×


«Քննադատողներն արդեն հետեւում են մեր օրինակին». Սմբատյանը՝ Ժամանակակից երաժշտության փառատոնի եւ Լանգ Լանգի այցի մասին

7 համերգ, 2 համաշխարհային պրեմիերա, 5 մենակատար. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Ժամանակակից երաժշտության փառատոնն այս տարի հագեցած ծրագրով էր, իսկ ռազմավարական գործընկերը GTB Holdings-ն էր։ Փառատոնը հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ հայ դասական եւ արդի կոմպոզիտորական արվեստն ունկնդրին ներկայացնելու եւ հանրահռչակելու առաքելությամբ։ 

BRAVO.am-ի հետ զրույցում Սերգեյ Սմբատյանը պատմել է փառատոնի ձեռքբերումների, նվագախմբի հնարավորությունների եւ անելիքների, գործընկերների, ինչպես նաեւ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի՝ առաջին անգամ Հայաստան գալու մասին։

- Պարոն Սմբատյան, տարիներ առաջ նման փառատոն նախաձեռնելու գաղափարն ինչպե՞ս առաջացավ: Ո՞րն էր գլխավոր նպատակը:

- Ժամանակակից երաժշտության գաղափարը եւ բեռը շատ ծանր են, քանի որ շատերը օբյեկտիվ պատճառներով փորձում են շրջանցել դրա ընկալումը, հնչողությունը, նաեւ բարդ ելեւէջները, որոնք ասոցացվում են այդ երաժշտության հետ։ 15 տարի առաջ նման փառատոն ստեղծելու գաղափարն այն էր, որ մեր շուրջ ապրող տաղանդներին կարողանանք ներկայացնել հանրությանը, եւ արդեն պատմությունը կորոշի՝ նրանցից ովքեր կմնան։ Հայաստանում ունենք տաղանդներ, որոնք փառատոնի շնորհիվ լսելի կդառնան աշխարհին: Կարող եմ ասել, որ իսկապես կարեւոր փառատոն ստացվեց։

Սերգեյ Սմբատյանը


- Փառատոնի բացմանը տեղի ունեցավ Վիգ Զարթմանի Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերան, հնչեց նաեւ Մեչիսլավ Վայնբերգի Թավջութակի կոնցերտը, որը Հայաստանում կատարվեց առաջին անգամ։ Ընդհանուր առմամբ տեղի ունեցավ 7 համերգ, 2 համաշխարհային պրեմիերա, երեւանյան հանդիսատեսին ներկայացավ 5 մենակատար: Այս կարեւոր փաստերից բացի, ինչո՞վ է այս տարվա փառատոնը առանձնացել եւ ի՞նչն եք հաջողություն համարում:

- Փառատոնի հաջողություններից մեկն այն է, որ մեր կոմպոզիտորներին կարողանում ենք լսելի դարձնել հրատարակիչների համար։ Այս տարվա մեր հաջողություններից է այն, որ երիտասարդ կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը կներկայացվի Universal Edition-ում։ 

Նման համագործակցության առաջին դեպքն է, եւ այն բոլորիս ձեռքբերումն է։ Որպես կատարողական արվեստի ներկայացուցիչ՝ ես հպարտ եմ, որ ունենք այդ հնարավորությունը: Սա մեծ արժեք է թե՛ փառատոնի, թե՛ նվագախմբի, թե՛ իմ եւ Հայաստանի համար։ Այսպիսով, դրսում կլսեն, թե Հայաստանում մեծ մտքի տեր մարդկանց տաղանդն ինչպես է հնչում։ Մենք նաեւ հնարավորություն ունեցանք բարձր որակի ձայնագրել եւ տեսագրել մեր բոլոր համերգները, որպեսզի դրանք կարողանանք ներկայացնել աշխարհի ամենատարբեր մեծ մեդիա հարթակներին, որոնք նվիրված են դասական երաժշտությանը։


- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասական երաժշտությունը սկսեց նորովի ներկայացնել՝ համեմելով այն այլ ոճերով: Ինչպես նաեւ նոր լուծումներ առաջարկեցիք։ Այս քայլով ներգրավեցիք երիտասարդներին հանդիսատեսի շարքեր, սակայն նաեւ հնչեցին քննադատություններ:

- Այո, տարիներ առաջ մենք քննադատությունների էինք արժանանում ոլորտի մասնագետների կողմից: Նրանք նշում էին, թե ակադեմիական արվեստն այդպես չի կարելի ներկայացնել, սակայն հասարակության կողմից քննադատություն չկար: Երեւի իսկապես ակադեմիական երաժշտությունը չի կարելի փորձությունների ենթարկել, բայց եթե այդպես չանես, մարդիկ սկսում են հեռանալ այդ երաժշտությունից: Իսկ այս դարում պարտադրելը շատ հին, ոչ արդյունավետ մեթոդ է։ 

Այսօրվա երիտասարդը պարտադրելուն վատ է նայում, ինչը շատ նորմալ է։ Մենք հասկացանք, որ պետք է այնպիսի նախագիծ ստեղծենք, որը հետաքրքիր կլինի թե՛ մեզ, թե՛ ունկնդրին, հատկապես երիտասարդներին: Դահլիճում էներգետիկ դաշտն ամբողջովին այլ է, երբ նստած են երիտասարդներ, որոնք ցանկանում են հասկանալ սիմֆոնիկ երաժշտությունը։ 


Մենք գտնում ենք նոր լուծումներ. օրինակ՝ կոնցերտ բաս կիթառի եւ նվագախմբի համար, գտնում ենք մոտեցում։ Երաժշտությունը ժամանակից դուրս, ֆանտաստիկ, սուբյեկտիվ արվեստ է։ Բոլորս սիրում ենք երաժշտություն, բայց ժամանակակից երաժշտության ֆենոմենն այն է, որ այն տալիս է փորձարկումների անսպառ հնարավորություն։ Ակադեմիական ոգին պահելով՝ մենք ունենք Տիգրան Մանսուրյան, Երվանդ Երկանյան, Քշիշտոֆ Պենդերեցկի, Ալեքսանդր Ռոզենբլատ՝ մարդիկ, որոնք որ փոխում են երաժշտական լեզվամտածողությունը։ 

- Հետաքրքիր է՝ երբ որոշեցիք նոր ձեւաչափերով հանդես գալ, սպասո՞ւմ էիք քննադատությունների:

- Վստահ էի (ծիծաղում է,-հեղ.): Բայց մենք խուսափում էինք անընդհատ ճիշտ լինելուց։ Որքան շատ ու երկար եք ճիշտ, այնքան մոտենում է սխալվելու պահը։ Ժամանակին ներկայիս դասական շատ գործեր արժանացել են քննադատության. ասվել է՝ դրանք չեն կարող գոյություն ունենալ, բայց անցել են դարեր, եւ մենք հիմա դրանք լսում ենք։ Ժամանակը շատ օբյեկտիվ է այս առումով. մարդիկ, որոնք մեզ քննադատում էին, հիմա արդեն հետեւում են մեր օրինակին։ Սա նույնպես հաջողություն է։ 

Նվագախումբն այն ֆանտաստիկ գործիքն է, որը կարող է անել ամեն ինչ, իսկ փառատոնն արդեն այն գեղարվեստական ձեւաչափն է, որը թույլ է տալիս ձեզ պատմել պատմություններ:

Սերգեյ Սմբատյանը


- Իսկ ո՞րն է այս տարվա փառատոնի պատմությունը:

- Այն է, որ ունենք շատ տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորներ։ Ժամանակին մենք ստեղծել էինք Հայ կոմպոզիտորական փառատոնը եւ Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնը, այս տարի որոշեցինք միավորել, որ ավելի մեծ հնչեղություն լինի։ Մարդիկ գալիս են համերգներին, ոգեւորված հեռանում ու սպասում հաջորդին: Սա մեծ հաջողություն է։ Կան գաղափարակիցներ, որոնք հավատում են մեր մտքերին. այս տարի փառատոնն ավելի մասշտաբային էր, քանի որ մենք ունենք շատ լավ գործընկեր։

- Ինչպե՞ս սկսվեց GTB Holdings-ի հետ համագործակցությունը: Նրանց ներկայությամբ փառատոնում ի՞նչ է փոխվել։

- Փոխվեցին հնարավորությունները։ Առաջին անգամ, երբ հանդիպեցինք, ասացի, որ ցանկանում եմ նման մասշտաբով ներկայացնել մի ձեւաչափ, որը շատ տարածված չէ եւ բարդ է: Մարդիկ, երբ ներդրում են ունենում նման արվեստի եւ ձեւաչափի մեջ, ես դա չեմ համարում միայն հովանավորություն. դա հավատալու մասին է։ Նրանք կիսում են մեր բեռը, քանի որ բարդ ճանապարհով արժեքներ քարոզելը մեծ բեռ է: Տեսնելով այս տարվա փառատոնի մեծ արձագանքը՝ կարող ենք ասել, որ հաջողել ենք։ Երկար տարիներ պետությունն է եղել մեր կողքին, արդեն GTB Holdings-ի հետ համագործակցությունը հուսամ կշարունակվի, եւ մենք կունենանք ավելի լայն հնարավորություններ։ Շատ քիչ երկրներ ունեն կայացած ժամանակակից երաժշտության փառատոններ։


- Նոր մոտեցումներով եւ համագործակցություններով Դուք սահմանել եք նշաձող եւ վայելում եք հանդիսատեսի սերը: Իսկ հիմա ի՞նչ նոր գաղափարներ ունեք։

- Այս տարիների ընթացքում մեր արած համարձակ քայլերից հետո ցանկություն ունեմ, որ մենք ավելի շատ ակադեմիական երաժշտություն նվագենք, եւ այդ համերգներն անցնեն լեփ-լեցուն դահլիճներում։ Եթե կարող եմ պատկերացնել հաջորդ տասը տարվա աշխատանքները, ապա դա այն է, որ Հայաստանում առկա տաղանդը եւ պաշարը ներկայացնենք միջազգային ասպարեզում: Մենք շատ ենք տարբեր երկրներում հանդես գալիս, կցանկանամ, որ այդ համերգների թիվն ավելանա:

Ջոն Տեր-Թադեւոսյանի Երկրորդ սիմֆոնիան առաջին անգամ ներկայացրինք Լոնդոնի Բարբիքանում: Այն Mezzo-ն ցուցադրում է։ Սա համարձակ քայլ էր, քանի որ այնտեղ սովորաբար ներկայացվում է արդեն ծանոթ երաժշտություն։ Այսպիսի քայլերով մեր ակադեմիական երաժշտությունը տարածում ենք դրսում, եւ սա է մեր առաջիկա տարիների ռազմավարությունը։ 

Սերգեյ Սմբատյանը


Առաջիկայում պլանավորում ենք «Սիմֆոնիկ Մեսչյան» նախագիծը ներկայացնել, որը, գիտեմ, անսպասելի է, ինչպես նաեւ՝ «Սիմֆոնիկ Համասյան»-ը։ Մոտակա կարեւոր համերգներից է նաեւ «Դոն Պասկուալե»-ն՝ Մասկատի թագավորական օպերային թատրոնում։

- Վերջին տարիներին Հայաստանում եւս ֆիլմարտադրության մեջ հնարավորության դեպքում սկսեցին աշխատել նվագախմբերի հետ։ Կա՞ ֆիլմ, որի երաժշտությունը կուզեիք, որ Ձեր նվագախումբը կատարեր:

- Նկատում եմ դինամիկան եւ հնարավորությունները, արդեն խոսում ենք դրա մասին, ինչը հիանալի է։ Դեռ չենք ունեցել հնարավորություն ձայնագրվել մի ամբողջական ֆիլմի համար, բայց աշխարհում ֆիլմերի սաունդթրեքերը մեծ հնարավորություններ են ընձեռում։ Շատ կուզեմ, որ լինենք մեծ ընկերությունների հետ աշխատող նվագախումբ։ Վստահ եմ, որ, օրինակ, եթե հնարավորություն ունենայինք կատարել Հանս Ցիմերի սաունդթրեքերը, դա կանեինք շատ լավ եւ հագեցվածությամբ: Նաեւ Ալեքսանդր Դեսպլատի գործերից կցանկանայի, որ նվագեինք։ Հուսանք, որ մի օր կիրականանա՝ դառնալով մեր գալիք հաջողություններից մեկը:


- Հանդիսատեսն այժմ սպասում է ապրիլի 14-ին, երբ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգն առաջին անգամ հանդես կգա Երեւանում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի հոբելյանական համերգին։ Կպատմե՞ք՝ ինչպես եղավ այս համագործակցությունը։

- Շատ ուրախ եմ, որ այդ համերգը սպասված է։ Կարծում եմ՝ դա ոչ միայն մեր նվագախմբի, թիմի, մեծ ընտանիքի ձեռքբերումն է, այլ նաեւ մեր հասարակության։ Ստեղծել ենք մի արժեք, որը Հայաստան է բերում մարդկանց եւ Հայաստանը ներկայացնում է դրսում։ Լանգ Լանգն այսօր համարվում է ամենահայտնի դասական երաժիշտը: Նա մեծ արտիստ է։ Երկուսս էլ UNICEF-ի բարի կամքի դեսպաններ ենք, 2015 թվականին ստացել ենք Ֆրանսիայի մշակույթի եւ գրականության ասպետի շքանշան: Երկար տարիներ է՝ ճանաչում ենք միմյանց, բայց առաջին անգամ է, որ համատեղ ելույթ կունենանք Երեւանում։ Նախատեսել ենք նվագել Սերգեյ Ռախմանինովի Երկրորդ կոնցերտը։

Զրույցը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW