Խորեն Լեւոնյանը «Կինո ու մի քիչ ավելին» երաժշտական ներկայացման ընթացքում միավորել էր իր կյանքի ու Հայաստանի համար նշանակալից մարդկանց՝ Խորեն Աբրահամյանին, Համո Սահյանին, Վազգեն Սարգսյանին, Մովսես Գորգիսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Հայկոյին, Էդգար Էլբակյան կրտսերին: Նրանց ստեղծագործությունների եւ ֆիլմերում հնչող երաժշտության միջոցով դերասանը խոսեց իր համար կարեւոր արժեքներից՝ ընտանիքից, սերունդներից, հայրենիքից ու այն շատ սիրելուց, եւ, իհարկե, չմոռացավ վերջում բոլորին հույս փոխանցել:
Լեւոնյանը բեմ բարձրացավ պապիկի ֆիլմի կադրերի ներքո, հիշեց նրան ու կատարեց «Առաջին սիրո երգ»-ում հնչող հայտնի ստեղծագործությունները: Նա խոստացավ, որ ապրիլի 1-ին՝ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրը, եւս հետաքրքիր միջոցառում է սպասվում:
Ֆիլմերն ու դրանցում հնչող հայտնի երգերը հաջորդում էին իրար: Արտիստը նաեւ հանդիսատեսի ձայնային տվյալները փորձեց, ու պարզվեց՝ բավական երգեցիկ լսարան էր հավաքվել:
Այս տարի «Մի վախեցիր» ֆիլմի 20-ամյակն է, ինչի առիթով համանուն գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ: Վիպակի հեղինակը Գնել Նալբանդյանն է: Լեւոնյանի համար դեռ տարիներ առաջ իր կատարած աշխատանքի ամենամեծ գնահատականն այն էր, որ ֆիլմից հետո բակում խաղացող երեխաները ցանկանում էին լինել իր հերոսի՝ Արման Արամյանի պես: Ու, դե էլ ինչ երեկո՝ առանց Հայկոյի «Մի վախեցիր» երգի:
Համերգը սկսվեց կինոյով, սակայն հետո շատ ավելին դարձավ՝ խորհելու ու կարեւոր եզրահանգումներ անելու առիթ: 2020 թվականին գրված «Հույս» ալբոմի երգերը (խոսքերի հեղինակ՝ Տիգրան Աթայան), որոնք կատարելու համար բեմ բարձրացավ Լեւոնյանի ընկեր ու երգերի երաժշտության հեղինակ, դերասան Իշխան Ղարիբյանը, երեկոյին նոր շունչ ու ոգի հաղորդեցին, հուզեցին եւ ոգեշնչեցին:
Գորգիսյանի «Սուգը հավերժ է, երբ չկա պայքար» հայտնի տողերով «Պայքար» երգից հետո դերասանը խորհեց նորից ոտքի կանգնելու ու ապրելու մասին: Իսկ «Տար ինձ տուն» երգի պրեմիերայից հետո Լեւոնյանը խոստովանեց, որ հույս ունի՝ այն կընդգրկվի իրենց երկրորդ ալբոմում: Երգը նրա համար վերջապես տուն վերադառնալու, հանգստանալու եւ հասունանալու մասին է:
Համո Սահյանի «Հայաստան ասելիս»-ը երգելիս նա հիշեցրեց, որ իսկապես մեր երկրի անունը տալիս հասակներս ծաղկում է, շուրթերը՝ ճաքում, աչքերը՝ լցվում, աշխարհը մեր տունն է դառնում, ու մահն էլ ո՞ւմ շունն է:
Երեկոյի ընթացքում բեմում նրան նվագակցում էին Վիլյամ Հալաջյանը (նվագախմբի ղեկավար, կիթառ), Հոսո Եգանյանը (հարվածային գործիքներ), Վահագն Ստեփանյանը (բաս կիթառ), Սերգեյ Կարապետյանը (ստեղնաշարային գործիքներ), իսկ ձայնակցում էր կինը՝ Էմմա Լեւոնյանը: Նախագծի պրոդյուսերը Տիգրան Վիրաբյանն է, իսկ ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը:
Վերջինս BRAVO.am-ին պատմել է, որ Լեւոնյանի հետ 20 տարվա շատ բուռն ստեղծագործական ճանապարհ են անցել ու այդ ընթացքում համատեղ բազմաթիվ աշխատանքներ իրականացրել:
«Այս նախագիծն ավելի շատ Խորեն արտիստի մասին է, նրա անցած ուղու, ստեղծած կերպարների եւ այն մասին, ինչը գուցե ես էլ կուզեի ասել աշխարհին ու հանդիսատեսին։ Այս երաժշտական մենախոսությունը բեմ ենք բարձրացնել ու նաեւ ներկայացրել Խորենի այն երգերը, որոնք ավելի շատ խորհելու մասին են: Բոլորը հասուն արվեստագետի մտքերի եւ զգացողությունների մասին են»,- ասել է Հրաչ Քեշիշյանը:
Նրա խոսքով՝ «Մի Վախեցիր»-ից մինչեւ իրենց ամենաուրախ ֆիլմը՝ «Մեր սրտի տնակը», փորձել են ցույց տալ հայի լավագույն տեսակը եւ խոսել այն մարդու մասին, որը վառ է պահում ազգային արժեքները եւ համամարդկային գաղափարների կրողն է։
««Մի վախեցիր»-ի կարեւորագույն կետը հայրենիքն է ու նրա համար զոհաբերությունը, «Ոչինչ չի մնա»-ում՝ հասարակական անարդարության դեմ պայքարը, «Գարեգին Նժդեհ»-ում ցույց ենք տալիս պատմություն ու այն դասերը, որոնք մենք չսերտեցինք ու նորից կարող ենք հայտնվել նմանատիպ իրավիճակում: «Անատոլիական պատմություն»-ը 2020 թ.-ի պատերազմից ընդամենը մի քանի ամիս առաջ թողարկված ֆիլմ էր եւ պատմում էր սպասվող արհավիրքի մասին: Սա աշխատանքի այն լավագույն տեսակն է, երբ կինոն մի քիչ ավելին է եւ դառնում է կյանք»,- ավելացրել է Քեշիշյանը:
Նա կարծում է, որ ժամանակն արդեն ցույց է տվել Լեւոնյանի տաղանդն ու ներուժը: Իսկ իր համար դերասանն առաջին հերթին յուրատեսակ է ասելիքն առանց հատուկ գրիմի արտահայտելու շնորհիվ։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարներ՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
2,432






