Հայ կինոյի օրը տեղի ունեցավ Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որը երկու տարին մեկ ամփոփում է կինոաշխարհի արդյունքները եւ որոշում լավագույններին։ Ավանդական կարմիր գորգով անցնելուց եւ միմյանց հետ կուլիսային զրույցներից հետո հյուրերը տեղափոխվեցին դահլիճ։
Առաջին մրցանակը հատուկ էր՝ ազգային կինոարտադրության զարգացման գործում նշանակալի ավանդի համար, եւ այն տրվեց կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր եւ նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանին։
2024-2025 թվականներին արտադրված ֆիլմերից 12 անվանակարգում ամենաշատն առաջադրված էին «Մեդալի հակառակ կողմը», «Վազգեն. վերջին սպարապետը» եւ «Արտոյի երկիրը» ֆիլմերը։
Չորս մրցանակ ստացավ Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիր» ֆիլմը՝ հաղթելով «Լավագույն սցենար», «Կնոջ լավագույն դերակատարում», «Լավագույն ռեժիսորական աշխատանք» եւ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգերում:
«Արտոյի երկիրը» ռեժիսորի առաջին խաղարկային կինոնկարն է: Ստեփանյանի խոսքով՝ սցենարը գրվել է շուրջ տասը տարի, եւ իր նախաձեռնությամբ՝ ֆրանսիացի սցենարիստը այն ժամանակ շրջել է Հայաստանում եւ Արցախում, ծանոթացել մեր մշակույթի հետ։ Մրցանակ ստանալիս Ստեփանյանը բեմում նշեց, որ ծնվել է արվեստագետների ընտանիքում. նա թավջութակահար Նարինե Հարությունյանի եւ դերասան Վիգեն Ստեփանյանի դուստրն է, իսկ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը նրա մորեղբայրն է։ Ռեժիսորն առաջին անգամ չէ, որ ստանում է «Անահիտ» մրցանակը. երկու տարի առաջ նրա «Կանանց գյուղը» ֆիլմը հաղթել էր «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:
Ներկաների համար, թերեւս, անսպասելին «Կնոջ լավագույն դերակատարում» անվակարգում «Արտոյի երկիրը» ֆիլմի ֆրանսիացի դերասանուհի Կամիլ Կոտենի հաղթանակն էր: Այս անվանակարգում առաջադրված էին նաեւ «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում Գրետա մայրիկի դերակատար Մարջան Ավետիսյանը եւ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերակատար Աննա Հարությունյանը:
«Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում ներկայացված էին Շանթ Հովհաննիսյանը («Արտոյի երկիրը»), Արտաշես Ալեքսանյանը («Մեդալի հակառակ կողմը») եւ Խորեն Լեւոնյանը («Վազգեն. վերջին սպարապետը»)։ Մրցանակը հանձնեց Նազենի Հովհաննիսյանը, որը ծրարը բացելիս ժպիտով նշեց․«Իմ բախտն ինձ հետ է։ Լավագույն դերակատարն է Խորեն Լեւոնյանը։ Բոլոր նրանք, ովքեր այսօր չստացան մրցանակ, հիշեք, որ դուք, միեւնույն է, ձեր լավ գործով ունեք տեղ մեր սրտում եւ մեր կինոյի պատմության մեջ»։
Դերասան Խորեն Լեւոնյանն առաջին անգամ էր մասնակցում «Անահիտ» մրցանակաբաշխությանը: Մրցանակը ստանալիս նա նշեց, որ հայկական կինոյին մաղթում է կայունություն, եւ ասելիքը եզրափակեց Վազգեն Սարգսյանի հանրահայտ խոսքերով. «Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից»։
«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում կատարած աշխատանքի համար Արմեն Ղազարյանը ստացավ «Լավագույն նկարչական ձեւավորում» մրցանակը։ «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում հաղթեց Սուրեն Թադեւոսյանը՝ կրկին «Մեդալի հակառակ կողմը» սպորտային դրամայի համար։
«Լավագույն երաժշտություն» անվանակարգում մրցանակի արժանացավ Արմեն Մարտիրոսյանը՝ «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի համար։ «Լավագույն վավերագրական ֆիլմը» «Վերապրել Շեքսպիրինն» է, որի ռեժիսորներն են Իննա Սահակյանն ու Ռուբեն Ղազարյանը։
«Լավագույն մոնտաժ» անվանակարգի արձանիկը Յաննիկ Լերոյի եւ Մերի Աղախանյանի «Բնակիչները» ֆիլմինն է: «Լավագույն հնչյունային ձեւավորում» անվանակարգում մրցանակը տրվեց «Բախտի տերը» ֆիլմին, որի շուրջ աշխատել են Արման Ավետիսյանը, Տիգրան Կուզիկյանն ու Հարութ Քոթանջյանը։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
3,786






