Անվանի ջազմեն, կոմպոզիտոր եւ դաշնակահար Գարի Քյոսայանն այսօր տոնում է 79-ամյակը: Օրեր առաջ էլ Արամ Խաչատրյանի անվան մեծ դահլիճում համերգով նշանավորվեց նրա բեմական գործունեության 60-ամյակը:
Մեկ բեմում Քյոսայանի հետ համախմբվել էին ամերիկյան ջազի վարպետները՝ ջազ-վոկալիստ Էլեն Ստեպտերը, շեփորահար եւ վոկալիստ Ջոնի Բրիթը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենթը եւ հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։ Ելույթ է ունեցել նաեւ մաեստրոյի կինը՝ դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը։
Գարի Քյոսայանի հետ նրանք ներկայացրին հագեցած եւ բազմաշերտ ծրագիր, որը միավորեց ջազային երաժշտության տարբեր դարաշրջաններ եւ ոճեր։ Հնչեցին ինչպես հանրահայտ ջազ եւ բլյուզ ստեղծագործություններ, որոնք դարձել են ժանրի դասականներ, այնպես էլ կոմպոզիտորի հեղինակային գործերը։
Երեկոյին հատուկ հուզական խորություն հաղորդեցին մաեստրոյի խոսքերը, որոնցում արտացոլվեց նրա ստեղծագործական փիլիսոփայությունն ու վերաբերմունքը հանդիսատեսի նկատմամբ. «Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո եւ փոխըմբռնման մասին է։ Ես անսահման երախտապարտ եմ իմ հանդիսատեսին, որը ոգեշնչում է ինձ իր բարությամբ եւ էներգիայով»:


×
1,409






