×


«Վիեննա գալա»՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկից

Երեւանում գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել վիեննական ամանորյա շնչով լցնել ձմեռային տոնական օրերը: Երեկ՝ հունվարի 11-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահը վերածվել էր Ավստրիայի մայրաքաղաքի վեհաշուք պալատի։ Երաժշտասեր հանդիսատեսը հրավիրված էր «Վիեննական գալա»-ի՝ երեկոյի, որտեղ ժամանակը կանգ է առնում, եւ առօրյա կյանքի եռուզեռը փոխարինվում է ոսկեզօծ ինտերիերի փայլով, պարահանդեսի զգեստների շրշյունով եւ բացառիկ տոնական կախարդանքով, որը միավորել է աշխարհը շուրջ մեկուկես դար։

Երբ ասում ենք «Վիեննա», մեր ականջներում հնչում է երաժշտություն։ Երբ ասում ենք «Վիեննական երաժշտություն», նկատի ունենք Շտրաուսների մեծ դինաստիան։ Նրանք էին, որ ստեղծեցին եվրոպական Ամանորի պարահանդեսների երաժշտական կոդը: Նրանց երաժշտությունն ավելին է, քան պարզապես թղթի վրա գրված նոտաներ. այն նրբագեղության, ուրախության եւ լավագույնի հանդեպ հույսի խորհրդանիշ է:


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այդ երեկո կենդանություն հաղորդեց Շտրաուսների լեգենդար գլուխգործոցներին՝ իրեն հատուկ երաժշտության մեկնաբանության խորությամբ, վառ ու տաք գույներով՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի հմուտ ղեկավարությամբ:


Հնչեցին «Կայծակ եւ որոտ», «Թրիչ-թրաչ», Ֆրանսիական «Կրակի տոնակատարություն», «Որսի պահին» կրակոտ պոլկաները, որոնք արագացնում են ունկնդրի սրտի բաբախյունը,  «Նապոլեոն», «Եգիպտական» հանդիսավոր քայլերգերը, որոնք խփում են պատմության ռիթմը։ Եվ, իհարկե, պարերի արքա՝ «Հնչող ոլորտներ», «Կայսերական», «Երկնագույն Դանուբ» եւ այլ վիեննական վալսերը: Համերգն ավանդաբար եզրափակվեց «Ռադեցկի» քայլերգով: 


Երեկոյի պարային հատվածը վստահված էր «Բարեկամություն» անսամբլի պարուհիներին, որոնք էլեգանտ կավալերների ուղեկցությամբ հանդես եկան պարահանդեսային պարերի կատարումներով՝ հենց ճեմասրահում: Համերգի ժամանակ զույգերը հանդես եկան եւս երկու պարային համարով:


Հատուկ պետք է նշել նաեւ հանդիսատեսի մասին, որը եկել էր գեղեցիկ երեկոյան հագուստով ու հարդարանքով:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն օրեր առաջ է վերադարձել Չինաստանում կայացած մասշտաբային շրջագայությունից, որտեղ մեծ հաջողությամբ 9 համերգով է հանդես եկել հեղինակավոր համերգասրահներում:

Տեքստը՝ Աստղիկ Դալլաքյանի
Լուսանկարները՝ Մարիա Վարդանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW