Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Արուսիկ Մկրտչյանի եւ Հովհաննես Ամիրյանի ընտանիքը շուտով կհամալրվի: Դիջեյ Վակցինան սպասում է չորրորդ երեխային:
Այսօր նա Ինստագրամի իր էջում ծավալուն հրապարակում է արել՝ պատմելով, թե ինչպես են իրեն 15 տարի առաջ անպտղություն ախտորոշել, եւ ինչպես է հաղթահարել իր կյանքի այդ ծանր փուլը:
«2010-2011 թվականներ, իրար հետ կապված երեք ախտորոշում, որոնցից ամենադաժանն անպտղությունն է։ Ծանր հոգեվիճակում եմ, բայց չեմ ցույց տալիս, փոխարենը նվագում եմ տարբեր բեմերում, նկարահանվում տարբեր նախագծերում։ Մարդիկ չգիտեն՝ ինչքան ծանր շրջան է ինձ համար: Բժշկուհիս, տեսնելով անալիզների եւ սոնոգրաֆիայի պատասխանը, հնչեցրեց հետեւյալ կարծիքը. «Այս տվյալներով՝ ձվարաններն իրենց գործառույթը չեն կատարում, էստրոգենների քանակը գրեթե զրո է, երեխա ունենալն՝ անհնար։ Սա 5 տարի «Դիանե-35» ընդունելու արդյունքն է։ Արի, մի հուսահատվիր, փորձիր 2 տարվա ընթացքում օրգանիզմդ առավելագույնս վերականգնել, առողջ ապրելակերպ վարել: Փորձիր մոռանալ, որ առողջական խնդիր ունես՝ մտքիցդ հանիր, որ չես կարող երեխա ունենալ։ Եթե 2 տարում ֆունկցիան չվերականգնվի եւ հղիություն չլինի, ախտորոշումը կհամարվի վերջնական»»,- շատ անձնական պատմությամբ կիսվել է Մկրտչյանը:
View this post on Instagram
Ու նա իսկապես սկսել է առողջ ապրելակերպ վարել, տարատեսակ բուժական մերսումների եւ շնչառական թերապիաների գնալ, մարզվել եւ իրենից վանել վատ մտքերը: Զուգահեռ հասկանում էր, որ պետք է ապրի ամեն օրով ու շարունակի ակտիվ հասարակական, բարեգործական գործունեություն ծավալել, հատկապես՝ արյան դոնորության ակցիաներ կազմակերպել. «Ինքս 4 անգամ արյան դոնոր դարձա: Կարծում եմ՝ դա նույնպես ինչ-որ կերպ նպաստեց օրգանիզմիս «ռեստարտին»: Փորձեր էի կատարում հղիանալու՝ որոշել էի, որ հաղթելու եմ ախտորոշմանը եւ հասնելու եմ ցանկալի հղիությանը։ Սպասման 2-րդ տարում՝ բժշկուհու ասած «վերջնաժամկետ»-ի մոտ՝ մի քանի օր ուշացում: Հիշում եմ առաջին արձագանքս՝ շոկ, տագնապ, վախ, կասկածներ՝ արդյոք առողջ բալիկ կլինի»:
Ինչից հետո զանգահարել է բժշկին, որն էլ երաշխավորել է՝ փոքրիկն առողջ է լինելու: Հետազոտությունը եւս լավ է անցել, բայց այդ ճանապարհը նա պետք է միայնակ անցներ:
«Երեխայի հայրիկի հետ պայմանավորվածություն կար, որ նա կապ չի ունենալու ոչ իմ, ոչ էլ երեխայի հետ։ Լրիվ մենակ էի։ Սկզբի շրջանում անգամ ծնողներիս չէի կարող ասել, քանի որ վախենում էի՝ չհասկանան: Ժամանակն անցնում էր, փորիկը՝ մեծանում։ Որոշեցի հաղթահարել բոլոր վախերը եւ հարցազրույց տալ Bravo.am-ին: Մինչեւ օրս հիշում եմ՝ լրագրողն ինչ նրբանկատորեն մոտեցավ: Անսահման շնորհակալ եմ նման մոտեցման համար։ Այդ հարցազրույցից հետո եղան բազմաթիվ քննարկումներ, ի զարմանս ինձ՝ շատերն աջակցեցին եւ ուրախացան, այդ թվում՝ ծնողներս»,- պատմել է Արուսիկ Մկրտչյանը:
Նա նշել է, որ ամբողջ հղիության ընթացքում աշխատել է՝ շարունակելով բարեգործական ակցիաները եւ սոցիալական նախագծերը. «Հաղթահարեցի ֆիզիկական եւ հոգեբանական աննկարագրելի բարդությունները։ Արդյունքում՝ 33-րդ շաբաթում՝ հերթական աշխատանքային օրը, պտղաջրերը գնացին, ու ստիպված տաքսիով գնացի հիվանդանոց: Ծնվեց Վիկն՝ առողջ ու ուժեղ»։
Արուսիկ Մկրտչյանը նշել է, որ առաջիկայում կշարունակի իր կյանքի պատմություններով կիսվել հետեւորդների հետ:
Նրա հետ 2013 թվականին BRAVO.am-ի իրականացրած հարցազրույցը կարդացեք այստեղ:


×
3,406






