Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններ Գրիգոր Խոջայանը եւ Յանա Տուրգունյանի ընտանիքը 3 տարեկան է: Նրանք BRAVO.am-ի «Եվ խոսեց սերը» շարքի համար խոսել են իրենց աշխատանքը շատ սիրելու, միասին աշխատելու, էլֆ լինելու ու իրենց որդու մասին:
«Թատրոնում ավելի շատ ենք լինում, քան տանը»
- Ի՞նչն է ձեզ գրավել այս մասնագիտության մեջ ու ի՞նչն է պահում:
Յանա. Ի՜նչ լավ հարց է։ Կարծում եմ՝ երկուսիս էլ գրավում է այն, որ կարող ենք դառնալ ցանկացած մեկ ուրիշը, խաղալ նրա մասնագիտությունն ու հոգեվիճակը։ Ու նաեւ ամեն ռեժիսորի հետ մարդկային եւ մասնագիտական առումներով հետաքրքիր ճանապարհ ես անցնում։ Պետք է իրար հասկանաք ու փոխզիջման գնաք:
Գրիգոր. Ամեն դերի մեջ կյանք կա, որում կորչում ես եւ ուզում այն ապրել։ Ամեն կերպար յուրովի խելագարություն է։ Եվ բեմում անցկացրած այդ մի քանի ժամը լավագույն հաճույքներից է։ Դրա համար էլ սիրում եմ այս գործը։
- Ինչպե՞ս է սկսվում այդ ուրիշ մարդու կյանքով ապրելը, եւ լինո՞ւմ է, որ այդպես էլ չընտելացնեք ձեզ կերպարը:
Յանա. Իհարկե, լինում է: Մինչեւ հղիանալն ու երեխա ունենալը «Ֆարյատեւի երեւակայությունները» ներկայացման մեջ Լյուբայի դերում էի, ով 16 տարեկան աղջնակ է եւ սիրահարվում է իր հարազատ քրոջ ապագա ամուսնուն: Որդուս ունենալուց հետո այնպիսի հետաքրքիր փոփոխություն եղավ. էլի մարմնավորում էի նրան, բայց արդեն՝ տեխնիկապես ու մարմնի հիշողությամբ։ Հասունացա եւ այդ դերից դուրս եկա:
Գրիգոր. Եթե դերն իմը չէ, հենց սկզբից եմ հասկանում ու հայտնում այդ մասին։ Գուցե, դերին հարմարվելու համար ժամանակ պետք լինի։ Իմ կյանքում մի շրջան կար, որ հիմնականում թմրամոլների դերեր էին առաջարկում խաղալ: Ինքս էլ չէի հասկանում, թե ինչու են նման կերպարի հետ ասոցացնում (ծիծաղում ենք,-հեղ.)։ Ամեն մեկը մի հիվանդությամբ էր տառապում, ու հասկացա, որ յուրաքանչյուրին էլ կարելի է այլ կողմերից մոտենալ ու շատ տարբերվող կերպով խաղալ: Դե, սիրում ենք էլի այս մասնագիտությունը:
Յանա. Այո, հատկապես թատրոնում առանց սիրելու հնարավոր չէ։
- Իսկ ի՞նչն եք այդքան սիրում:
Գրիգոր. Այստեղ ավելի շատ ես լինում, քան տանը:
Յանա. Դա՞ ես սիրում (ծիծաղում ենք,-հեղ.):
Գրիգոր. Չէ: Փախուստները կյանքից այնքան շատ են, որ ասելու չէ: Թատրոնն անընդհատ քեզ կանչում է իր մոտ, այդպիսի մոգություն ունի: Հաճախ ենք լսում, որ այն ճահիճ է ու քաշում է: Չես կարող այդ փոքր աշխատավարձով ապրել։ Կուզեիր մյուսների պես լավ գումար վաստակել, բայց, հավատացեք, դա քեզ չի կանգնեցնում։ Երբ թատրոնի կարիքն իսկապես չունենաս, կզգաս։
Յանա. Սիրում եմ, որ կարող ես տարբեր լինել ու նոր մարդ դառնալ: Մտածել, թե նա առավոտյան ինչպես է արթնանում, օրը սուրճո՞վ, թե՞ թեյով է սկսում, ի՞նչն է սիրում: Այդ մանրուքները հանդիսատեսը չի տեսնում, բայց հենց դրանք են օգնում զգալու ու հասկանալու կերպարիդ հեգեվիճակը։
- Թատրոնն այդքան սիրելու ու այնտեղ գտնելու արդյունքում սեփական կյանքը մի տեսակ երկրորդ պլան չի՞ մղվում։ Չե՞ք մոռանում, թե դուք ինչպիսին եք, ի՞նչ եք սիրում, ուզում:
Գրիգոր. Այնքան, որ մեկ տարի է՝ տունը վերանորոգում ենք ու չենք ավարտում (ծիծաղում ենք,-հեղ.): Իրականում Ձեր նշած հարցերը ծագում են։ Երբեմն փողոցում ականջակալներով քայլելիս մտածում եմ. «Ինչո՞վ է զբաղվում Գրիգը»: Արդեն Գրիգն է Գրիգի համար դարձել կերպար (ծիծաղում ենք,-հեղ.):
Յանա. Հարցը լսելուց հետո սկսեցի մտածել այդ մասին: Ներկա պահին միակ հարցը, որն ինձ հուզում է՝ թատրոնում ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան տղայիս հետ: Ամենաշատը դրանից եմ նեղվում։ Ինձ մոռանալու հարց դեռ չի առաջացել: Երեւի, նրանից է, որ միասին ենք աշխատում, եւ անձնականը միշտ կողքիս է: Այս զրույցից հետո դեպրեսիայի մեջ կընկնեմ (ծիծաղում ենք,-հեղ.):
Գրիգոր. Երբ տանը չենք, երկուսիս մայրիկներն են պահում երեխային: Անընդհատ բացակայում ենք, որովհետեւ այլ գործ էլ ենք անում, քանի որ թատրոնի աշխատավարձը միայն տաքսիներին է բավականացնում։
Յանա. Մեկ-մեկ էլ՝ ուտելիքին։
Գրիգոր. Բայց գումարը մեր նշած սիրո հետ կապ չունի: Այլ աշխատանքով էլ ենք զբաղվում. Յանան նաեւ երգչուհի է, համերգների է մասնակցում: Ամեն ինչ անում ենք Թեոյի համար: Գիտեմ՝ այդ միտքը սխալ է. իր կողքին պետք է ավելի հաճախ լինենք։ Երբ միասին ավելի երկար ժամանակ ենք անցկացնում, հասկանում եմ, որ այդպես կարող էր միշտ լինել։
- Ինչպե՞ս եղավ, որ երկուսդ էլ եկաք այս թատրոն, եւ ինչո՞ւ եք ռուսերենին այդքան լավ տիրապետում։
Գրիգոր. 2013 թվականին Արտաշես Ալեքսանյանի ստուդիայում էի սովորում. ծնողներս էին առանց ինձ հարցնելու տարել։ Հետո սկսեցի հաճախել Թատերականի 0 կուրս։ Ես Հրազդանից եմ. այնտեղ ռուսական դպրոց եմ հաճախել, ու լեզուն արմատացել է մեջս։ Թատերականի ռեկտոր Արմեն Մազմանյանը կուրս էր հավաքում։ Նպատակաուղղված ընդունվեցի 1-ին կուրս՝ հենց նրա մոտ սովորելու համար, բայց, ցավոք, մահացավ, ու չգիտեի՝ ինչ անել։ Ուրիշ ոչ մեկի մոտ սովորել չէի ուզում։ Ընդունելության քննության օրը պաստառի վրա տեսա, որ ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը կուրս է հավաքում։ Մտա քննության ու նրան տեսա՝ սպիտակ կոստյումով ու ձեռնափայտով: Ընդունելությունը շատ զվարճալի անցավ. պարոն Բաբայանը հարցրեց՝ որոնք են մայր թատրոնները: Չգիտեի ու չորացա տեղում, իսկ Գրիգորյանը հուշեց. «Օպերան, Սունդուկյանը»։ Իրեն թվում էր՝ ոչ ոք չի լսում (ծիծաղում ենք,-հեղ.): Ինձ միանգամից վերցրեց իր կուրս: Նրա հետ անցկացրած ժամանակն իրոք տպավորիչ էր։ Շատ ուրիշ մարդ էր: Նման բան չէի տեսել, որ 80 տարեկան մարդը փայտը գցի, ծնկի իջնի ու սկսի շուն խաղալ: Առաջին կուրսեցիներով ապշած նայում էինք ու մտածում. «Ես էլ եմ այդպես ուզում»: 3-րդ կուրսում էի սովորում, երբ եկա թատրոն, ու արդեն 9 տարի է՝ այստեղ եմ։ Նաեւ «Տիկնիկային»-ում եմ խաղացել ու «Թատրոն տանիքում» կամ։
Յանա. Ես արդեն կարո՞ղ եմ խոսել (ծիծաղում ենք,-հեղ.): Վահե Սուրենիչի կուրսն եմ ավարտել: Այն ռեժիսորներից էր, որ կարող էր վեր կենալ, կատարելապես ցույց տալ, թե քո կերպարից այդ պահին ինչ է ուզում, շրջվել ու ասել. «Բնականաբար, չեմ ցանկանում այսպես անես: Պարզապես հասկացիր՝ ինչ եմ քեզնից ուզում», ու դու քոնը միանգամից կարողանում էիր ստանալ։ Այնպես է ստացվել, որ մեր տանը բոլորը ռուսախոս են, եւ ի ծնե այդ լեզուն եմ լսել: Այստեղ հայտնվել եմ 2021-ին՝ որպես հրավիրյալ դերասան՝ Սամսոնիչի աղջկա՝ Նորա Գրիգորյանի շնորհիվ, որի առաջարկով խաղացի մանկական «Մաուգլի» ներկայացման մեջ: Այդպես մնացի եւ հուսամ՝ դեռ երկար կաշխատեմ ռուսական թատրոնում։
- Ինչպե՞ս եք միասին բեմը կիսում: Վերջերս ձեր մասնակցությամբ «Յամա»-ն եմ դիտել, բավական խոր ու ազդեցիկ գործ եք ստացել:
Յանա. «Յամա»-ն մեր առաջին համատեղ աշխատանքն է, որտեղ ոչ թե պարզապես նույն ներկայացման մեջ ենք, այլ մեր կերպարները հարաբերվում են։ Գոռ Մարգարյանը կատակում էր. «Ամուսիններ են ու բեմում ինչ ուզեն, կարող են անել»։ Ես «Յամա»-ի աղջիկներից եմ, իսկ Գրիգը՝ հասարակաց տան հաճախորդներից: Անկեղծ կլինեմ ու առաջին անգամ եմ ասում՝ մտածում էի, որ միասին աշխատելիս ավելի դժվար կլինի։ Քանի որ ռեժիսուրան եմ ավարտել, կարծում էի՝ շատ կհուշեմ: Թվում էր՝ բարդ կլինի. նախկինում իմ դիպլոմային մոնոներկայացման՝ «Ես գնդացրորդ եմ»-ի ժամանակ ենք աշխատել ու բավական շատ մասնագիտական կռիվներ ունեցել (ծիծաղում ենք,-հեղ.):
Գրիգոր. Շատ ենք իրար վրա զայրացել։ Այդ ժամանակ արդեն սկսել էինք հանդիպել ու դահլիճի դռնից դուրս գալուց անմիջապես հետո ամեն ինչ մոռանում էինք, նորից մենք էինք դառնում։ Իսկ ներսում ռեժիսոր ու դերասան էինք, որոնք շատ վատ զրույցներ են ունեցել իրար հետ։
- Ո՞ր դերից է եկել այն ընկալումը, որ ճիշտ տեղում եք ու այս մասնագիտության մեջ անելիք ունեք:
Գրիգոր. Վստահ կարող եմ ասել, որ առաջինը եղել է Յանայի մոնոներկայացումը: Հանգստացա ու հասկացա՝ իմ տեղում եմ: Ինքս ինձ ապացուցելու բան ունեի։ Հետո եղավ «Լռակյաց հիվանդը», որում հոգեթերապեւտ եմ, որին կինը դավաճանում է։ Հայերեն ենք խաղում, ինչն այնքան էլ հեշտ չէր. երկար պարապել եմ, որ ամեն ինչ ճիշտ ստացվի։ Հետո Սուրեն Շահվերդյանի «Փող: Կիրք: Իշխանություն»-ն էր։
Յանա. Սուրեն Շահվերդյանի «Համլետ»-ում երկուսս էլ զանգվածային տեսարաններում ենք։ Փորձում եմ այդտեղ էլ ինձ համար հետաքրքրություն գտնել։ Կարեւորն ամեն դերին ճիշտ մոտենալն է։ Չկա որեւէ դեր, ինչից հետո եմ նման որոշում կայացրել, որովհետեւ միշտ եմ սիրել այս մասնագիտությունը։
- Իսկ ինչո՞ւ նաեւ չբեմադրել: Չե՞ք մտածում Ձեր մասնագիտությանը վերադառնալու մասին։
Յանա. Մի քանի օր առաջ ընկերուհիս էլ էր հարցնում, թե ինչու չեմ բեմադրում։ Դիպլոմայինս բավական հաջող էր ստացվել. շատերն էին հավանել: Նախորդ տարվանից ես էլ եմ մտածում, որ ասելիք ունեմ, բայց չեմ ուզում, որ դա ինքնանպատակ լինի։ Մեր թատրոնում էլ կարող եմ բեմադրել, բայց դեռ չեմ գտել այն նյութը, որը կդիպչի հոգուս։ Հիմա խաղալ ավելի շատ եմ սիրում, քան բեմադրել։ Երբ իմանում եմ, որ անունս որեւէ ներկայացման դերացանկում կա, էլ դերի մեծությանը կամ փոքրությանը չեմ նայում, աշխարհով մեկ եմ լինում, որովհետեւ հնարավորություն եմ ստանում նոր բան փորձել ու ստեղծագործել։
Գրիգոր. Ինձ թվում է՝ ռեժիսուրան ավելի բարդ մասնագիտություն է, որովհետեւ դու պետք է ամեն ինչ իմանաս։ Եթե դերասանը պատասխանատու է միայն իր կերպարի համար, ռեժիսորը՝ բոլորի ու ներկայացման համար։
- Միմյանց ո՞ր դերերով եք հիացել՝ ոչ թե որպես հարազատ մարդու, այլ իսկական դերասանի։
Յանա. Նախ «Լռակյաց հիվանդը» ներկայացման մեջ Թեո Ֆաբերի կերպարով, հետո մեր թատրոնի «Գահերի խաղ»-ում Ջեֆրիի դերով հիացա ու ասացի. «Կեցցե՛ս»։ Աչքիս չէր երեւում, որ ամուսինս է։
Գրիգոր. «Ֆարյատեւ»-ում՝ Լյուբայի դերով։ Այնքան հեքիաթային էր ու ինձ ուրիշ տեղ էր տարել. Յանային չէի տեսնում, աչքերիս առաջ ուրիշ մարդ էր: Շատ գեղեցիկ ներկայացում է։
- Իսկ որպես դերասաններ՝ միմյանց ո՞ր որակներն եք սիրում ու կուզեիք դուք էլ ունենալ։
Գրիգոր. Ի՜նչ հետաքրքիր հարցեր են: Չէի մտածել դրա մասին (երկար լռություն,-հեղ.):
Յանա. Ինչ լավ զրուցավար եք. ամեն հարցը լավ մտածված է։
Գրիգոր. Մտովի Յանայի դերերն եմ նայում, հիմա կգամ (ծիծաղում ենք,-հեղ.)։ Յանան շատ պարտաճանաչ է, իսկ սցենարին վերաբերվում է սուրբ մագաղաթի պես։ Հենց այդ պարտաճանաչությունը կուզեի վերցնել նրանից։
Յանա. Կյանքում փորձերից չեմ ուշանում: Այ, ինքն այդ հատկանիշը չունի (ծիծաղում ենք,-հեղ.): Առհասարակ, ուշանալն ինձ համար խայտառակություն է։ Պետք է թատրոնում միշտ շուտ լինեմ: Կներես, բայց չէի կարող չասել։
Գրիգոր. Ես վերջին հինգ րոպեին էլ կհասնեմ, ու ամեն ինչ լավ կլինի:
Յանա. Դու ավելի համարձակ ես նետվում դերի մեջ, փորձերն էլ միանգամից ու թեթեւ ես սկսում: Կուզեի՝ ես էլ այդպես կարողանալ, փոխարենը շատ եմ խորանում, երբեմն դրա կարիքը չի էլ լինում, բայց ես պետք է ամենադժվար ճանապարհներով հասնեմ կերպարիս։ Շատ կուզեի դա ունենալ։
Գրիգոր. Չեմ տա (ծիծաղում ենք,-հեղ.)։
- Յանա, Դուք նաեւ խմբում էիք երգում: Շատ գեղեցիկ ձայն ունեք։
Յանա. Ցավոք, մեր խումբը չի գործում: Մեր վեցից միայն մեկն է շարունակել կրթությունը երաժշտության ասպարեզում։ Մնացածս տարբեր մասնագիտություններ ունենք՝ արվեստաբան, դերասան, ՏՏ մասնագետ, բժիշկ, մեկն էլ սովորում է ԵՊՀ-ում։ Բոլորս էլ ինչ-որ տարիքում հայտնվել էինք Նաիրա Գյուրջինյանի մոտ. ես`4 տարեկանում։ Մայրս շատ էր ցանկանում, որ շարունակեմ երգել, դրա համար նաեւ Առնո Բաբաջանյանի անվան քոլեջում սովորեցի, բայց կոնսերվատորիա չգնացի։ Ակադեմիական վոկալ ընտրեցի։ Իսկ թատրոնն ինձ շատ վաղուց է գրավել ու կանչել։ Միշտ եմ ուզել այստեղ հայտնվել, թեեւ սնահավատությունից ժխտում էի, որ աչքով չտամ։ Բախտս բերեց, որ Նորան կանչեց, բայց մինչ այդ գնացի Թատերական ու հայտնվեցի Վահե Սուրենիչի կուրսում: Ցավոք, մենք նրա վերջին ուսանողներն էինք։ Շարունակում եմ երգել. տարբեր արտիստների համերգներին բեքվոկալ եմ լինում, խմբով էլ տարատեսակ համագործակցություններ ենք ունեցել։
- Որո՞նք են ձեր երազանքի դերերը։
Յանա. Գիտեմ, որ տղամարդու դեր է, բայց «Օթելլո»-ում Յագո եմ շատ ուզում խաղալ։ Կներես, Գրիգ, առաջ ընկա, քանի որ դա քո երազանքի դերերից էլ է։ Չգիտեմ՝ ինչպես եմ իրագործելու, բայց լսեք ինձ, ռեժիսորներ (ծիծաղում ենք,-հեղ.)։ Ժաննա դ'Արկ կուրսի էտյուդներում խաղացել եմ, շատ կուզեմ հենց ներկայացման մեջ նրան մարմնավորել։ Նաեւ երազում եմ լինել Լորկայի «Բեռնարդա Ալբայի տանն» ու կապ չունի, թե քույրերից որ մեկի դերում։
Գրիգոր. Չեմ երազում, բայց երբեմն մտքիս տարօրինակ դերեր են գալիս, օրինակ՝ մտածել եմ ինչ-որ ֆիլմում կամ ներկայացման մեջ նացիստների փոխգնդապետ լինել։ Այդպես, սովորաբար, տարօրինակ կերպարներ են մտքիս գալիս։
«Մեր հարսանիքն ավելի շատ բանակի քեֆի էր նման»
- Իսկ հիմա պատմեք, թե ինչպե՞ս եք ծանոթացել ու ի՞նչ եք հիշում ձեր առաջին հանդիպումից։
Յանա. Այս պատմությունը շատ եմ սիրում։ Ծանոթացել ենք «Երազ» այգում էլֆ աշխատելիս (ծիծաղում ենք,-հեղ.)։ Գրիգն այգու բացման օրվանից՝ 2016-ից, էր այնտեղ, իսկ ես 2020-ի վերջերից միացա՝ որպես նորաթուխ էլֆիկ, բայց շփվել սկսեցինք հաջորդ տարվա սկզբներից։ Ես Սանտայի էլֆն էի, ինքը փոստի տնակում էր: Սպասում էի երեխաները հավաքվեն, որ բարձրանանք Սանտայի տուն։ Մեկ էլ բացվեց աստիճանների կողքի Էլֆերի տան պատուհանն, ու Գրիգը շատ վստահ ասաց. «Էլֆիկ ջան, մոտս մի քիչ խմելու բան կա, արի խմենք»։ Նախորդ օրը ծնունդի էր եղել ու քեֆը լավ էր։ Թարս նայեցի, ռուսերեն պատասխանեցի. «Հիվա՞նդ ես» ու հեռացա։
Գրիգոր. Այդ պահին հասկացա, որ նա իմն է։
Յանա. Բայց երկար ժամանակ չենք շփվել, հետո գնացինք մեր էլֆերից մեկի տարեդարձին. Լապլանդիան է (ծիծաղում ենք,-հեղ.)։ Արդեն նրա հանդեպ ունեցած լարվածությունն անցել էր, ու սկսեցինք շփվել։ Հաջորդ օրը մի քիչ գինովցած էր ու գրել էր:
Գրիգոր. «Ջերմուկ կբերես»։ Հենց դրանից էլ սկսվեց: Եթե չգրեի ու կապ հաստատեի, կարող է՝ ոչինչ էլ չսկսվեր։ Մեկ «Ջերմուկ»-ով հարց լուծվեց (ծիծաղում ենք,-հեղ.): «Ջերմուկ»-ի լավ գովազդ է, թե ինչպես այն ընտանիք ստեղծեց։
Յանա. Ես ավելի ուշ սկսեցի համակրել: Էլֆերի առաջին ժողովն ինստիտուտում էր, մինչեւ հիմա հիշում եմ, թե ինչ էր հագել՝ սեւ վերարկուով էր, սպիտակ մարզակոշիկներով ու կարմիր բանդանայով։
Գրիգոր. Ամենակարեւորը չշեշտեցիր՝ մազերով։
Յանա. Դեռ մազերով էր. քիչ, բայց կային (ծիծաղում ենք,-հեղ.)։ Բնականաբար, ինչպես միշտ, ուշացած եկավ: Ուղղակի նրա արտաքինը հետաքրքրություն առաջացրեց, բայց մտածեցի՝ երեւի, հագուստից է։ Կարծում էի՝ կարող ենք լավ ընկերներ լինել, բայց արի ու տես՝ ոչ։
Գրիգոր. Արի ու տես, որ երեխա ունեցանք։
- Ինչպե՞ս հասկացաք, որ ուզում եք ընտանիք կազմել։
Գրիգոր. Սարյան փողոցով քայլում էինք ու պահի տակ երկուսիս մտքով էլ անցավ. «Մոտակայքում որտե՞ղ ԶԱԳՍ կա»։ Գուգլով նայեցինք ու տեսանք, որ հենց այդ փողոցում կա։ Միանգամից գնացինք այնտեղ, աշխատակցուհուն՝ Ծովինարին, մինչեւ հիմա հիշում եմ։
Յանա. Որպես այդպիսին՝ ամուսնության առաջարկություն չի եղել, ինչն ինձ համար նորմալ է, որովհետեւ ընկերություն անելուց դեռ մեկ տարի չանցած երկուսս էլ համոզված էինք, որ ընտանիք ենք կազմելու։ Այդ օրն ուղղակի ԶԱԳՍ մտանք եւ օր նշանակեցինք։
Գրիգոր. Ինչից հետո նոր զանգել ենք մեր ծնողներին ու լուրը հայտնել։ Հարսանիք անել չէինք ուզում, բայց կազմակերպեցինք։
Յանա. Արդյունքում ավելի շատ բանակի քեֆի էր նման: Ւհարկե, լավ առումով. այնքան ենք ուրախացել եւ պարել։ Նույնիսկ հաղորդավարներ չեն եղել. մեր ընկերներ Հռիփսիմե Նահապետյանն ու Սերգեյ Գրիգորյանն են այդ դերը ստանձնել։ Ոչ տարոսիկ է եղել, ոչ էլ զարդարանք։ Փղոսկրի գույնի զգեստով էի ու առանց բարձրակրունկների։ Հագել ենք այն, ինչով մեզ հարմարավետ ենք զգացել։
- Ինչպե՞ս Ձեր կյանքը փոխվեց, երբ հայտնվեց Թեոն։
Յանա. Նա ամեն ինչ փոխեց: Ընդհանրապես հիմա կյանքին լրիվ այլ կերպ ենք նայում։ Գրիգն է շատ լավ ասում, որ Թեոյի շնորհիվ նույնիսկ կենցաղային հարցերին ու մարդկանց հետ շփումներին է ուրիշ կերպ մոտենում։ Գիտենք, որ մեր օրինակով ենք նրան դաստիարակում ու մտածում ենք՝ ինչպես ճիշտ վարվել։ Անում ենք այնպես, ինչպես կուզենք ապագայում Թեոն վարվի:
- Որո՞նք են «չի կարելի»-ների սահմանները։
Յանա. Ինձ համար կարմիր դրոշ է երեխային ամեն ինչ թույլ տալը։ Եթե նա մեծանա «Ամեն ինչ կարելի է» սկզբունքով, հետագայում խնդիրներ կունենա։ Հղի ժամանակ շատ ակտիվ եմ եղել՝ հղիների յոգայի եմ գնացել, երգել եմ, խաղացել, արդյունքում Թեոն իսկական սնդիկ է:
Գրիգոր. Հիմա մայրս Թեոյի հետ հաճախ է մնում, ու երեխան նրան շատ է սովորել։ Մեզ հետ չի քնում, բայց ահա տատիկի հետ՝ մեծ սիրով։
Յանա. Երբ պառկում ենք կողքին, որ քնեցնենք, չի թողնում: Տատիկի վկան է դարձել (ծիծաղում ենք,-հեղ.)։
- Միասին ի՞նչ եք սիրում անել ու առհասարակ ընտանեկան ինչպիսի՞ սիրելի զբաղմունքներ ունեք։
Յանա. Շատ ենք սիրում միասին էկզոտարիում գնալ, երբ երեխաներին չափի մեջ թույլատրվում է դիպչել կենդանիներին ու խաղալ նրանց հետ։ Մանկուց մինչեւ հիմա կենդանիների գիժ եմ, Թեոյին էլ է դա փոխանցվել։ Նման պահերին երկուսս էլ էյֆորիայի մեջ ենք ընկնում: Ինչպես նաեւ զարգացնող խաղերով ենք զբաղվում։
Գրիգոր. Սիրում ենք մոլերում շրջել. Թեոյի դուրը գալիս է մտնել խանութներ ու նոր բաներ ուսումնասիրել։ Երբեմն արգելված տեղերում է հայտնվում, օրինակ՝ դրամարկղի մոտ։
Յանա. Համաձայն չեմ, որ ամեն ինչ կարելի է թողնել, բայց նաեւ պետք է ճիշտ տարբերակել՝ երբ արժե չթողնել առաջ գնալ։ Այդկերպ նրանք սովորում են ճանաչել աշխարհը։ Մեր մայրիկներին էլ եմ ասել, որ երբեմն կարող է բարձրանալ որեւէ տեղ, թող մոտակայքում լինեն եւ հսկեն, բայց ընկնել եւս պետք է։
- Եթե անկեղծ, ձեր զույգն ինձ գրավեց, երբ պատահաբար սոցցանցում տեսա համատեղ հումորային տեսանյութերը։ Մի քիչ ուսումնասիրեցի ու հասկացա՝ բավական տարբերվող եք։ Ինչպե՞ս է սկսվել այդ զբաղմունքը։
Գրիգոր. Մի օր Յանայենց տանն էինք, ու շատ վատ եղանակ էր: Որոշեցինք նկարել ու ցույց տալ, թե քամին ինչպես է նրան քշում, տանում։ 12-րդ հարկում էինք ու դուրս եկանք պատշգամբ։ Տեսանյութը մեր համեստ էջի չափանիշներով բավական շատ դիտումներ ունեցավ, ու որոշեցինք շարունակել։
Посмотреть эту публикацию в Instagram
Յանա. Թվում է՝ «Կիսաբաց լուսամուտներ»-ն է, ու բողոքում եմ քեզնից, կյանքս, բայց չէ։ Գրիգն անընդհատ զայրանում է ինձ վրա, երբ ամեն փոքր վիդեոյին լուրջ եմ վերաբերվում, բայց այդպես էլ պիտի լինի։ Երբեմն պարզապես տեսանյութեր ենք նկարում, որ էջի ակտիվությունը չընկնի, բայց ցավալի է, որ սովորաբար դրանք են շատ դիտումներ հավաքում, ոչ թե նրանք, որոնց վրա տանջվում ենք, տեքստ գրում, հարմար անկյուն ընտրում, լույսեր տեղադրում:
- Դուք երիտասարդ ընտանիք եք, որը հիփոթեքով բնակարան է ձեռք բերել, ո՞նց եք կարողանում մարել վարկը։
Յանա. Ոչ մի ձեւ (ծիծաղում ենք,-հեղ.)։ Դե, դժվարությամբ։
Գրիգոր. Մարդկանց պետք է ճիշտն ասել, որ երիտասարդները կարդան ու իմանան: Իհարկե, շատ դժվար է, թատրոնում աշխատելուց բացի, պետք է նկարահանվես, այլ գործ էլ անես։ Ես, օրինակ, նաեւ շոուի կառավարիչ եմ. գիժ մասնագիտություն է, որը 5 տարի առաջ եմ բացահայտել։ Մի ռուս շոումեն եկավ ու նրան մասնագետ էր պետք, որը ցանկացած իրավիճակի պատրաստ կլինի ու կվերահսկի։ Ամեն տարի աշխատում եմ ու այն ինձ այլ էներգիա է տալիս, ակտիվանում եմ։ Յանան էլ աշխատանքին զուգահեռ երգում է։
- Ի՞նչն է ընտանիքի երջանկության գլխավոր պայմաններից մեկը։
Գրիգոր. Իրար հասկանալը։
Յանա. Իրար հետ միշտ խոսելը. եթե անգամ փոքրիկ առօրյա խնդիր կա, ու իրար չեք հասկանում, պիտի պահ գտնեք, խոսեք ու ամեն ինչ պարզաբանեք:
- Իսկ ի՞նչ է սերը ձեզ համար։
Յանա. Դու ես ու մեկ էլ Թեոն:
Գրիգոր. Սերը հանգստություն է։
- Իրար կարճ ու դիպուկ մի քանի բառով ինչպե՞ս կնկարագրեք։
Յանա. Հումորով, տաղանդավոր, մեկ-մեկ՝ նյարդային։
Գրիգոր. Դիպուկ, գեղեցիկ, հրաշք, մեկ-մեկ՝ ջղային։
Յանա. Արդեն կռիվ է դառնում, Գրիգոր։
- Բնավորության գծեր, որ սիրում եք միմյանց մեջ եւ մի քիչ նյարդայնացնում են ձեզ։
Յանա. Առաջինը, որ մտքիս եկավ, չգիտես՝ ինչու, այն է, որ երբեմն Գրիգը խլանում է։ Կարող ես խոսել հետը, բայց մտքերով ուրիշ տեղ լինի կամ հեռախոսի մեջ, ու քեզ չլսի։ Դա շատ է զայրացնում։ Դե, շատ հոգատար է, ուշադիր է իմ, մեր շրջապատի մարդկանց հանդեպ։ Դա շատ բան է խոսում մարդու մասին. եթե միայն քո վրա է կենտրոնացած լինում, նորմալ չէ։
Գրիգոր. Նյարդայնացնում է, որ իր հետ ինչ-որ բան եմ խոսում, ու հետս չի համաձայնում։
Յանա. Ի՞նչ, չհասկացա։
Գրիգոր. Որ քեզ ինչ-որ բան եմ ասում, ու դու ինձ չես հասկանում (ծիծաղում ենք,-հեղ.)։
Յանա. Տղա ջան, չեմ հասկանում, նորից ասա՝ հասկանամ։ Իմ խոսքը շատ քաոսային է, դուք էլ կնկատեք, բայց փորձում եմ միտքս տեղ հասցնել։
Գրիգոր. Բայց նաեւ սիրում եմ, որ միանգամից հասկանում է ու չի թողնում միտքս մինչեւ վերջ ասել։
- Պատկերացրեք՝ այստեղ չեմ, իրար ի՞նչ կխոստովանեք։
Յանա. Սոված եմ (ծիծաղում ենք,-հեղ.)։
Գրիգոր. Ես քեզ շատ եմ սիրում։
Յանա. Ես էլ եմ քեզ շատ սիրում: Ապրես, որ այսպիսին ես:
Գրիգոր. Արի այս ամիս հիփոթեքը երկուսով փակենք էլի (ծիծաղում ենք,-հեղ.)։
Յանա. Միշտ էլ իրար հետ ենք էլի փակում։
«Շատ կուզեմ՝ գուլպաները հայտնվեն իրենց տեղում»
Յանա. Շատ կուզեմ, որ իր գուլպաները հայտնվեն այնտեղ, որտեղ պետք է լինեն, ինչը կանանց մեծամասնության համար խնդիր է (ծիծաղում ենք,-հեղ.)։ Նաեւ շատ եմ ուզում, որ էլ չուշանա: Լավ կողմն էլ ասեմ՝ ինձ համար կարեւոր է, որ ցանկացած իրավիճակում կողքիս է:
«Նրա շնորհիվ կյանքս դեպի լավն է փոխվել»
Գրիգոր. Շնորհակալ եմ, որ ինչ-որ ժամանակ փրկել է ինձ շատ վատ իրավիճակից, ու դրանից հետո իմ կյանքը փոխվել է դեպի լավը։ Այդ ամենն իր շնորհիվ է եղել:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
1,801







