Սրահի մի անկյունում նոր տպագրված վինիլներն են թույլ լուսավորության ֆոնին, կենտրոնում բեմն է՝ դեռ վարագույրով փակված, իսկ մուտքի մոտ երեկոյի գլխավոր հերոսուհին է՝ Բրյունետը. անձամբ է դիմավորում ընկերներին, հյուրերին ու երկրպագուներին։
Երգչուհին պատրաստվել էր իր «Love Reversed» ալբոմի վինիլային տարբերակի շնորհանդեսին՝ անմիջական ու ջերմ մթնոլորտում պատմելու նոր գործի մասին, շփվելու ներկաների հետ եւ, իհարկե, կատարելու ստեղծագործություններից մի քանիսը։ BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել համերգ-շնորհանդեսին եւ առանձնացրել երեկոյի հետաքրքիր դրվագները։
Հանդիպման վայրը Բրյունետի սիրելի եւ հարազատ Club 12-ն էր, որտեղից էլ սկիզբ են առել առաջին հաջողություններն ու հայտնիությունը։ Միջոցառման առաջին մասում հյուրերը մոտենում էին երգչուհուն՝ իրենց հետաքրքրող հարցերով կամ կիսվելու իրենց հիացմունքով ու անկեղծ մտքերով։
Քիչ անց Բրյունետը վինիլային նվագարկչի մոտ ներկայացրեց հավաքածուն եւ առաջարկեց իր հետ լսել առաջին վինիլից մի քանի երգ։ «Շատ հուզված եմ իրականում։ Կարեւոր օր է ինձ համար: Շնորհակալ եմ, որ այստեղ եք»,- անկեղծացավ երգչուհին եւ գնաց պատրաստվելու իր ելույթին։
Բրյունետը ելույթ ունեցավ նվագախմբի հետ՝ լարային, հարվածային, փողային ու ստեղնաշարային գործիքների համադրությամբ։ Սա հնարավորություն էր տալիս ամբողջությամբ ընկղմվել վինիլային տրամադրության մեջ եւ պատկերացնել, թե ինչ գեղեցիկ հնչողությամբ է այն ձայնագրված։ Իսկ պտտվող բեմը հանդիսատեսին եւ երաժիշտներին հնարավորություն էր տալիս ամենամոտ հեռավորությունից տեսնել ու լսել միմյանց, հատկապես որ ներկաները ձայնակցում էին երգչուհուն։
Օրվա ավարտին Բրյունետը ստորագրեց վինիլները եւ բոլորին խոստացավ շուտով հանդիպել նոր ու հետաքրքիր նախագծերի շրջանակում։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


×
2,561






