Բանկային համարձակ կողոպուտ, որն իր առանձնահատկությամբ եւ յուրահատուկ ձեռագրով ցնցել էր Խորհրդային Միությունը․ 1977 թվականին Երեւանում եղբայրներ Նիկոլայ ու Ֆելիքս Կալաչյաններն անձրեւանոցի օգնությամբ Պետական բանկից հափշտակեցին մոտ 1.5 միլիոն խորհրդային ռուբլի, որը այն ժամանակ համարվում էր հսկայական գումար։ Այս պատմությունից տպավորված՝ պրոդյուսեր եւ ռեժիսոր Գոշ Հակոբյանը նկարահանել է «Զոնտիկ» գեղարվեստական ֆիլմը, որը մեծ էկրան կբարձրանա ապրիլին։
Խաղարկային կինոյի ժանրում ֆիլմը Գոշի համար առաջինն է. մինչ այս նա նկարահանել էր սերիալներ։
«Հուսով եմ՝ բավարար լավ դեբյուտ է, եւ մարդիկ կընդունեն: Յոթ տարեկան էի, երբ լսեցի այս պատմությունը: Շատ էի տպավորվել: Կարող եմ ասել՝ երազանք էր այն էկրանավորելը։ Այս ֆիլմն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Նկարահանվել է իմ հիշողությունների հիման վրա։ Շատ պահեր կան, որ իրականում այլ կերպ են եղել, բայց ես իմ լսածով եմ նկարահանել: «Իզյումինկան» հենց այն է, թե փոքր Գոշն ինչպես է ընկալել եւ մտապահել պատմությունը: Փաստացի մեծ Գոշը նկարահանել է այս ֆիլմը փոքր Գոշի համար։ Սկզբում պատկերացրել էի՝ անձրեւանոցներով մտել են բանկ եւ սպառնացել, բայց հետո պարզվեց, որ ավելի հնարամիտ են եղել»,- պատմել է ռեժիսորը:
Եղբայրները երկար ժամանակ ուսումնասիրել են Պետական բանկի կանխիկ գումարի տեղափոխման համակարգը, որից հետո կատարել արագ եւ հաշվարկված գողություն՝ առաստաղը ծակելով։ Նրանք դատապարտվել են մահապատժի։
Կողոպուտի մասին հանրության լայն շերտերին հայտնի դարձավ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Հակոբյանը որոշել է ֆիլմը կյանքի կոչել մոտ մեկուկես տարի առաջ, իսկ նկարահանումները տեղի են ունեցել այս ձմռանը: Նրա խոսքով՝ բավական բարդ եւ հետաքրքիր ճանապարհ են անցել։
«Շատ ենք տանջվել: Իրոք մեզ համար դժվար սար էր, որը բարձրացանք, եւ կանցնենք առավել բարդ ֆիլմերի։ Դժվարությունները խորհրդային շրջան ստանալու կամ տեխնիկական այլ հարցերում չէին: Մենք սպասում էինք ֆինանսկան կարեւոր մի քանի համագործակցության, որ նկարահանենք ֆիլմը, բայց բոլորը վերջին պահին մեզ մենակ թողեցին։ Ամեն ինչ արել ենք ինքնուրույն, մեր ուժերով, եւ ամենադժվարը դա էր։ Դժվար էր նաեւ այն առումով, որ սկզբում ոչ ոք չէր հավատում, թե սա արվելու է, քանի որ մասշտաբները շատ մեծ էին: Բայց մենք դա արեցինք»,- նշել է ռեժիսորը:
Եղբայրների դերում Սոս Ջանիբեկյանը եւ Մոսո Կարապետյանն են: Հակոբյանի խոսքով՝ դերասանները շատ նման են իրական կերպարներին. «Բացի այդ, երկուսն էլ իմ մտերիմ ընկերներն են: Այսպես ասեմ՝ եթե գնում ես պատերազմ, ավելի լավ է քո մտերիմներին վերցնես»:
Մոսո Կարապետյանը կեսկատակ նշում է, որ եթե «լավագույն գող» անվանակարգ լիներ, ապա մրցանակը հաստատ Ֆելիքսին պետք է տային. «Այս կողոպուտն ինձ տպավորել է իր կատարողականությամբ՝ ինչպե՞ս են կարողացել մի քանի հոգով այն իրականացնել: Նման լուրջ կերպար մարմնավորելը պատասխանատու եւ կարեւոր էր իմ կյանքում, քանի որ հանդիսատեսն ինձ գիտի հումորային դերերով: Հուսամ՝ կարողացել եմ դերին յուրահատկություն փոխանցել»։
Ֆելիքսի դերակատար Սոս Ջանիբեկյանի համար սա լեգենդար պատմություն է, որքան էլ հիմքում չարագործություն է. «Երբ Գոշից լսեցի ֆիլմի մասին, միանգամից հասկացա, որ հետաքրքիր բան է ստացվելու։ Շատ լավ է, որ ռեժիսորի հետ կյանքի տարբեր պահեր եք ապրել. իրար կես բառից հասկանում ենք։ Սա ռիսկային պատմություն է էկրանավորման համար։ Ֆիլմը հեշտ ընթացքով չի նկարվել, բայց լավագույն լուսավոր ճանապարհներն ամենաբարդն են»։
Ստեղծագործական թիմը բազմաթիվ հետաքրքիր դեպքեր հիշում է նկարահումներից, եւ դերասան Մոսո Կարապետյանն առանձնացրեց մեկը․ «Տեսարանում, երբ ինձ պետք է ձերբակալեն, ավտոմեքենան պետք է արգելակեի, բայց սառույց էր, եւ այն առաջ ընթացավ ու չնախատեսված հարվածեց դիմացի մեքենային»։
Ֆիլմում նկարահանվել են Արուսիկ Գրիգորյանը՝ Ֆելիքսի կին Մարուշի դերում,
Պոլինա Դեսյատովան՝ Նիկոլայի կին Լյուդմիլայի դերում, Շանթ Հովհաննիսյանը, Իշխան Ղարիբյանը, Լեւս Դավթյանը, Ջոն Թորոսյանը եւ այլք։
Գոշ Հակոբյանի խոսքով՝ երեւանյան պրեմիերայից հետո ֆիլմը նախատեսում են ցուցադրել տարբեր երկրներում։ «Զոնտիկ»-ի ռուսերեն անունը կլինի «Ограбление века», իսկ անգլերենը՝ «The Soviet Heist», բայց ռեժիսորը հայերենն ամեաշատն է սիրում:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Parie մեդիայի


×
3,136





