Երեւանյան երեկոյան ռիթմն այլ հնչողություն ուներ երեկ: The Bird Cage-ում The Bambir-ը ներկայացնում էր իր վերջին ալբոմը՝ «Մանկական խաղերը», բայց այս անգամ՝ վինիլի ձեւաչափով:
Խմբի անդամների խոսքով՝ լավ է, որ բոլոր ալբոմներն էլ վինիլ դառնան: 2000-ականներից վինիլային մշակույթը դուրս եկավ շրջանառությունից, հիմա կարծես թե նոր շունչ է ստանում: Տղաներն էլ միտք ունեն մնացած ալբոմները եւս վինիլային տարբերակով թողարկել․ սկսել են հենց «Մանկական խաղերից»:
Ինչպես կիթառահար, վոկալիստ Նարեկ Բարսեղյանն է շեշտում, ալբոմն իր համար մեկ այլ վերնագիր էլ ունի՝ «Մեր օրերի խրոնիկա»: Եթե կարճ՝ ալբոմում 8 երգ է, 8-ն էլ տարբեր տրամադրությամբ են: Որպես այդպիսին՝ դրանք կոնցեպտուալ չեն, չունեն հաջորդականություն, իրար չեն շարունակում, սակայն թեմատիկ առումով միմյանց կապակցված են:
Կոմիտասյան հարազատ ելեւէջներ կգտնեք անպայման, տողեր եւս: Ըստ տղաների՝ ալբոմը ստեղծվել է Հայաստանում ճամփորդելու ժամանակ ու, կարծես, մեր օրերի պատմում է՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական՝ բոլոր առումներով:
Ամենաարտահայտիչը, թերեւս, «Փակ շուրջպար»-ն է, որը ցույց է տալիս այն փակ շրջանակը, որում ենք, որն անընդհատ պտտվում է, ու ոչինչ չի փոխվում. «Հոտն՝ անհովիվ, մոլոր, շփոթ...»:
Երգիծանկարիչ, անիմատոր Վրեժ Քասունին 20 եւ ավելի տարի է՝ լսում է բամբիռներին, իր 7-ամյա երեխան էլ՝ 3 ամսականից․ «Խմբի անդամները մտածող մարդիկ են, ինչն արտացոլվում է նրանց աշխատանքում: Այսօր մեր երաժշտական դաշտում շատ քիչ են նման երաժիշտները, որոնք նաեւ մտավորական են»։
Դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը պատմեց, որ 14 տարեկանից սիրահարված է տղաներին, նրանց երգերին: Ավելի շատ սիրում է հին երգերը: Պատմեց, որ խմբին ավելի մոտ լինելու համար ընկերուհիներով՝ ինքը, Մարիամ Շահինյանը եւ եւս երկու աղջիկ, «Էքսպրոմտ» խումբն են ստեղծել: Մի քիչ պայքարել են, եւ իրենց հաջողվել է տղաների հետ բեմ դուրս գալ: Ճիշտ է՝ խումբը երկար չի գործել, բայց կարծես նպատակին հասել է:
Ամեն մի երգ մի կտոր է մեր իրականությունից, մենք մի շրջապտույտում ենք ու պտտվում ենք, ու պտտվում․․․
Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Էդիթ Քամալյանի
BRAVO.am


×
112





