Տեսե՞լ եք մարդու, որը միաժամանակ պաշտում է իր մասնագիտությունն ու նողկում դրանից, խեղդվում պայմանականությունների ու պահանջների մեջ, բայց եւ շարունակում զբաղվել դրանով: Հենց այդպիսին է Ելենա Վարդանյանի «Կոնտրաբաս» բեմադրության գլխավոր դերակատար Լիլյա Մուկուչյանի կերպարը:
Պատրիկ Զյուսքինդի պիեսի տղամարդ հերոսին Վարդանյանը կին է դարձրել, իսկ գործողությունները տեղափոխել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի նկուղ, որտեղ մի կողմից բետոնե պատերն ու բեմի հակառակ կողմն են, մյուս կողմից աչքի են զարնում «Շարունակում ենք շարժումը» եւ «Մենք արարում ենք իմաստ» գրությունները, որոնք հատուկ ներկայացման համար չեն գրվել, բայց իմաստային առումով լիովին համապատասխան են:
«Կոնտրաբաս»-ի 42-ամյա հերոսը երաժիշտ է, արդեն 17 տարի անբաժան է իր գործիքից, նվագում է պետական նվագախմբում, ունի իր մշտական տեղը, արտոնություններն ու ապահովագրությունները, որոնցից արդեն իր սիրտն էլ է խառնում, ու միեւնույն ժամանակ անչափ դժբախտ է:
Նա հանդիսատեսի աչքի առաջ, որոնք 30-ից մի քիչ ավելի կամ պակաս են, մտերմիկ միջավայրում յուրատեսակ խոստովանանք է անում՝ բացահայտում թուլությունները, պատմում դժբախտությունների, միայնակ մնալու, մանկուց չսիրված լինելու ու, ի հեճուկս ծնողներին, ընտրած մասնագիտության մասին:
Այդ հաշվետվության ընթացքում միայնակ չէ. նրա կողքին ահռելի կոնտրաբասն է, ավելի ճիշտ՝ դրա տուփը: Հենց գործիքը մենք չենք տեսնում, բայց նրա ներկայության բեռն ու ծանրությունը զգում ենք ե՛ւ հերոսուհու կյանքում, ե՛ւ մեր աչքերի առաջ:
Մուկուչյանին ուղեկցում են 4 լուռ վկաները, որոնք նրա պես խիստ դասական կոստյումներով ու փողկապներով են: Նրանք էլ հերոսուհու հետ տրվում են քաղցր վերհուշներին եւ մասնակիցը դառնում նրա չստացված կյանքի:
Բայց գլխավորն, իհարկե, երաժշտի ու կոնտրաբասի հարաբերություններն են, որոնք ասես Ստոկհոլմի համախտանիշի են հասել՝ փոխադարձ սեր, երկուստեք կախվածություն ու ատելություն: Ձեռքին դաջված կոնտրաբասն էլ դրա վկայությունն է՝ նրանք այլեւս անքակտելի են:
Այդքան էլ հեշտ գործիք չէ կոնտրաբասը: Հերոսուհու խոսքով՝ նվագելը ծանր ֆիզիկական աշխատանք է. մի քանի լիտր քրտինք է հոսում մարմնի վրայով ու ամբողջովին թրջում հագուստը: Մատերն անզգայանում ու կոպտանում են: Գործիքն այնքան մեծ է, որ հետդ ման տալ չես կարող՝ մեքենայի մեջ չի տեղավորվում: Հեզ ու գեղեցիկ դաշնամուր էլ չէ եւ բնակարանում միշտ աչքիդ առաջ ցցված է, իսկ ընկնելիս ջարդուփշուր է լինում:
Լիլյա Մուկուչյանի խաղը հիացնող ու վախեցնող է միաժամանակ: Նրա աչքերում երեւում են նման հոգեվիճակի հասած մարդու խենթությունն ու անելանելիությունը: Եթե անգամ ոչ մի բառ էլ չարտաբերեր, աչքերի խաղը բավական կլիներ ասելիքը տեղ հասցնելու համար: Նման վարպետության ու պրոֆեսիոնալիզմ ոչ բոլորին է տրված:
BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանել է, որ վաղուց էր ցանկանում նման մի ազդեցիկ ու ասելիքով լի կերպար մարմնավորել:
««Կոնտրաբաս»-ում արվեստի մարդկանց մասին ենք խոսում, բայց շատ ենք աշխատել, որ ասելիքը չսահմանափակվի միայն այդ շրջանակում: Մեզ համար կարեւոր էր անդրադառնալ 21-րդ դարի մարդուն, իսկ նյութը դա թույլ է տալիս: Հիմա բոլորս կաղապարված ենք մեր հեռախոսների մեջ, ու անմիջական շփումը սահմանափակ է: Հերոսուհին էլ ասում է. «Ես գնում եմ փորձի, գալիս եմ տուն: Ուրիշ կյանք չունեմ»: Մենք չենք ապրում, անընդհատ աշխատում ենք, նույնն էլ նրա դեպքում է»,- ավելացրել է Մուկուչյանը:
Դերասանուհի եւ բեմադրիչ Ելենա Վարդանյանը Մուկուչյանի հետ վաղուց է համագործակցում, եւ արդեն համատեղ մի քանի աշխատանք ունեն: Սակայն երկուսն էլ նոր ասելիք ու նմանը չունեցող գործ էին փնտրում, որը նախ իրենց համար հետաքրքիր կլինի:
«Ամենազորեղ, ճիշտ համակարգված ու կատարյալ պիեսները սովորաբար գրված են տղամարդկանց մասին, քանի որ ժամանակին միայն նրանք են խաղացել թատրոնում, բացի այդ էլ, հեղինակներն են տղամարդիկ եղել։ Լիլյայի հետ շատ եմ աշխատում: Նա հիանալի դերասանուհի է: Երբ կանանց համար նախատեսված բոլոր գործերը խաղացինք, մտածում էի՝ ինչ մոնոներկայացում բեմադրել: «Կոնտրաբասը» շատ էի հավանում. այն մեծագույն դերասաններ են խաղացել, այդ թվում՝ Կոնստանտին Խաբենսկին, Կոնստանտին Ռայկինը։ Մտածեցի՝ իսկ ինչո՞ւ պիեսը չհարմարեցնել կին դերակատարի, չէ՞ որ նյութը հավանում ենք եւ աշխատել էլ գիտենք»,- BRAVO.am-ին ասել է Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ներկայացումը կնոջ կամ տղամարդու մասին չէ, այլ հուսահատվելու, տառապելու, բայց նաեւ` անկախ հանգամանքներից կանգնելու եւ առաջ գնալու. «Այն միայն երաժիշտի կամ արվեստագետի մասին չէ, այլ ցանկացած մասնագիտության ու մարդու, ով հայտնվել է համակարգի մեջ։ Ինձ համար շատ կարեւոր է, որ հանդիսատեսն իրեն տեսնի այդ իրավիճակում. միայն այդ դեպքում են հարցեր կամ պատասխաններ առաջանում: Երկու դեպքում էլ լավ է, որովհետեւ մարդիկ հեռանում են իրենց մտքերով։ Որքան էլ անհամեստ հնչի, կարողացել ենք դիպչել հանդիսատեսի սրտերին. նրանց արձագանքից եք հասկացել: Ստեղծագործողի համար ամենակարեւորը մարդն է. թող լինի մեկը կամ հազարը, բայց դիպչենք նրա հոգուն: Որքան էլ պարզունակ հնչի, թատրոնի միջոցով պիտի հոգիները բուժենք»:
Նա համարում է, որ անկախ ամեն ինչից՝ յուրաքանչյուրը պետք է որեւէ բան անի ու շարունակի առաջ գնալ: «Բեմը բուժում է»,- ավելացնում է Վարդանյանն ու 38 աստիճան ջերմությամբ իջնում նկուղ՝ «Կոնտրաբաս»-ի մեկնարկն ազդարարելու, ապա միանալու «Check in love»-ին, որում ինքն է խաղում:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
1,203






