Տարվա մրցանակաբաշխությունների շարքը բացել է 83-րդ «Ոսկե գլոբուսը»: Լոս Անջելեսում տեղի ունեցած միջոցառումն ավանդաբար մատնանշում է «Օսկար»-ի հավանական հաղթողներին, սակայն երաշխիք չի հանդիսանում:
Մրցանակների քանակով առաջատար է դարձել Փոլ Թոմաս Անդերսոնի «Պայքար պայքարից հետո» (One Battle After Another) ֆիլմը՝ հաղթելով 4 անվանակարգում: Այն գլոբուսների է արժանացել «Լավագույն ռեժիսոր, սցենար» (Անդերսոն), «Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Թեյանա Թեյլոր) անվանակարգերում:
«Լավագույն դրամա»-ն «Համնետ»-ն (Hamnet) է, դրամայում լավագույն դերասանն ու դերասանուհին Վագներ Մոուրան («Գաղտնի գործակալը») եւ Ջեսի Բաքլին («Համնետ») են, մյուզիքլում/կատակերգությունում լավագույն դերասանները Թիմոթի Շալամեն («Մարտի Սուպրիմ») եւ Ռոուզ Բիրն («Կհարվածեի քեզ, եթե ոտքեր ունենայի») են: Ստելլան Սկարսգորդը («Զգացմունքային արժեք») երկրորդ պլանի լավագույն դերասանն է:
Օտարալեզու լավագույն ֆիլմը «Գաղտնի գործակալ»-ն է: Անիմացիոն ֆիլմերից լավագույնը «K-pop դեւերի որսորդները» ֆիլմն է:
«Կինեմատոգրաֆիկ իրադարձություն» է համարվել «Մեղավորները» (Sinners) ֆիլմը, որի պրոդյուսերների թվում է Սեւ Օհանյանը: Ֆիլմն ուշադրության է արժանացել կինովարձույթում ունեցած հաջողությունների համար:
4 մրցանակ է ստացել «Անցումային տարիք»-ը (Adolescence). այն հաղթել է «Լավագույն հեռուստասերիալ կամ մինի սերիալ» անվանակարգում, «Սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան/դերասանուհի» են ճանաչվել Օուեն Կուպերը եւ Էրին Դոհերթին, իսկ «Սերիալում կամ մինի սերիալում» լավագույն դերասան անվանակարգում հաղթել է Սթիվեն Գրեհեմը:
Հատուկ մրցանակների են արժանացել Հելեն Միրենն ու Սառա Ջեսիկա Փարքերը:
Այս տարի էլ «Ոսկե գլոբուս»-ին մասնակցող աստղային հյուրերը շատ են եղել: Ջորջ Քլունին եկել է կնոջ՝ Ամալիի հետ, Ջուլիա Ռոբերթսին ուղեկցել է ամուսինը՝ Դանիել Մոդերը, Սելենա Գոմսեը եւ Բեննի Բլանկոն նույնպես ներկա են եղել միջոցառմանը եւ երգչուհու հավանական հղիության մասին խոսակցությունների առիթ տվել: Շալամեին հերթական անգամ ուղեկցել է Քայլի Ջենները:
Իրենց ներկայությամբ երեկոն ավելի տպավորիչ են դարձրել նաեւ Էմմա Սթոունը, Ջենիֆեր Լորենսը, Ջենիֆեր Լոպեսը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Անա դե Արմասը, Մայլի Սայրուսը եւ ուրիշներ:


×
150







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: