×


«Զատիկներն ինձ սիրում են». բացահայտում ենք դերասանուհի եւ երգչուհի Քրիստինա Սիմոնյանին

Աշտարակի դրամատիկական եւ «Բեբուկ» տիկնիկային թատրոնների դերասանուհի եւ երգչուհի Քրիստինա Սիմոնյանը գեղեցիկ ձայն ու տարբերվող դերասանական ձեռագիր ունի: Հենց նա էլ BRAVO.am-ի «Բացահայտում» շարքի նոր հերոսուհին է:

- Արվեստի երեք գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը», Յուկիո Միսիմայի «Ոսկե տաճարը», Ֆրանսուա Տրյուֆոյի «400 հարված» ֆիլմը։

- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին։

- Ինձ զատիկները սիրում են։ Վերջին կես տարին՝ շաբաթը մեկ-երկու անգամ, նստում են ձեռքիս։ Երեւի հաջողության նշան է (ժպտում է,-հեղ.):

- Դերասանի մասնագիտությունն ընտրելու կարեւոր շարժառիթները:

- Գիտեմ, որ եթե չընտրեի արվեստը, ընտրելու էի սպորտը։ Հիմա շատերն ինձ հետ չեն համաձայնի, բայց արվեստը սպորտ է, ու հակառակը։ Ինձ դուր է գալիս անվերջ «տանջվել», մարզել մարմինն ու միտքը, կատարելագործվել, փորփրել կերպարն ու պեղել նորը։ Չգիտեմ՝ երբ է գալու Օլիմպիական իմ ոսկին վերցնելու պահը, բայց ես ամեն օր պատրաստվում եմ դրան։

- Ի՞նչ է փոխանցում այս մասնագիտությունը, որ ուրիշ ոչ մի տեղից հնարավոր չէ ստանալ:

- Հնարավորություն է տալիս լսելի լինել՝ ունենալ այն փոքրիկ, միայն քեզ պատկանող ժամանակահատվածը, երբ բեմի վրա ես ու լիովին իրավասու ես լսվելու։ Անփոխարինելի ազատության զգացում է։


- Դուք նաեւ երգում եք, կհիշեք առաջին անգամ բեմ դուրս գալու հետ կապված ապրումները:

- Առաջին գիտակցված ելույթս 9 տարեկանում էր. երգում էի Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Արտույտը»։ Ջրծաղիկի վերջին շրջանում էի. մայրիկս ինձ «փաթաթել» էր, ծածկել ոտքից գլուխ։ Ինձ այնքան տգեղ էի զգում. 9 տարեկանի ցավիկը, մտածմունքները եւ հույզերը այդ երգի մեջ տեղավորեցի: Լացում էի ու երգում։ Ասում են՝ հրաշալի կատարում էր (ծիծաղում է,-հեղ.):

- Ի՞նչպես եք երգի միջոցով արտահայտում զգացմունքներն ու երկխոսության մեջ մտնում աշխարհի հետ:

- Փորձում եմ չերգել, այլ կատարել ու «խոսել»։ Ինքնըստինքյան արդեն դիպչում է մարդկանց սրտին։



- Երեք պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնն այդքան հարազատ Ձեզ:

- Պատճառներ շատ կան, բայց կարեւորն այն է, որ ես իմ մասնագիտությունն անսահման շատ եմ սիրում: Այնպես որ, սերը, մտքի թռիչքի անսահմանությունը եւ մարդիկ՝ իմ մարդիկ։

- Ձեր երեք ամենասիրելի դերերը:

- Առաջինը Գոռ Մարգարյանի «Թոքեր»-ն են։ Հավատացնում եմ՝ բոլոր նրանք, ովքեր խաղացել են այս ներկայացման մեջ, կպնդեն, որ դա իրենց ամենասիրելի դերն է։ Մյուսը կուրսեցուս ավարտական աշխատանքն էր՝ Օլգայի դերը «Ֆանտոմային ցավեր»-ում: Դեռ ավելի բարդ դեր ինձ չի հանդիպել, բայց շատ լավ էինք աշխատել։ Իսկ մյուս ամենասիրելին այն բոլոր դերերն են, որոնցում երգում եմ՝ լինի ներկայացման երաժշտություն, թե երգ։ 

- Ստեղծագործելու ամենահաճելի ու դժվար կողմերը:

- Դժվարը՝ բոլորս էլ երբեմն բախվում ենք ստեղծագործական ճգնաժամի: Անխուսափելի է։ Իսկ ամենահաճելին՝ դու ընդունում ես քեզ այդ ճգնաժամում եւ այն օգտագործում որպես «գործիք»։ 

- Երեք ռեժիսոր, որոնք ամենաշատն են ոգեշնչել:

- Առաջինն իմ կուրսղեկն է՝ թատրոնի ռեժիսոր Գոռ Մարգարյանը։ Միշտ հիացած եմ նրանով։ Իսկ մյուս երկուսը՝ Հայաո Միյաձակին ու Ուես Անդերսոնը։ 


- Երեք թատրոն, որ գերել են Ձեզ:

- Գրանդ օպերան, Արիան Մնուշկինայի «Le Théâtre du Soleil»-ն, իմ Աշտարակի դրամատիկական թատրոնը ու իմ «Bebook» տիկնիկային թատրոնը գերել են, գերվել եմ (ծիծաղում է,-հեղ.): 

- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ կողմը:

- Միանշանակ՝ արարելու հնարավորությունը։ Ծնունդ է. ամեն ստեղծագործություն, դեր, երգ փոքրիկ երեխա է։ Հրաշք, մի խոսքով (ժպտում է,-հեղ.):

- Արտիստներ, որոնց կցանկանաք մարմնավորել նրանց կենսագրական ֆիլմերում:

- Երեւի Անուկ Էմեին, Օդրի Հեփբըրնին եւ երգչուհի Մարիա Կալասին։ 

- Ձեր սիրելի դերասանների որակները, որոնք կուզեիք Դուք էլ ունենալ:

- Ոսկերչական աշխատանք կերպարի շուրջ եւ համարձակություն լինել ծայրահեղ ուրիշ՝ ահա ինչին եմ ձգտում։ Մերիլ Սթրիփը եւ Թիլդա Սուինթոնը լավագույններից են այս հարցում։

- Ձեր սերնդի հայ ու համաշխարհային լավ դերասանները:

-Զենդեյա, Ֆլորենս Փյու, Բարրի Քեոգան, Ջեյքոբ Էլորդի ու շարունակելի։ Իսկ եթե հայ, ուրեմն միանշանակ՝ Տաթեւ Հովակիմյանը: Շատ եմ սիրում։


- Մոլորակի վրա ամենալավ տեղը:

-Այնտեղ, որտեղ քեզ սիրում են ու սպասում։

- Երկու երգ՝ տխրելու եւ ուրախանալու համար:

- Դժվար է ընտրել։ Նշեմ նրանք, որոնք կոնկրետ հիմա եմ լսում։ Տխրելու՝  Fairouz-ի «Le Beirut»-ը, ուրախանալու՝  Maalouf-ի «The Smile of Rita»-ն։ Ե՛վ տխրելու, ե՛ւ ուրախանալու՝ Նարեկ Կոսմոսի «Մամ»-ը։

- Ովքե՞ր են Ձեզ օգնում ավելի լավը դառնալ: 

- Ընկերներս, իմ փոքրիկ հանդիսատեսը՝ երեխաները, եւ իմ հավատը։

- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:

- Ուզում եմ հեծանիվ քշել սովորել. մեծ բացթողում է ինձ համար: Եվ բլուլ նվագել:

- Երեւանում Ձեզ համար ամենագողտրիկ եւ սիրելի երեք վայրերը:

- Գաղտնի աստիճաններ ունեմ Պուշկինի վրա, դեպի Մատենադարան տանող աստիճանները եւ թանգարանը շրջապատող տարածքը, Հրապարակի երգող շատրվանները: Հիմա գիտեք՝ ինձ կորցնելուց որտեղ փնտրեք։ 

- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել ու նաեւ ձեռք բերել:

- Անհամբեր եմ եւ տագնապային, ինչն ինձ շատ է խանգարում։ Խնդիրներին երբեմն թեթեւ նայելն անհրաժեշտ ձեռքբերում կլինի։ 


- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած երեք մարդիկ:

- Ակնթարթներ նշեմ, որ շատ են տպավորվել. մտերիմ ընկերուհիս ինձ հայտնում է երբեւէ ամենասիրուն նորությունը, վերոնշյալ Նարեկը իմ աչքի առջեւ արարում է անբացատրելի սիրունության երաժշտություն, Փարիզի փոքրիկ խոհանոցում մի սիրուն զույգ միասին հաց է թխում։

- Իսկ հավանած երեք գրքե՞րը:

- Օրհան Փամուքի «Ձյունը», Միսիմայի «Նավաստին, որը կորցրեց ծովի բարեհաճությունը», Միլորդ Պավիչի «Գրենական պիտույքների արկղ»-ը: Վերջին երկուսը, ցավոք, հայերեն դեռ չեն թարգմանվել: 

- Ֆիլմերը:

- Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ»-ը, Քրիստոֆեր Բորգլիի «Դրամա»-ն եւ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական»-ը։ 

- Սերիալները։

- «Սեքսը մեծ քաղաքում», Netflix-ի «100 տարվա մենություն»-ը, «Ամերիկյան սիրո պատմություն»-ը։


- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Ոզնի՝ արտաքուստ փշերով, բայց ներքուստ ծաղիկներ ու խնձորներ է սիրում։ 

- Ինչի՞ց եք հրաժարվել այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Կպչուն մտքերից։ 

- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել վերջին շրջանում:

- Անսպասելի երազանքս կատարվեց՝ Էտրետան ու Լա-Մանշը իմ աչքերով տեսա։ Գեղեցկությունից հոնգուր-հոնգուր լաց էի լինում։  

- Ձեր ամենատարբերվող նկարը հենց Ձեզ համար:

- Իմ ամենասիրած նկարն է։ Նախ նկարում մայրիկս է, էլ ոնց չլինի ամենասիրածը։ Եվ փոքրիկը՝ ուրախ ու լուսավոր, եւ ուզում եմ միշտ այդպիսինն էլ լինի։


- Իսկ վերջին կադրը, որ արել եք ձեր հեռախոսով ու դեմ չէիք լինի կիսվել մեր ընթերցողների հետ: 

- Սեւանի լազուրն է։ 


- Հենց հիմա ի՞նչ է Ձեզ պակասում:

- Ուզում էի մտածել, բայց չէ.. ամեն ինչ իր տեղում է, իսկ ինչը չկա, կլինի իր ժամանակին։

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Սիրելու ունակության, սիրելի մարդկանց, ձայնիս ու կյանքիս համար շնորհակալ եմ Աստծուց։ 

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Չեմ վախեցել, պարզապես ուժերիս վստահ չեմ եղել՝ ուզում եմ Խուստուփը  բարձրանալ ու «Դրդոն» երգել քթիս տակ: Կանեմ (ժպտում է,-հեղ.):

- Ի՞նչն է Ձեզ օգնում հասկանալ, որ ողջ եք, որ կաք:

- Արեւածագը։ 

- Ի՞նչ է պետք հասցնել անել մինչեւ տարեվերջ:

- Գնալ ուխտագնացության: 

- Ինչի՞ բույրն առնել:

- Յասամանի։

- Ի՞նչ շոշափել:

- Ջուրը։


- Ի՞նչ զգալ:

- Գրկելը։ 

- Ի՞նչ դիտել:

- Օվկիանոսը։

- Ի՞նչ լսել:

- Այն, ինչ քեզ է գրվել։ 

- Ի՞նչ սովորել:

- Լռել։

- Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեզ 10 տարեկանում:

- Ինչ լավ է, որ խենթ ես, չփոխվես։ 

-  Իսկ 80 տարեկանում ի՞նչ կասեք:

- Ինչ լավ է, որ խենթ էիր։

- Ի՞նչ կա 2026-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչ եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Անպայման է անպայմաններ չունենալը, եւ ամեն օր աստիճան բարձրանալ՝ կամաց-կամաց, վայելելով վերելքը։ Վերջապես եկել եմ այս մտքին՝ այս տարվա ձեռքբերումս է։ 

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Քրիստինա Սիմոնյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW