×


«Պապիկս՝ Աշոտ Ղազարյանը, ահավոր նեղվում է, երբ իմ մասին վատ բաներ են գրում»․ Անահիտ Ադամյան

«Շատ եմ ուզում հայերեն երգեր ունենալ։ Վերջերս մի երգ էի թողարկել` «Քո աչքերը», որի միայն կրկներգն է հայերեն։ Ինձ շատ է դուր եկել, մարդիկ էլ սիրել են հատկապես հայերեն հատվածը»,- BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է երգչուհի Անահիտ Ադամյանը։ 

Նրա խոսքով՝ այս շրջանում փորձում է ամեն ամիս նոր երգ թողարկել, բայց քանի որ առայժմ ռուսական «Soyuz Music» լեյբլի անդամ է, մեծ մասամբ դրանք ռուսերեն են: Այժմ հնարավորություն ունի զբաղվել իր սիրելի գործով, ճանաչում ձեռք բերել եւ հետո շարունակել ստեղծագործել ու հանդես գալ այնպես, ինչպես ինքն է նախընտրում։ Ասում է՝ հայկական եւ ռուսական լսարանները շատ տարբեր են, բայց երկուսն էլ հետաքրքրվում են իր նոր երգերով, լսում եւ մեկնաբանում։


Անահիտին սկսեցին ճանաչել եղբոր՝ Բորիս Ադամյանի հետ զուգերգերի շնորհիվ: Ամիսներ առաջ էլ նա հանդես է եկել Հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» նախագծում: Երգչուհին անկեղծորեն նշում է, որ հայտնիությունը նաեւ պապիկի՝ Աշոտ Ղազարյանի համբավի շնորհիվ է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ANAHIT (@anahitadamian)

«Իհարկե, մեծ պատասխանատվություն եմ զգում իր առջեւ, որովհետեւ եթե հանկարծ մի սխալ բան անեմ, հաստատ չեն ասի՝ Անահիտ Ադամյանը, կասեն՝ Աշոտ Ղազարյանի թոռնուհին, դրա համար շատ ուշադիր եմ իմ ամեն քայլին։ Պապիկս էլ իրականում ամեն ինչ սրտին շատ մոտ է ընդունում ու ահավոր նեղվում է, երբ ինձ վատ բաներ են գրում կամ իմ մասին վատ բաներ են խոսում։ Նա ինձ իրականում շատ է օգնել՝ թեկուզ ուղղակի աջակցելով։ Եղել է, որ ասի. «Այսինչ քասթինգն է անցկացվում, գնա, մասնակցիր»։ Նրա հոգատարությունը շատ եմ կարեւորում»,- խոստովանել է Անահիտը։


Ինչ վերաբերում է համերգային գործունեությանը, երգչուհին նշել է՝ չի կարող հստակ ասել, թե երբ կլինեն ելույթները։ Չի սիրում մեծ սպասելիքներ ունենալ ժամանակից շուտ: Վստահ է՝ ամեն ինչ լինում է ճիշտ պահին, այնպես որ, պետք չէ շտապել կամ վախենալ, թե չի գա այդ օրը․ «Դրա համար ես ուղղակի համբերատար անում եմ իմ գործը եւ սպասում եմ հրաշքի։ Սիրտս ու հոգիս հանգիստ են, որ իմ սիրելի գործով եմ զբաղվում»։

Համերգների առումով շատ մեծ փորձ է եղել «Երկու աստղ» նախագիծը։ Ադամյանը պատմել է, որ սկզբում ամաչել է, բարդույթներ է ունեցել, որոնք հաղթահարել է. «Ճիշտն ասած՝ «Երկու աստղ»-ից շատ տպավորված եմ։ Ուրախ էր ընթացքը: Երբ նախագիծն ավարտվեց, բոլորս շատ էինք տխրել, որովհետեւ լավ փորձ էր մեզ համար, նաեւ միմյանց նորովի բացահայտեցինք, ընկերացանք։ Ես լիքը լավ բաներ եմ քաղել այդ նախագծից»։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ երգչուհու ինստագրամյան էջից եւ BRAVO.am-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW