլ արդեն բավական շատ երգեր ունի գրած։ Մեր առաջին հանդիպման ժամանակ լսեցի նրա երգը, որը ռուսերեն էր, փոքր խորհուրդ տվեցի, եւ արդեն հաջորդ շաբաթ նրան ներկայացրինք որպես կատարող։ Հետագայում պարբերաբար հանդես էր գալիս նոր երգերով, մինչեւ սկսվեցին ձայնագրությունները»։
Հեղինակ-կատարողը հիշում է նաեւ մի դրվագ, որը, իր խոսքով, շատ բան էր ասում Էդուարդի ներքին պահանջկոտության մասին. «Մի ելույթի ժամանակ նա իրենից դժգոհ մնաց, հետո կիթառը ջարդեց ու ասաց՝ արժանի չէ բեմ բարձրանալ։ Այդ պահին շատ հիասթափված էր, բայց այդ պահանջկոտությունն էլ հենց իրեն բնորոշ էր»։
Արմինե Հայրապետյանի խոսքով՝ բեկումնային պահ էր, եւ եթե չհամոզեին մնալ, էլ հետ չէր գա. «Անկյունաքարային պահ էր՝ կամ պիտի լիներ անջատում, կամ՝ միացում։ Մենք եւս մեկ հոգու մեր շարքերը ներգրավելու խնդիր չունեինք, այստեղ ամեն ոք իր ազատ կամքով է, եւ գաղափարը հենց այդ ազատությունն է։ Այդ օրն իր ապրումների ամենածանր օրն էր։ Շատ-շատ։ Ես երջանիկ եմ, որ կարողացա պահել իրեն»:
Շատ երգեր մնացին չձայնագրված։ Շատ ծրագրեր՝ կիսատ: Նա եւ իր երգերը շարունակում են ապրել ընկերների, երիտասարդների, լսողների մեջ։
Կարոտում են, կարոտում են, կարոտում...
Տեքստը՝ Անահիտ Ամիրխանայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
116







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: