×


«Սպասում եմ՝ ծնողներս գան ու մաքուր աչքով նայեն»․ Լիլիթ Թոխատյան

«Միշտ երազել եմ լինել դերասանուհի: Պատկերացրել եմ ինձ բեմում խաղալիս: Եվ հիմա, երբ արդեն այդ ճանապարհին եմ, սիրտս ամեն օր արագ զարկում է: Շատ ուրախ եմ»,- BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է Լիլիթ Թոխատյանը՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի եւ Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի դուստրը։

Այժմ նա իր առաջին մեծ դերով հանդես է գալիս Երեւանի կամերային թատրոնի «Կառավարական համերգ»-ում, թեեւ մինչ այդ էլ փոքրիկ դերերով ներգրավված էր «Համլետ» եւ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումներում։ Մեր զրույցում նա խոսել է երազանքի, ծնողների արձագանքի, բլոգինգի, հաղորդավարության եւ առաջիկա ծրագրերի մասին։

Ծնողների ազդեցությունը

Իհարկե, նրանք կապ ունեն դերասան դառնալու ընտրությանս հետ։ Նրանց շատ շնորհակալ եմ, որ ինձ հեռու չեն պահել այս աշխարհից։ Ես «ծնվել» եմ թատրոնում, «ապրել» եմ եւ հիմա արդեն աշխատում եմ թատրոնում։ Ծնողներս շատ մեծ դեր ունեն: Նրանք միշտ աջակցում են, խորհուրդներ են տալիս։ Մենք ամեն օր քննարկում ենք մեր դիտած ֆիլմերը, ներկայացումների ենք միասին գնում եւ հետո էլի քննարկում. դա էլ է շատ օգնում։ Նրանց շատ եմ սիրում եւ շատ ուրախ եմ, որ դերասաններ են, ու հիմա ես էլ եմ այս աշխարհում։


Պատասխանատվությունը

Անսահման մեծ է պատասխանատվության զգացումը, այն էլ Հայաստանում, որտեղ մարդիկ շատ մոտ են, ու շատ ես լսում կարծիքներ։ Այդ զգացումը մի ուրիշ աստիճանի վրա է. նախ՝ որ դերդ լավ խաղաս, հետո էլ՝ որ մարդկանց սպասելիքներն արդարացնես։ Իհարկե, անում եմ ամեն ինչ, որ լավ ներկայանամ։ Իմ ծնողները գոհ են, իսկ դա ինձ համար ամենակարեւորն է։

Անկեղծ ասած՝ անհամբեր սպասում եմ, որ նրանք գան, նայեն ներկայացումն ու ասեն՝ ինչն էր վատ, ինչն էր լավ: Ուզում եմ՝ կողքից մաքուր աչքով նայեն։ Առհասարակ, կարծիք հայտնելիս միշտ անկեղծ են, ինչը շատ եմ կարեւորում (ժպտում է,- հեղ․)։


«Կամերային թատրոնը տուն է ինձ համար»

Շատ եմ սիրում մեր բոլոր թատրոնները, միշտ հաճախում եմ, փորձում եմ տեղյակ լինել նորություններից։ Բայց դե Կամերային թատրոնը տուն է ինձ համար ու նաեւ երազանք։ Երբեք ուրիշ թատրոնում ինձ չեմ պատկերացրել։ Շատ ներկայացումներ ունեմ առանձնացրած, որոնցում ուզում եմ խաղալ։ «Կառավարական համերգը» դրանցից մեկն էր։ 

Բլոգը, որ վարում է Կամերայինի համար

Լուսինե Երնջակյանն ինձ առաջարկեց, որ այդպիսի հետաքրքիր մի բան սկսեմ, որովհետեւ միշտ մոտենում էի նրան նոր մտքերով, ասում էի. «Կարո՞ղ է այսպիսի մի բան նկարենք դերասանների հետ», նա էլ ասում էր. «Դե, արի դու էլ զբաղվիր»։ Այս շրջանում շատ զբաղված էի ներկայացման պրեմիերայով, մի քիչ գլուխ եմ պահել, բայց շուտով կշարունակեմ։


Սիրելի հաղորդավարությունը

Երբ սկսվեցին «Կառավարական համերգ»-ի փորձերը, առաջարկներ ստացա տարբեր նախագծերից, բայց մերժեցի բոլորը, որովհետեւ ուզում էի նվիրվել թատրոնին ու իմ ամբողջ ժամանակը տրամադրել փորձերին։ Ծնողներս էլ ասում էին, որ դա է ճիշտը։ Եթե ընտրության առաջ կանգնեի, թատրոնը կընտրեի միանշանակ։ Այդ պատճառով էլ դեռեւս ուրիշ նախագծեր չկան, բայց անհամբեր սպասում եմ։ Շատ եմ սիրում հաղորդավարությունը եւ այն ամենը, ինչ կապված է այս ոլորտի հետ, երեւալու հետ (ժպտում է,- հեղ․)։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթ Թոխատյանի ֆեյսբուքյան էջից եւ BRAVO.am-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW